Բուհ-շրջանավարտ ակտիվ կապով

Ուսանողների հետ տարվող աշխատանքների դեպարտամենտի նախաձեռնությամբ Շուշիի տեխնոլոգիական համալսարանում նոյեմբերի 17-ին հյուրընկալել են բուհի նախկին շրջանավարտներին:

Հանդիպման նպատակն էր քննարկել համալսարանական կրթության ընթացքում ստացած գիտելիքների, աշխատանքային գործունեությանը, դրանց կիրառության և հանդիպող խոչնդոտներին վերաբերող մի շարք հարցեր. «Օրը համընկել է ուսանողների միջազգային օրվան, ինչի կապակցությամբ ձեզ նույնպես շնորհավորում ենք: Հանդիպումից ակնկալում ենք ակտիվ քննարկում՝ բուհում ստացած գիտելիքների և հմտությունների, ինչպես նաև դրանց կիրառությունը աշխատանքում, քանի որ բարձրագույն կրթության արդյունավետության գնահատման չափանիշներից մեկը հենց շրջանավարտների  ձեռքբերումներն են»,-նշել է կարիերայի և շարունակական կրթության կենտրոնի ղեկավար Շահինե Առաքելյանը:

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի տարբեր մասնագիտությունների շրջանավարտներ խոսել են մասնագիտական հաջողությունների, մասնագիտական առանձնահատկությունների և խնդիրների մասին: Նրանք միակարծիք են՝ համալսարանական կրթությունն արդյունավետ է փորձուսուցմամբ, ինչը հետագայում մեծ ազդեցություն է ունենում հետագա գործունեության ընթացքում:

Քննարկումներից հետո ձևավորվել է շրջանավարտների 15 հոգանոց խորհուրդ՝ բուհ-շրջանավարտ հետադարձ կապն ամրապնդելու նպատակով: Այնուհետև լրացվել են հարցաթերթիկներ, որոնք կարևոր են սպասվող բարեփոխումների համար:

Հանդիպմանը մասնակցում էին նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը, նույն հանձնաժողովի անդամ էլեոնորա Ավանեսյանը և պրոռեկտոր Պավլիկ Գասպարյանը:

ՇՏՀ լրատվական բաժին