Հիշենք ու մեծարենք Արցախյան պատերազմում նահատակված ՇՏՀ-ի ուսանողներին

Արկադի Արսենի Հախումյան

Ծնվել է 2000թ. ապրիլի 13-ին, Ստեփանակերտ քաղաքում:

2018թ. ավարտել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ՄՄԿ համակարգի «Հողաշինարարություն» բաժինը:

Պարտադիր ժամկետային զինծառայության ընթացքում արժանացել է պատվոգրերի և շնորհակալագրերի:

Ընդամենը  երկու ամիս էր, ինչ ավարտել էր զինծառայությունը, երբ սկսվեց 2020թ. չարաբաստիկ պատերազմը: Որպես կամավոր մեկնել է հայրենիքը պաշտպանելու, տալով իր ամենաթանկը` կյանքը: Արկադին զոհվել է հարազատ եղբոր` Էրիկ Հախումյանի հետ, որը ժամկետային զինծառայող էր. «Երկու  եղբայր գերազանց տիրապետում էին մեքենաների վերանորոգման արհեստին: Հենց  իրենք էին վերանորոգում պատերազմի ընթացքում անսարք մեքենաները: Նրանց շնորհիվ  քանիցս շտապ օգնության մեքենաները կարողանում էին փրկել  վիրավոր տղաների կյանքերը»,- այս մասին նշել է նրա կինը՝ Միլենա Գրիգորյանը:

Արկադին Միլենայի աչքերով բարդ բնավորությամբ մարդ էր, համառ, բայց միևնույն ժամանակ շատ կատակասեր ու ժպտերես: Արկադին և Միլենան ամուսնացել էին պատերազմից երկու ամիս առաջ. «Մենք 2 տարի ընկերություն ենք արել: Արկադին ծառայության մեջ էր, շատ դժվար էր հեռու մնալ այն մարդուց, ում կյանքիցդ առավել ես սիրում: Ծնողներս դեմ էին մեր շփմանը  բայց…»,- ասել է Միլենան:

«Հուլիսի 9-ն էր, վերջապես մեր այդքան սպասված օրը եկավ: Ամուր գրկեց ինձ  ու ասաց, որ շնորհակալ է 2 տարի իրեն սպասելու համար: Դա իմ կյանքի ամենաերջանիկ օրն էր»,-կարոտով վերհիշում է Արկադիի կինը: Բազում խոչընդոտներ հաղթահարելուց հետո  օգոստոս ամսին  Արկադին  և Միլենան միասին էին. «Ծնողներս չէին խոսում  հետս, բայց տեսնելով, որ ես իրոք երջանիկ եմ, հաշտվեցին մեզ հետ: Արկադիս գիտեր, որ իմ երազանքներից մեկը բժիշկ դառնալն է՝ չուզեց, որ իմ ուսումը կիսատ մնա: Ամեն ինչ թողեց ու միասին գնացինք  Երևան: Խոստացավ, որ եթե քննություններս հաջող հանձնեմ, հարսանիք կանենք: Նույնիսկ գնել էինք իմ հարսանյաց զգեստը…..»,-ասում է Միլենան:

Պատերազմի լուրը ստանալուն պես  Արկադին մեկ վայրկյան  անգամ չվարանեց  կամավորագրվելու հայրենիքի պաշտպանությանը. «Ես չէի ուզում, ուր  նա գնար, լացում էի անընդհատ: Բայց ինքը չլսեց ինձ, ասում էր` ես ուզում եմ իմ երեխան Ստեփանակերտում ծնվի.  ես  ինչ տղամարդ պիտի լինեմ, եթե իմ հողը, իմ կնոջն  ու իմ մորը  չկարողանամ պաշտպանել…»,- սրտի կսկիծով պատմում է հերոսի կինը:

Արկադին սիրելիի հետ վերջին անգամ  խոսել է նոյեմբերի 5-ին. «Տրամադրությունը նորմալ էր: Վերջին խոսակցությունն  այն է եղել, որ ասացի` խոստացիր, որ  հետ  ես գալու, ինք էլ խոստացավ,  ասացի` հավատում եմ քեզ, ես 2 տարի սպասել եմ, մի քանի օր էլ կսպասեմ», —  նշում է Արկադիի կինը:

Միլենան մինչև վերջին  վարկյանն հույս ուներ, որ Արկադին  վերադառնալու է, «Ես ոչ մի վարկյան  չեմ կասկածել, որ ինքը կարող է  հետ չգա, նույնիսկ, մտքովս չէր անցնում: Բայց Արկադին զգում էր կարծես: Վերջին օրերին  ավելի շատ էր զանգում, ասում էր, որ հնարավոր է, սա մեր վերջին խոսակցությունը լինի», — եզրափակեց  Միլենան:

Եվ, ավա՜ղ, վերջին հեռախոսազանգը եղավ…


Խաչատուր Սերգեյի Սարգսյան

Ծնվել է 1992թ. հունվարի 25-ին, Հադրութի շրջանի Ակնաղբյուր գյուղում:

Դպրոցական տարիներին Խաչատուրն իրեն դրսևորել է որպես խելացի, կարգապահ և աշխատասեր աշակերտ: Սիրով էր կատարում ուսուցիչների կողմից  առաջադրված յուրաքանչյուր առաջադրանք, և մասնակցում դպրոցում ու շրջանում կազմակերպվող յուրաքանչյուր միջոցառման: Սեր ուներ առանձնապես բնագիտական առարկաների և զինվորական գործի նկատմամբ: Ընկերասեր էր, սիրում էր շփվել իր հասակակիցների հետ: Մարդամոտ էր ու շատ համեստ: Իր բնավորության  մարդկային հատկանիշների համար Խաչատուրը վայելում էր  ուսուցչական և աշակերտական կոլեկտիվի սերն ու հարգանքը:

2016թվականին ավարտել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի  ՄՄԿ համակարգի «Հողշին և հողային  կադաստր» բաժինը և ընդունվել նույն բուհի մագիստրատուրայի «Տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում» բաժինը, որն ավարտել է 2018թ.:

Պարտադիր զինվորական ծառայության ընթացքում իրեն դրսևորել է դրական կողմերով, հրամանատարների հրամանները կատարել ժամանակին:

Մասնակել է Արցախյան 44-օրյա պատերազմին և թեժ մարտեր մղել թշնամու դեմ` Ջրականում, Վարանդայում (Ֆիզուլի), Հադրութում:

Խ.Սարգսյանը  2020թ. հոկտեմբերից ծառայության է անցել ՊԲ N զորամասի  3-րդ ՀԴՆ 8-րդ ՀՄ-ում՝  որպես կառավարման դասակի հրամանատար:

Ազերիների դեմ վերջին մարտը եղել է հոկտեմբերի 14-ին:  Նույն օրը հերոսի մահով ընկել է Դրախտիկ գյուղի մոտակայքում: Կատարած սխրագործությունների համար հետմահու ԱՀ նախագահի հրամանագրով  արժանացել է «Արիության համար» մեդալի:


Ռուսլան Արթուրի Մարտիրոսյան

Ծնվել է 1997թ դեկտեմբերի 21-ին, Հադրութի շրջանի Քյուրաթաղ գյուղում:

2015թ. ընդունվել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ՄՄԿԾ–ի «Փոխադրումների և ճանապարհային երթևեկության  կազմակերպում» մասնագիտության հեռակա բաժինը: Այնուհետև մեկնել է ժամկետային զինծառայության, որտեղ իրեն դրսևորել է որպես խելացի, բանիմաց, կարգապահ և համարձակ զինվոր: Ռուսլանը սեփական վարքով օրինակ է եղել համածառայակից ընկերների համար: Բարեխիղճ ծառայությամբ աչքի է ընկելով՝ հրամանատարությունը նրան գործուղղել է հակաօդային պաշտպանության մասնագետի որակավորման: Ռուսլանը վայելում էր թե՛ հրամանատարների և թե՛ զինվորների սերն ու հարգանքը:

Ծառայությունն ավարտելուց հետո Ռուսլան Մարտիրոսյանը աշխատանքի է անցել ոստիկանության պարեկային կետում՝ որպես հսկիչ: Այստեղ ևս վայելել է կոլեկտիվի սերն ու հարգանքը: Երկու տարի աշխատելուց հետ Ռուսլանը ցանկություն է հայտնում համալրեր ՊԲ շարքերը՝ որպես հետախույզ, սակայն, սկսվում է սեպտեմբերի 27-ի չարաբաստիկ պատերազմը:  Նույն օրը Ռուսլանը մեկնում է Հադրութի զինկոմիսարիատ  և կամավորագրվում պատերազմին: Ռազմաճակատում իրեն դրսևորում է որպես քաջ և խիզախ մարտիկ: Կարողանում է մարտական գործողությունների ժամանակ տարբեր  իրավիճակներում  խելամիտ որոշումներ կայացնել և հակառակորդի վերաբերյալ տեղեկություններ տրամադրել ըստ վերադասության:

Եղբոր` Ալեքս Մարտիրոսյանի խոսքով՝ Ռուսլանը մասնակցել է Արցախի հարավային սահմանի մի շարք բնակավայրերի պաշտպանությանը:

Արդեն հոկտեմբերի 13-ից հարազատները լուր չունեին Ռուսլանից:

Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 14-ին, լուր է ստացվում, որ նա քաջաբար զոհվել է Քյուրդլար տեղամասում տեղի ունեցած մարտական գործողությունների  ժամանակ:

Ռուսլան Մարտիրոսյանը հուղարկաորված է Եռաբլուր զինվորական պանթեոնում:


Նվեր Տիգրանի Ղազախեցյան

Ծնվել է 1996թ. նոյեմբերի 20-ին, ՀՀ Լոռու մարզի քաղաք Վանաձորում:

Ցավոք, Տիգրանը եղել է երկկողմանի ծնողազուրկ: Նրան խնամել է տատը:

Աշակերտական տարիներին իրեն դրսևորել է ամենալավ կողմերով:

2018թ. ավարտել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի բակալավրի «Հողաշինարարություն և հողային  կադաստր» բաժինը:

2020թ-ին ավարտել է ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մեկամսյա սպայական դասընթացը` «Հրաձգային ստորաբաժանումների կառավարում» մասնագիտությամբ:

2020թ. մասնակցելով Արցախյան 44-օրյա պատերազմին՝ զոհվել է շարքային ընկերոջը վիրակապելիս՝ փրկելով նրա կյանքը:

 

Հավերժ փառք ու խոնարհում հայրենիքի պաշտպանության մարտերում ընկած և անմահացած տղաների հիշատակին…