1in.am կայքի հարցերին պատասխանել է ՇՏՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովհաննես Թոքմաջյանը

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովհաննես Թոքմաջյանը

Պարոն Թոքմաջյան, ձեր համալսարանի ուսանողների ճակատագիրը վերջնականապես որոշվե՞լ է:

Հիմա մասամբ տեղափոխվել ենք Իվանյանի անվան ռազմական նախկինում գործող վարժարանի տարածք: Մեր բնական տեխնոլոգիաների լաբորատորիայի համար տվել են համապատասխան տարածք, լրիվ կահավորել ենք, սկսել է գործել: Այսինքն արդեն ամբողջությամբ գործում է համալսարանը: Ներկայումս վերջնական թվերը չեմ կարող ասել, բայց նախորդ տարիների մոտ 75 տոկոսի չափ ընդունելություն ենք ունեցել: Շատ խիստ ենք մոտենում բացականերին հիմա, և փորձում ենք վերադառնալ մեր հին բնականոն հուն:

Քանի ուսանող ունեք, որքան են տեղափոխվել Երևան: Կա՞ն ուսանողներ, որ ընդհանրապես հեռացել են այս պատերազմից հետո:

Մենք հիմա հազար ուսանողից ավել ունենք, նախկինում 1300-1400-ի կարգի էր: Երևան տեղափոխվածների համար դասեր ենք կազմակերպում Երևանում, մինչև բնակարանների հարցերը կլուծվի,  բոլորը կտեղափոխվեն Արցախ: Մեր նպատակն է ստեղծել այնպիսի պայմաններ, որ բոլորը տեղափոխվեն Արցախ:

Իսկ մասնագիտությունների առումով  պատերազմից հետո ինչ փոփոխություններ կան:

Արդեն ասացի, որ նախկին տարիների համեմատ 75 տոկոսի չափով ընդունելություն ենք ունեցել՝ հիմնականում ինժեներական և գյուղատնտեսական մասնագիտությունների գծով: Ուսուցումը լրիվ անվճար է այս պահին:

Առաջիկայում ուրիշ ի՞նչ ծրագրեր ունեք:

Առաջիկայում ուզում ենք բնականոն գործունեությունը ամբողջությամբ վերականգնենք, խոսքը լաբորատորիաների և գրադարանի մասին է: Նաև Հայաստանի բուհերի հետ ինտեգրման գործընթացներ ենք ուզում սկսել, որ որոշ դասընթացներ այնտեղ անցնեն: Հենց հիմա մենք Երևանում խումբ ունենք, որը տարբեր համալսարանների խմբերի հետ համագործակցում է: Մենք համագործակցում ենք պետական, տնտեսագիտական և ագրարային համալսարանների հետ, նաև հիմա Սլավոնական համալսարանի հետ ենք լուրջ համագործակցություն սկսել, և գիտական կազմակերպությունների հետ:

Պատերազմից հետո համալսարանում մասնագիտական ուղղվածության փոփոխություններ եղե՞լ են:

Ոչ, ոչինչ չի փոխվել, ինչպես տեխնոլոգիական ուղղվածությունը եղել է, հիմա էլ շարունակվում է: Դասախոսական կազմը ևս հիմնականում նույնն է մնացել: Երևանից էլ են գալիս, հիմնականում պրոֆեսորներ: Ամսական 1-2 անգամ գալիս են, այստեղից գնում են Երևան, այնտեղ էլ են դաս տալիս: Առաջիկա 10-15 տարիների ընթացքում պետք է կարողանանք ձևավորել շատ ավելի հմուտ մասնագետներ: Անցած 30 տարիների ընթացքում բնագիտական և ինժեներական, նաև գյուղատնտեսական մասնագիտությունների գծով գիտական ներուժի բավական դեֆիցիտ ունենք:

Աղբյուրն՝ այստեղ