Հիշենք ու մեծարենք Արցախյան պատերազմում նահատակված ՇՏՀ-ի ուսանողներին

 

Դավիթ  Գարեգինի Ղարայան

Ծնվել  է 2000թ.  մարտի  16-ին,  Հադրութի  շրջանի  Քյուրաթաղ  գյուղում,  զինվորականի  ընտանիքում։

Դավիթը դեռևս դպրոցական տարիներից աչքի է ընկել համեստությամբ, կարգապահությամբ,  հայրենասիրությամբ և  ընկերասիրությամբ: Հարգված ու սիրված  էր  ուսուցիչների և աշակերտների  կողմից:  Ակտիվ  մասնակցել  է  դպրոցական միջոցառումներին՝ հատկապես  հումորային  դերեր մարմնավորելիս։ Դավիթը բազմից հաղթող է ճանաչվել ռազմամարզական մրցույթներում և պարգևատրվել համապատասխան մրցանակներով: Հարկ է նշել ՆԶՊ առարկայից օլիմպիադայում ապահովել է լավագույն արդյունքները:

2017թ.  ընդունվել է  Շուշիի  տեխնոլոգիական  համալսարանի  «Արդյունաբերական և քաղաքացիական  շինարարություն» բաժինը, այնուհետև զորակոչվել պաշտպանության բանակ, որտեղ իրեն դրսևորել է որպես բարեխիղճ ծառայող:

Հաշվի  առնելով  Դավիթ  Ղարայանի  ընդունակությունները՝  նրան  ուսումնառության  են  ուղարկում  ՀՀ  ՊՆ  N  զորամասի  ուսումնական  վաշտ: Ուսումնառության ավարտին ստանում   է  հետախուզության  ջոկի  կրտսեր  հրամանատարի  մասնագիտություն  և  կրտսեր  սերժանտի  կոչում։  Սիրելով  ռազմական  գործը  և  ցանկանալով   ժամկետային  ծառայության  ավարտից  հետո  շարունակել  ծառայությունը  հայրենիքին՝  Դավիթ  Ղարայանը  30.01.2020թ.-10.04.2020թ.  սովորում  է  ՀՀ  ՊՆ  N  զորամասում,  ըստ  «Պայմանագրային  ջոկի  սերժանտի»  պատրաստության  ծրագրի։  Ավարտելուց  հետո ծառայությունը  շարունակում է   ՊԲ  N  զորամասում՝  որպես  3-րդ  հրաձգային  գումարտակի  7-րդ  հրաձգային  վաշտի   1-ին  դասակի  2-րդ  ջոկի  հրամանատար, սերժանտ։

Դավիթը  սիրով  ու պատասխանատվությամբ  էր  կատարում  բոլոր  հրամաններն  ու  առաջադրանքները, դեռ  երկար  տարիներ  պիտի  իր  ծառայությունը  մատուցեր  հայրենիքին:

2020թ.  սեպտեմբերի  27-ին  սանձազերծված  պատերազմի  առաջին  իսկ  օրերին, Դավիթ  Ղարայանը  քաջ  գիտակցելով  հայրենիքին  սպառնացող  վտանգը, որպես  կրտսեր  հրամանատար  կատարել  է  վերադասի  հրամանները  և  քաջաբար մարտնչել  թշնամու  դեմ: Մասնակցել  է  մի  քանի  ռազմավարական  հենակետերի  պաշտպանությանը՝ կանխելով  թշնամու  առաջխաղացումը:  Նրա  հետախուզական  հմուտ  գործողությունների  շնորհիվ հաջողվել  է թիրախավորել  թշնամու  գետնատնակը,  ոչնչացնել մեծաքանակ  կենդանի  ուժ  և գրավել  մարտական  դիրք:  2020թ.  հոկտեմբերի  11-ին  ստանալով  հատուկ  առաջադրանք՝ հրաձգային  վաշտը  73 հոգի անձնակազմով,  այդ  թվում՝  նաև  Դավիթը,  մեկնում  են  Հադրութ,   թշնամու  կողմից  քաղաքի  գրավումը  կասեցնելու նպատակով:  Այգեստան  գյուղի   տարածքում  տղաները  հանդիպում են  թշնամու  հատուկ  ջոկատայինների  մեծաքանակ  ուժի:  Քանակով  և  սպառազինությամբ  մի  քանի  անգամ  գերազանցոզ  թշնամու  դեմ  7  ժամ  շարունակ  կատաղի  մարտեր  մղելով՝  տղաները  մարտնչում են մինչև  վերջին  շունչը:  Նրանք  անմահացան  ամբողջ  վաշտով՝  նվիրելով  իրենց  մատաղ կյանքը  հայրենիքի  փրկությանը:  Նրանց հետ անմահացավ   նաև  մեր  քաջարի  Դավիթը:  Դեպքից  երեք  օր  անց  Վարանդայի  (Ֆիզուլի)  տարածքում  մղվող  մարտերում, կողք կողքի  զոհվեցին  Դավիթ Ղարայանի  հայրն  ու  ավագ  եղբայրը՝  չիմանալով,  որ  Դավիթն  արդեն  անմահացել  էր:

Հայրը՝  Գարեգին Ղարայանը,  հոկտեմբերի  14-ին  զոհվելուց  րոպեներ  առաջ  ասել  էր, որ  երբ  տեղ  հասնեն,  առաջին  գործը Դավիթի  հետ  կապվելը  պետք  է  լինի,  որպեսզի  հանգիստ  լինի:

Ցուցաբերած  արիության  և քաջության  համար  Դավիթ  Գարեգինի  Ղարայանը  Արցախի Հանրապետության  նախագահի  հրամանագրով պարգևատրվել  է  «Մարտական  Ծառայություն»  մեդալով:

Դավիթ  Ղարայանը  հուղարկավորված  է Երևանի Եռաբլուր  զինվորական  պանթեոնում՝  հոր  և  եղբոր կողքին:


Հայկ Սարոյի Գյուրջյան

Ծնվել է 1994թ. դեկտեմբերի 14-ին, Մարտակերտ քաղաքում, ծառայողի  ընտանիքում: Դպրոցական տարիներին  սովորել է լավ գնահատականներով, մասնակցել դպրոցական օլիմպիադաներին, զբաղվել մի շարք սպորտաձևերով` ֆուտբոլ, թենիս, վոլեյբոլ: Մարտակերտի ֆուտբոլի հավաքականի կազմում Հայկը գրավել է մրցանակային տեղեր, պարգևատրվել մեդալներով:

Եղել է համեստ, կարգապահ, հմուտ կարողություններով օժտված աշակերտ: Համարձակ էր, շրջապատի նկատմամբ հարգալից և ուշադիր, զգացմունքային բնավորության տեր: Նախաձեռնող էր, ուժեղ կամքի տեր, անչափ հոգատար ու ընկերասեր: Մանկավարժների կողմից տրված բոլոր  հանձնարարությունները կատարում էր բարեխղճորեն: Մեծ սեր և հակում ուներ  ռազմագիտության ու սպորտի նկատմամբ:

Ծառայության ընթացքում Հայկն իրեն դրսևորել է որպես պարտաճանաչ զինծառայող, առաջխաղացման կարգով նշանակվել Մարտակերտի ՌՈ  բաժնի  պարետային ծառայության  պարեկի պաշտոնում: Լավ տիրապետել է իր մասնագիտական պարտակություններին, պարգևատրվել «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի  մեդալով:

Լեյտենանտ Հայկ Գյուրջյանը 2019 թ.-ից ՊԲ N զորամասում ծառայել է՝ որպես ՀՏԴՆ վարժասարքի պետ:

2020թ. ավարտել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի «Հողշին և հողային կադաստր» բաժինը:

Ակտիվորեն մասնակցել է 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախում տեղի ունեցած մարտական գործողություններին՝ ցուցաբերելով  խիզախություն և անձնուրացություն: Զոհվել է սեպտեմբերի 27-ին:  Հուղարկավորված է «Եռաբլուր» պանթեոնում: Մարտական գործողություններին ակտիվ մասնակցության և  ցուցաբերած խիզախության համար Հայկ Գյուրջյանը հետմահու արժանացել է «Մարտական  ծառայություն»  մեդալի:


Վազգեն Գարեգինի Ղարայան 

Ծնվել է 1998թ. ապրիլի 20-ին, Հադրութի շրջանի Քյուրաթաղ գյուղում, զինվորականի ընտանիքում: Մանկուց նա տեսել էր, թե սպա հայրն ինչքան էր նվիրված հայրենիքին, և այդ նույն ոգով էլ նա է դաստիարակվել:

2015թ. ընդունվել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի «Էլեկտրաէներգետիկա» բաժինը: Առաջին կուրսն ավարտելուց հետո զորակոչվել է պաշտպանության բանակի շարքերը: Ծառայել է հրետանու հետախույզի պաշտոնում և բարեխիղճ ծառայության, անմնացորդ նվիրվածության ու առաջադրանքներն անվերապահորեն կատարելու համար ստացել սերժանտի կոչում: Ծառայության ընթացքում Վազգենն արժանացել է գերազանցիկության կրծքանշանի: Մասանակցել է զորամասում անցկացվող սպորտային միջոցառումներին, պարբերաբար աչքի ընկել ակտիվությամբ ու պատրաստավծությամբ:

Վազգեն Ղարայանը մասնակցել է 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմին՝ լինելով առաջնագծի տարբեր հատվածներում: Հայրենիքի պաշտպանությանը կամավորագրված Վազգենն ու նրա հայրը՝ պահեստազորային սպա Գարեգին Ղարայանը, մարտնչել են կողք կողքի:

2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև հոկտենբերի 15-ը Վազգենը կատարել է բոլոր ն հրամանները, մասնակցել մարտական տարբեև առաջադրանքների: 2020թ. հոկտեմբերի 13-ին, ստանալով հրաման, Վազգեն Ղարայանը ջոկատի կազմով տեղափոխվում է Վարանդա (Ֆիզուլի), որտեղ պիտի կատարեին հատուկ առաջադրանք` կանխելու թշնամու ուժերի ներխուժումը զորամասի տարածք:

Վազգենի համարձակությունը և խիզախությունը երևաց  հատկապես հոկտեմբերի 14-ին, երբ թշնամու քանակով և սպառազինությամբ մի քանի անգամ գերազանցող ուժերը բազմիցս փորձեցին ներխուժել այն ուղղությամբ, որտեղ խիզախ հայորդին մարտնչում էր իր 6 հոգանոց անձնակազմով:  Թշնամու հարձակումները ետ շպրտելիս՝ Վազգենն իր համարձակությամբ, խիզախությամբ և հայրենասիրությամբ զարմանք էր պատճառում բոլորին` նույն ոգին փոխանցելով մարտական ընկերներին: Եղել է դեպք, երբ հակառակորդի հետ մարտի է բռնվել  7 մետր հեռավորրության վրա, նույնիսկ այդ պահին Ղարայանը գործում էր վստահ և խնդիրը կատարում գերազանց՝ ոչնչացնելով հակառակորդին ձեռքի հակահետևակային նռնակներով և գնդացրով: Արդյունքում հակառակորդը ետ է շպրտվել:

Թշնամու երկու տասնյակից ավելի ջոկատ, երրորդ գրոհից հետո այլևս չկարողացավ առաջ գալ և նահանջեց: Փայլուն կերպով կատարելով մարտական  առաջադրանքը՝ խիզախ հայորդին նույն օրը հետևակի մարտական մեքենայով  զինակից ընկերների հետ հիմնական տեղակայման վայր վերադառնալիս զոհվում է թշնամու արձակած հրթիռից: Հետևակի մարտական մեքենայի խոցման հետևանքով զոհվում է նաև նրա հայրը՝ Գարեգին Ղարայանը: Վազգենն ամուսնացած չէր, ուներ ընտրյալ, ում հետ ամիսներ հետո պիտի ընտանիք կազմեին: Նա հերոսացավ՝ անկատար թողնելով բազմաթիվ նպատակներ:

Վազգեն Ղարայանը հուղարկավորված է Եռաբլուր զինվորական պանթեոնում:

 

Խոնարհվում ենք ձեր սխրանքի առաջ…

Հիշում ենք և ոգեկոչում…