Պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանը հանդես է եկել հերթական դասախոսությամբ

Այսօր Շուշիի տեխնոլոգիական համալսարանի «Ագրոբիզնես» մասնագիտության բակալավրի և մագիստրատուրայի ուսանողների, ինչպես նաև՝ բուհի պրոֆեսորադասախոսական կազմի համար «Գնաճի վրա ազդող գործոնները» թեմայով դասախոսություն է կարդացել Երևանի պետական համալսարանի  Նորարարության տնտեսագիտության ամբիոնի վարիչ, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ա.Մարկոսյանը:

Դասախոսությանը ներկա են եղել բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ, տ.գ.դ., պրոֆեսոր Հ.Թոքմաջյանը, պրոռեկտոր Ռ.Ավագյանը, Համահամալսարանական ինժեներական էկոնոմիկայի և ագրոբիզնեսի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Լ.Հարությունյանը:

Ա.Մարկոսյանն ունկնդիրներին ներկայացրել է գնաճի հիմնական պատճառների մանրամասն նկարագրությունը, թե ինչ ազդեցություն և հետևանքներ է ունենում այն բնակչության ապրելակերպի որակի վրա, և զուգահեռականներ է անցկացրել ՀՀ-ի, ԱՀ-ի  և տարբեր երկրների միջև:

Խոսելով գնաճի վրա ազդող գործոններից և դրանց հետևանքով առաջացող խնդիրներից՝ պրոֆեսորն առաջարկել է նաև լուծման ուղիներ: Ըստ բանախոսի, ներկայումս գնաճն ամենացավոտ և վտանգավոր գործընթացներից մեկն է, որը բացասաբար է ազդում տնտեսական համակարգի վրա. «Ցանկացած երկրի տնտեսական զարգացման կայունությունը խաթարում է նաև գնաճի գործընթացը, ուստի պետք է հաշվի առնել տարածաշրջանային բաղադրիչը և ելնել տնտեսական զարգացման համար ռիսկերի հաշվեկշռից: Հարցն այն է նաև, թե ինչպես պետք է խուսափել գնաճից: Բարձր գնաճի պայմաններում դժվար է գործնական որոշումներ կայացնել, ավելի դժվար է երկարաժամկետ ներդրումներ կատարել։ Ժամանակակից մարդը, ով ցանկանում է իրականացնել նմանատիպ ծրագրեր, պետք է տիրապետի ֆինանսական որոշակի նրբությունների՝ նախ ուսումնասիրի միջազգային փորձը և առաջ շարժվի համաշխարհային տնտեսության օրինաչափություններով»-նշել է իր խոսքում Ա. Մարկոսյանը:

Դասախոսությունն ավարտվել է թեմայի շուրջ մասնակիցների հարցադրումներով:

previous arrow
next arrow
Slider