Ռեկտոր Հ. Թոքմաջյանի շնորհավորական խոսքը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

Սիրելի՛ կանայք, մայրեր և քույրեր

Ի խորոց սրտի շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ: Այս անզուգական տոնը, որը նախևառաջ մոր դերի արժևորումն է, զուգակցվում է մեկ այլ՝ լուսավոր ու սրբազան խորհուրդ ունեցող Սուրբ Աստվածածնի Ավետման օրվա հետ, որը ներառվել է ինչպես Հայ առաքելական եկեղեցու, այնպես էլ՝ ազգային տոնացույցում, որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր։

Մեզանից յուրաքանչյուրի կյանքն սկսվում է մոր նուրբ և հոգատար ձեռքերում ու նրա տաքուկ գրկում, և նա է դառնում մեր ամենամտերիմ ու հարազատ մարդը, ում չի կարող փոխարինել ոչ ոք: Մայր անունը մեր շուրթերին է մինչև մեր կյանքի վերջ և շոյում է մեր լսողությունն ու հանդարտեցնում մեր խռովահույզ սրտի բաբախյունը: Ուստի ամեն մի բացվող օր նոր հնարավորություն է մեծարելու և գնահատանքի խոսքեր շռայլելու նրանց, ովքեր և՛ անձնուրաց ընտանեկան օջախի պահապաններ են, և՛ միաժամանակ նվիրված կանայք իրենց գործին ու Հայրենիքին:

Գարնանաբույր ու գարնանաշունչ այս տոների առթիվ ջերմագին մաղթանքներս եմ հղում ձեզ՝ ցանկանալով, որ ձեր կյանքի յուրաքանչյուր ակնթարթը լիառատ լինի սիրով ու երջանկությամբ, իսկ ձեր գեղեցկությունը՝ գարնան զարթոնքի պես զարդարի շուրջբոլորը:

Օրվա առթիվ առանձնահատուկ շնորհավորանքի ու երախտագիտության խոսք եմ ուղղում և գլուխ խոնարհում այն հերոսածին մայրերի առջև, ում զավակները կյանքի գնով պաշտպանել են Հայոց դարավոր հողը՝ անկախ պատմական ժամանակաշրջանից: Չնայած անդառնալի կորստին ու մեծ ցավին, դուք պիտի շարունակեք ապրել հպարտության զգացումով՝ նման որդիներ դաստիարակելու համար, որովհետև նրանց նահատակությունը փառքով է պսակվել, ինչն անգնահատելի է Հայրենիքի ու հայ ժողովրդի համար:

Հիրավի, մայր լինելը բարձրագույն արժեք է, քանզի միայն մորն է ի վերուստ տրված մարդկային նոր կյանք պարգևելու շնորհը, իսկ դա լավագույն նվերն է համայն մարդկությանը…