Հիշենք ու մեծարենք Արցախյան պատերազմում նահատակված ՇՏՀ-ի ուսանողներին

Միշա Ալյոշայի Առաքելյան

Ծնվել է 1995թ. Մարտակերտի շրջանի Հովտաշեն գյուղում:

Սովորում էր ՇՏՀ-ի բակալավրի «Գյուղատնտեսության մեքենայացում, մեքենաներ և սարքավորումներ» մասնագիտության 3-րդ կուրսում:

2016թ. Ապրիլյան պատերազմին մասնակցել է որպես նշանառու և պարգևատրվել «Մարտական ծառայություն» մեդալով:

2020թ. կամավորագրվել է Մարտակերտի զինկոմիսարիատում և մասնակցել  Արցախյան պատերազմին:

Հոր խոսքերով՝ Միշային ասել է, որ նրա երկու եղբայրները մասնակցում են պատերազմին, գոնե ինքը մնա, բայց նա չանսաց հոր խոսքերին և գիտակցաբար գնաց կյանքը նվիրաբերելու հայրենիքին:

Հայրենասեր ու քաջազուն երիտասարդը զոհվեց հոկտեմբերի 7-ին՝ մատաղ կյանքն ընծայելով Հայրենիքի պաշտպանությանը:

ԱՀ Նախագահի 2020թ. հրամանագրով պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

………………………………………………………………………………………………………………

Գարիկ Վազգենի Դոլուխանյան

Ծնվել է 1992թ. հոկտեմբերի 28-ին քաղաք Ստեփանակերտում:

2014թ. ընդունվել և 2020թթ. ավարտել է ՇՏՀ-ի «Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում» մասնագիտությամբ:

2014-2016թթ. պայմանագրային ծառայության է անցել ՊԲ N զորամասում՝ որպես վարորդ: Մասնակցել է 2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմին:

2016թ. դեկտեմբերի 8-ից ծառայության է անցել ԱՀ ոստիկանության տնտեսական և պաշտոնական հանցագործությունների դեմ պայքարի բաժնում՝ որպես վարորդ: Ուներ ոստիկանության ավագ սերժանտի կոչում:

Պատերազմի առաջին իսկ օրերից մասնակցել է մարտական գործողություններին, եղել տարբեր վայրերում և մարտնչել հերոսաբար:

Վայելում էր շրջապատի, ընկերների, գործընկերների և հարազատների սերն ու հարգանքը: Կենսուրախ, նպատակասլաց, երազանքներով լի երիտասարդ էր:

Անմահացել է հոկտեմբերի 16-ին՝ Հադրութի պաշտպանության մարտերում: Ամուսնացած չէր:

………………………………………………………………………………………………………………..

Վազգեն Լյուդվիգի Աբրահամյան

Ծնվել է 1994թ.  Շուշի քաղաքում:

Սովորում էր ՇՏՀ-ի բակալավրի «Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն» մասնագիտության 3-րդ կուրսում:

Ծառայությունից հետո, անմիջապես անցնում է ՊԲ N զորամաս՝ որպես պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ, 4-րդ հրաձգային գումարտակի 11-րդ վաշտի դասակի հրամանատարի տեղակալ: Առավել նվիրվելով իր ծառայությանը, Վազգենը տեղափոխվում է  29130  գումարտակ (հատուկ ջոկատ), որպես ավագ:

Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից է:

2020թ. Արցախյան պատերազմին Վազգենը ևս իր մասնակցությունն է ունենում և կռվում գրեթե բոլոր այն տեղանքներում, որտեղ ընթանում էին թեժ մարտեր (Ջաբրայիլ, Հադրութ, Մատաղիս և այլուր):

Վազգենին ճանաչողները հիշում են նրան որպես բարի, խելացի, ընկերասեր, պատասխանատու և հոգատար երիտասարդի: Փոքրուց էլ զբաղվում էր սպորտով (շոտոկան կարատե): Ակտիվ սկաուտական էր, իսկ դպրոցում աչքի էր ընկնում բոլոր միջոցառումներին մասնակցելու պատրաստակամությամբ:

Հատուկ հրամանով մասնակցում է Շուշիի ազատագրման համար պայքարին, որտեղ էլ զոհվում է նոյեմբերի 9-ին:

Արժանացել է «Մարտական ծառայության» մեդալի:

 

Հավերժ փառք Հայրենիքի համար ընկած յուրաքանչյուր հայ զինվորի…

Կիսում ենք ձեր հարազատների ու մտերիմների ցավն ու վիշտը և խոնարհվում ձեր պայծառ հիշատակի առջև…