1988 թվականի փետրվարի 20-ը՝ Արցախահայության շարժման վերածննդի խորհրդանիշ

1988թ. փետրվարի 20-ն Արցախյան պատմության իրականության մեջ աննախադեպ էր այն առումով, որ արցախահայությունը մի բռունցք դարձած՝ ինչպես հայության համար վճռորոշ այդ օրը, այնպես էլ դրան նախորդող օրերին պայքարում և իր ձայնն էր բարձրացնում սեփական ինքնորոշման համար։

Ստեփանակերտի Կենտրոնական հրապարակում սկսած փետրվարի 13-ից հազարավոր արցախցիներ ցույցեր էին իրականացնում ԼՂԻՄ-ը ադրբեջանական ԽՍՀ կազմից հանելու և Մայր Հայաստանին վերամիավորելու համար։

Սակայն, արցախահայության բողոքի ձայնն առերեսվեց ադրբեջանական ագրեսիային։

Արդյունքում, սկսվեց արցախահայության նկատմամբ բռնաճնշումների ալիքը, որն էլ հանգեցրեց ազգային ազատագրական պայքարի, քանի որ այդ հարցով տեղի ունեցած նստաշրջանի որոշումը կոպտորեն ոտնահարում էր արցախահայության իրավունքների ամրագրումը։

Ադրբեջանական ԽՍՀ-ի կողմից որդեգրվեց հայահալած քաղաքականություն, որին հաջորդեց Սումգաիթյան անասելի ջարդերը հայության նկատմամբ, որն առ այսօր իրավական և բարոյական անաչառ գնահատական չի ստացել աշխարհի գերտերությունների կողմից։

Այդուհանդերձ, արցախահայությունը կարողացավ իր միասնականության և անկոտրուն կամքի շնորհիվ դիմադարձել առճակատմանը և ձեռք բերել երկարատև սպասված ինքնորոշման արդարացի իրավունքը՝ այն է՝ անկախ պետականություն։

Ցավոք, ավելի քան երեք տասնամյակ անց, արցախահայությունն ու Արցախը կրկին զոհ դարձան ադրբեջանական բռնատիրությանը՝ կանգնելով հայրենազրկության և սեփական հողում ազատ ապրելու և արարելու լրջագույն վտանգների առաջ։

Այսօր, առավել քան երբևէ արցախահայությանն անհրաժեշտ է նույն մարտական ոգին ու միասնականությունը, որը նա ուներ 1988-ի փետրվարյան իրադարձությունների ժամանակ։

Եվ ինչպես մեծն Չարենցն է նշել՝ «Ով Հայ ժողովուրդ քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» …

Ըստ այդմ՝ վերհիշենք մեր անցյալի և ներկայի ձեռքբերումներն ու կորուստները և չնայած հայությանը պատուհասած մի շարք մարտահրավերներին՝ փորձենք ուժ գտնել նորից ուղղելու մեր մեջքն ու շենացնենք վիրավոր Արցախը…

Եվ թող եղիցի իղձը մեր ազգի

Հովհաննես Թոքմաջյան
ՇՏՀ ռեկտոր