Հիշենք ու մեծարենք Արցախյան պատերազմում նահատակված ՇՏՀ-ի ուսանողներին 19.02.2021 Հովիկ Յուրիի Աղաջանյան Ծնվել է 1994 թ. դեկտեմբերի 20-ին Ասկերանի շրջանի Խնածախ գյուղում: 2020թ. ավարտել է ՇՏՀ-ի «Ագրոպարենային համակարգի հաշվապահական հաշվառում և աուդիտ» բաժինը։ Ծառայության ընթացքում, մարտական հերթապահություն կրող գումարտակում եղել է որպես շտապ օգնության վարորդ։ 2016թ. մասնակցել է Ապրիլյան Քառօրյա պատերազմին, ստացել թեթև վիրավորում ոտքից։ 2017թ. անցել է ծառայության ԱԻՊԾ-ում, որպես վարորդ՝ հետագայում ստանալով ենթասպայի կոչում։ 2020թ. հոկտեմբերի 2-ին՝ մարտական ծառայություն իրականացնելիս ստացել է ծանր վիրավորում։ Անմահացել է հոկտեմբերի 4-ին։ 2020թ. սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում ծառայողական պարտականություններն իրականացնելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարարական մասի 3-րդ պահակախմբի վարորդ-փրկարար, փրկարարական ծառայության ենթասպա Հովիկ Յուրիի Աղաջանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի կողմից հետմահու պարգևատրվել է «Փառքի խաչ Նոյ» մեդալով։ …………………………………………………………………………………………… Ալեքս Վարդանի Պողոսյան Ծնվել է 2001թ. մայիսի 24-ին Մարտակերտի շրջանի Վանք գյուղում: Սովորում էր ՇՏՀ-ի ՄՄԿ համակարգի «Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում» մասնագիտության 3-րդ կուրսում: Արդեն 13 ամսվա զինծառայող էր, երբ սկսվեց պատերազմը: Հրամանատարի կողքին մնալով մինչև վերջ՝ նվիրյալ հայորդին հենց առաջին օրը վիրավորվել է թշնամու գնդակից: Մարտունու հոսպիտալում ժամերով պայքարել է կյանքի համար, բայց, ցավոք, նա էլ միացել է անմահների ջոկատին: ………………………………………………………………………………….. Արագած Անդրանիկի Ավանեսյան Ծնվել է 2000թ. մայիսի 4- ին, Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղում: 2018թ. ավարտել է ՇՏՀ-ի ՄՄԿ համակարգի «Ֆինանսներ» բաժինը: Ծառայության ընթացքում Լուսակերտում մասնակցել է 6-ամսյա դասընթացների՝ ստանալով հետախուզական ջոկի հրամանատարի մասնագիտություն: Այնուհետև շնորհվել է սերժանտի զինվորական կոչում: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ սկսվեց Արցախյան պատերազմը, Արագած Ավանեսյանը մնացած քաջորդիների նման շտապեց հայրենիքը պաշտպանելու: Սկզբից մեկնեց Մարտակերտի պաշտպանական դիրքեր, այնուհետև՝ «Եղնիկներ»: Նոյեմբերի 4-ին հակառակորդի լայնածավալ հարձակման ժամանակ «Դաստագիր» կոչվող տեղամասում ստացել է մահացու հրազենային վիրավորում: Անմահացավ Արագածը՝ միանալով հազարավոր անմահների աստղաբույլին՝ դարձնելով այն ավելի վառ ու լուսավոր… Արագած Ավանեսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Ընկա՛ք, այո՛, բայց ձեր սխրանքով կանմահանաք սերունդների հուշերում, քանզի Հայրենիքը վեր դասեցիք սեփական կյանքից… Ի հեճուկս թշնամու հայ ազգը միշտ էլ ծնել է հերոսներ, ովքեր չեն երկնչել մահվան աչքերի մեջ նայել ու կրծքով պաշտպանել Հայոց հողը… Հիշում ենք, հպարտանում և սգում… Share this:Click to share on Twitter (Opens in new window)Click to share on Facebook (Opens in new window)Click to print (Opens in new window) Related