Հիշենք ու մեծարենք Արցախյան պատերազմում նահատակված ՇՏՀ-ի ուսանողներին 18.02.2021 Յուրի Արթուրի Հայրապետյան Ծնվել է 1997թ. օգոստոսի 25-ին Մարտունու շրջանի Ճարտար գյուղում: 2012-2016թթ.-ին սովորել է Ստեփանակերտի Թամարա Քամալյանի անվան բժշկական քոլեջում՝ որպես ռազմաբուժակ: Պարտադիր զինվորական ծառայությունից հետո, ակտիվ, պարտաճանաչ ու պատասխանատու սերժանտը, ով ամենուր սեր ու հարգանք էր տարածում իր շուրջը, որոշում է մնալ պաշտպանության շարքերում ու չի զորացրվում: Ստանում է ավագ սերժանտի կոչում և ծառայում 2018թ. մայիսից մինչև 2020թ.-ի հոկտեմբերի 23-ը: 2020թ. սեպտեմբերին ընդունվում է ՇՏՀ՝ «Ագրոբիզնես» մասնագիտությամբ: Ավա՜ղ, նա չհասցրեց կրկին ուսանող լինել, փայլեր իր գիտելիքներով. 2020թ. սեպտեմբերի արյունալի պատերազմը նաև նրա անունը պիտի հավերժացներ պատմության հուշերում: Մասնակցում է մի շարք մարտերի: Ունենալով անգամ սրտային հիվանդություն, նա հրաժարվում է բուժվել՝ մնալով դիրքերում: Հոկտեմբերի 23-ին Դլղարդա կոչվող տեղամասում՝ անօդաչուի հարվածից ծանր վիրավորում է ստանում ու բռնում հավերժի ճամփան… …………………………………………………………………………………………. Արամայիս Սպարտակի Սարգսյան Ծնվել է 1996թ. հունվարի 18-ին ԱՀ Ասկերանի շրջանի Պատարա գյուղում, զինծառայողի ընտանիքում: Սովորում էր ՇՏՀ-ի «Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում» մասնագիտության 5-րդ կուրսում: Թե՛ ուսումնառության, և թե՛ ծառայության տարիներին առանձնացել է իր բարձր բարոյահոգեբանական հատկանիշներով: 2020թ. ապրիլի 27-ից ծառայության է անցել ՊԲ-ում՝ որպես պայմանագրային զինծառայող: 2020թ. ավերիչ պատերազմն անտարբեր չթողեց հայրենասեր երիտասարդին և նա իր զինակից բազմաթիվ հայորդիների հետ մարտնչեց մինչև վերջին շունչը: Զոհվել է հոկտեմբերի 29-ին՝ իր համագյուղացի, ՇՏՀ-ի ուսանող Հարութ Խաչատրյանի հետ՝ կողք կողքի, ում անցած ուղին ներկայացված է ստորև: ………………………………………………………………………………………… Հարութ Արարատի Խաչատրյան Ծնվել է 1998թ. հունվարի 5-ին, ԱՀ Ասկերանի շրջանի Պատարա գյուղում: Սովորում էր ՇՏՀ-ի «Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում» մասնագիտության 4-րդ կուրսում: Ծառայության ընթացքում իրեն դրսևորել է որպես հայրենասեր, կարգապահ, գիտակից զինվոր: Ճանաչվել է որպես գերազանց դիպուկահար: Զորացրվելուց հետո 2020թ. ապրիլի 27-ից ծառայության է մտել ՊԲ-ում ՝ որպես պայմանագրային զինծառայող: 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից հրահրված Արցախյան 2-րդ պատերազմում Հարութ Խաչատրյանն իրեն դրսևորեց որպես Հայրենիքի անձնուրաց առաջամարտիկ: 2020թ. հոկտեմբերի 29-ին Հարութ Խաչատրյանը զոհվեց՝ համալրելով անմահների շարքը… Անուն առ անուն ընդմիշտ կմնաք մեր սրտերում, Հայրենիքի համար մարտիրոսված նվիրյալներ… Ծնրադրում և գլուխ ենք խոնարհում ձեր հիշատակի առջև, հայրենյաց նահատակներ… Share this:Click to share on Twitter (Opens in new window)Click to share on Facebook (Opens in new window)Click to print (Opens in new window) Related