Հիշենք ու մեծարենք Արցախյան պատերազմում նահատակված ՇՏՀ-ի ուսանողներին

Էրիկ Գնելի Ավանեսյան

Ծնվել է 2000թ. դեկտեմբերի 27-ին ԱՀ Ասկերանի շրջանի Շոշ գյուղում։ Սովորում էր ՇՏՀ-ի բակալավրի առկա ուսուցման համակարգի «Ագրոնոմիա, սելեկցիա և գենետիկա» մասնագիտության 1-ին կուրսում։

Էրիկը յուրահատուկ անձնավորություն էր, ազնիվ ու կենսախինդ մի երիտասարդ, ով հոգատար էր թեˊ մեծերի, և թեˊ փոքրերի նկատմամբ, նույնիսկ անծանոթներին էր օգնում ինչով կարող էր։ Ընկերներն անմնացորդ սիրով կապված էին նրան։ Էրիկը սիրում էր կյանքը, կարողանում էր մեծ ուրախություն պարգևել շրջապատին, որտեղ հայտնվում էր։ Նրա հայրենասեր ու չընկճվող տեսակը մարտական ընկերների ուշադրությունն էլ էր գրավել։

2020թ. սեպտեմբերի 27-ին՝ դարանակալ թշնամու կողմից ծավալված  պատերազմին մասնակցեց նաև Էրիկը՝ իր բաժին կռիվը մղելով թուրք ասկյարի դեմ:

Հաղթանակի ու ապագայի հանդեպ մեծ հավատքով լցված երիտասարդն անմահացավ նոյեմբերի 10-ին՝ զինադադարից հաշված րոպեներ առաջ, կամավորական հոր աչքի առաջ, ով Արցախյան առաջին և Ապրիլյան պատերազմի ակտիվ մասնակիցներից էր: Անմահացավ իր սիրելի մոր մահվան օրը՝ խորը կսկիծ թողնելով իրեն ճանաչողների սրտերում։

…………………………………………………………………………………………………………

Սամվել Գրիգորիի Գասպարյան

Ծնվել է 1994թ. հուլիսի 6-ին քաղաք Ստեփանակերտում:

2020թ. ավարտել է ՇՏՀ-ի «Հողաշինարարություն և հողային կադաստր» բաժինը:

Սամվելն Արցախյան քառօրյա պատերազմի ակտիվ մասնակիցներից էր:

2016թ. հոկտեմբերից աշխատում էր Ազգային անվտանգության ծառայությունում: Ուներ լեյտենանտի կոչում:

Մասնակցելով 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմին՝ հերոսաբար ընկավ հոկտեմբերի 16-ին՝ Ֆիզուլիի համար մղվող մարտերում:

Ընտանիքի անդրանիկ զավակն էր, միակ որդին:

Սամվելը հզոր կամքի տեր անձնավորություն էր, ընկերասեր, սիրված ու հարգված շրջապատի կողմից:

Ամուսնացած էր, ուներ մեկ երեխա:

…………………………………………………………………………………………………………

Հունան Սուրենի Գաբրիելյան

Ծնվել է 2002թ. մարտի 20-ին քաղաք Շուշիում:

Սովորում էր ՇՏՀ-ի «Ագրոբիզնես» մասնագիտության 2-րդ կուրսում:

Ընդամենը երեք ամսվա զինծառայող էր, երբ սկսվեց չարաբաստիկ պատերազմը:

Հունանը բարի, նպատակասլաց ու հայրենասեր էր: Համառ մարտեր է մղել առաջնագծում, կռվել պատերազմի ամենաթեժ կետերում՝ Հադրութում և Մարտունիում:

Ընկել է հերոսաբար՝ նոյեմբերի 2-ին, Մարտունին պաշտպանելիս:

 

Հայ ազգը երբևէ չի մոռանա ձեր սխրանքը, Հայոց արծիվներ:

Խոնարհվում և սգում ենք ձեր անմար հիշատակի առջև:

Փա՜ռք ու պատիվ Հայոց բանակին ու  հայ զինվորին…