Բուհի գիտխորհուրդը հերթական նիստն է գումարել

Սեպտեմբերի 15-ին տեղի է ունեցել Շուշիի տեխնոլոգիական համալսարանի գիտական խորհրդի հերթական նիստը՝ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի նախագահությամբ:

Նախքան նիստի սկսվելը բուհի ռեկտոր Հ. Թոքմաջյանը համալսարանի ճարտարապետաշինարարական ֆակուլտետի դասախոս Անաիդա Պողոսյանին է հանձնել բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից շնորհված դոցենտի գիտական կոչումը՝ «Կիրառական երկրաչափություն և ճարտարագիտական գրաֆիկա» մասնագիտությամբ:

Նիստում քննարկվել են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ օրեր առաջ կնքված հուշագրի դրույթներից բխող միջոցառումների բնույթի և ծավալի, բուհի ուսումնական բեռնվածության և դասախոսների տարակարգերի փոփոխման, ուսման վարձավճարների զեղչերի և դասախոսների վերապատրաստումների մասին օրակարգային հարցերը:

Համալսարանի գիտական խորհուրը որոշել է մինչև 50 տոկոսի չափով զեղչ կատարել համալսարանի հեռակա ուսուցման համակարգի՝ սոցիալապես անապահով և բարձր առաջադիմությամբ ուսանողների վարձավճարներում:

Առկա ուսուցման համակարգի առարկայական պարտքերի մարման շրջանը հետաձգվել է մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 23-ը, իսկ հեռակա ուսուցման համակարգի պարտքերի մարման շրջանը՝ մինչև հոկտեմբերի 30-ը:

Համագործակցության հուշագրի շրջանակներում Շուշիի տեխնոլոգիական համալսարանի դասախոսները կվերապատրաստվեն Հայաստանի ազգային ագրարային համալսարանում:

Հուշագրի բովանդակությանը կարող եք ծանոթանալ այստեղ: