ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՑԱՆՑ ԳԻՏԱԺՈՂՈՎ

2020 թ.  հուլիսի 15-ին և 16-ին տեղի կունենա Շուշիի հայ բնակչության ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջազգային առցանց գիտաժողով՝  «Ադրբեջանի ցեղասպանական վարքը. պատմություն և արդիականություն (իրավաքաղաքական գնահատականից մինչև միջազգային դատարան)» թեմայով:

Նախատեսված մոտ հինգ տասնյակ զեկուցումներում նորովի են բացահայտվում  Ադրբեջանի իշխանությունների կազմակերպած Շուշիի հայ բնակչության  ցեղասպանության իրական պատճառները, նպատակները, փուլերը և հետևանքները,  Արցախի 1918-1920 թթ. պատմական իրադարձությունների ադրբեջանական պատմագրության նենգափոխումները, Շուշիի հայկական ժառանգության նկատմամբ Ադրբեջանի  իրագործած մշակութային եղեռնի քաղաքականությունը, ընդհանրապես հայերի ցեղասպանությունն Ադրբեջանում՝ որպես պանթուրքիզմի բաղկացուցիչ մաս, Շուշիի հայերի կոտորածների թեման փաստաթղթերում,  գրական ստեղծագործություններում և պարբերական մամուլում, հայերի ցեղասպանության Թուրքիայի և Ադրբեջանի հանցագործության միջազգային դատապարտման և կանխարգելման  գործնական միջոցները  և այլն:  

Գիտաժողովի նպատակներից կարելի է նշել Ադրբեջանի կազմակերպած ոճրագործության մասին ևս մեկ անգամ բարձրաձայնելու միջոցով միջազգային հանրության ուշադրությունը հիմնահարցի վրա սևեռելը և իրավասու մարմիններին սահմանված ընթացակարգով համապատասխան միջազգային ատյաններ դիմելու, Ադրբեջանին իրավական ու քաղաքական պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը ներկայացնելը:

Նախատեսված է գիտաժողովում ունկնդրել  ցեղասպանության հանցագործության կանխարգելման ու դատապարտման  հիմնախնդրով զբաղվող և ՌԴ-ն, Ֆրանսիան, Անգլիան, ՀՀ-ն և Արցախի Հանրապետությունը ներկայացնող մասնագետների զեկուցումները:

Գիտաժողովի կազմակերպիչներն են Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, պատմության ինստիտուտը, Ռուսաստանի Դաշնության «Մշակույթ և ապագա» հիմնադրամը՝ համագործակցությամբ մի խումբ գիտական և այլ հաստատությունների:

Մասնակցելու ցանկություն ունեցողները կարող են մուտք գործել Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ZOOM.US առցանց հարթակ հետևյալ հղումով՝ https://us02web.zoom.us/j/2406660933, գաղտնաբառ՝  2015:

 

Մհեր Հարությունյան, Կազմկոմիտեի պատասխանատու քարտուղար, «Կաճառ» գիտական ​​կենտրոնի ղեկավար, Շուշիի տխնոլոգիական համալսարանի Հումանիտար ամբիոնի վարիչ