Մրցանակաբաշխություն՝ նվիրված Մայիսյան Եռատոնի առթիվ անցկացված մրցույթներին

Բուհի շենքամերձ պուրակում հուլիսի 3-ին տեղի է ունեցել մրցանակաբաշխություն՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյա հոբելյանի, Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի և Պաշտպանության բանակի օրվա առթիվ ՇՏՀ-ի կազմակերպած առցանց ստեղծագործական շարադրությունների, Պատերազմի հերոսներին նվիրված բանաստեղծության արտասանության (ասմունք), ռազմահայրենասիրական թեմաներով բեմադրության, տեսասահիկների, երաժշտության, ձայնային կատարման, հաղորդակցական հմտությունների դրսևորման, վիկտորինայի և միջբուհական բրեյն-ռինգ մրցույթներին:

Մրցանակաբաշխությանը ներկա են եղել ՇՏՀ-ի ռեկտոր Հ. Թոքմաջյանը, պրոռեկտորներ, դասախոսներ և մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցներ:

«Ուսանողների ակտիվ մասնակցության և դրական արձագանքների վերլուծությունը հիմք է տալիս արձանագրելու, որ Եռատոնին նվիրված միջոցառումները ծառայել են իրենց նպատակին ինչպես ուսանողների ռազմահայրենասիրական դաստիարակության, գիտաճանաչողական ու իմացաբանական պահանջմունքների բավարարման, այնպես էլ հասարակական նպաստավոր կարծիք  ձևավորելու առումներով», — ընդգծել է միջոցառման կազմակերպիչ, կազմկոմիտեի նախագահ, ՇՏՀ-ի հումանիտար ամբիոնի վարիչ, պ.գ.թ., դոցենտ Մ. Հարությունյանը:

Մ. Հարությունյանը նաև շնորհակալական խոսք է հայտնել միջոցառման կազմակերպչական հարցերում իրենց աջակցությունը բերած բուհի տեխնոլոգիական ու գյուղատնտեսական ֆակուլտետների դեկաններին, կուրսղեկներին և Լեզուների ամբիոնի դասախոսներին:

Մրցանակային տեղեր զբաղեցրած, մրցույթին ակտիվ մասնակցության և առավելագույն դիտումների, հավանումների, մեկնաբանությունների և տարածման արժանանալու համար բոլոր մասնակիցներն ու թիմերը պարգևատրվել են պատվոգրերով և շնորհակալագրերով, ինչպես նաև՝ Մ. Հարությունյանի հեղինակությամբ «Արցախյան պատերազմը և Պաշտպանության բանակի մարտական ուղին. 1991-1994թթ.», «Արցախյան շարժման պատմագրության հիմնահարցերը», Կ. Հակոբյանի «Սոսի արծիվները», Հ. Խաչատրյանի, Գ. Ղազարյանի, Ս. Մարգարյանի «Հաղթանակներն` ինչպես եղել են. ազդականչ 44»,  «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի կոլեկտիվ հեղինակների «Մեր հաղթանակները» (հատոր Ա., Բ., Գ.)  գրքերով,   միջազգային տարբեր գիտաժողովներում հայ և օտարազգի հեղինակների «Ադրբեջանի պետական ահաբեկչությունը և էթնիկական զտումների քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի դեմ», «Շուշին՝ հայկական մշակույթի օջախ» ժողովածուներով:

Հիշեցնենք, որ միջբուհական բրեյն-ռինգին մասնակցել են Արցախի պետական և «Մեսրոպ Մաշտոց» համալսարանների ուսանողական թիմերը և զբաղեցրել 2-րդ և 3-րդ տեղերը՝ պարգևատրվելով պատվոգրերով և խրախուսական նվերներով:

Ուսանողների խոսքով, առանձնապես հատկանշական ու գնահատանքի է արժանի, որ որպես խրախուսական մրցանակ, ստացել են մեծարժեք բովանդակությամբ գրքեր, որն առավել քան թանկ է ցանկացած տեսքով նվերից, և ըստ նրանց, սա նաև մի քայլ է կրկին անգամ արժևորելու գրքի դերը հասարակության լայն շրջանում, իսկ նմանատիպ միջոցառումները շարժառիթ են նրանց համար  զարգացնելու իրենց հմտություններն ու ունակությունները:

previous arrow
next arrow
Slider