Մայիսի 18-ին ազատագրվեց Բերձորը…

ՎԵՐՍՏԻՆ ԱՐՑԱԽԻ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՃԵՂՔՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ (ՆՎԻՐՎՈՒՄ Է ԲԵՐՁՈՐԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 28-ԱՄՅԱԿԻՆ)

Հետադարձ հայացք ձգելով 28 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններին, կարելի է համոզվել, որ Բերձորի ազատագրումը հիրավի ռազմավարական նշանակություն է ունեցել Արցախի համար` Ադրբեջանի զավթողական քաղաքականությանը դիմագրավելու և Մայր Հայաստանին վերամիավորվելու առումներով: Ինչպես հայտնի է՝ Շուշիի ազատագրումից ու Ստեփանակերտին հարակից ադրբեջանական վտանգավոր կրակակետերի վնասազերծումից հետո Արցախի ինքնապաշտպանության ուժերը, հետմղելով հակառակորդի գրոհը եւ անցնելով հակահարձակման, ազատագրեցին շուրջ մեկ տարի առաջ կորուսված Բերդաձորի ենթաշրջանի հայկական գյուղերը, ապա հետապնդելով ադրբեջանական նահանջող ստորաբաժանումներին՝ դուրս եկան Հայաստանի Հանրապետության սահմանը, դրանով իսկ ճեղքելով գրեթե քառամյա շրջափակման օղակը և իրականացնելով մեր ժողովրդի բազում սերունդների՝ մայր հայրենիքին միանալու երազանքը…

Խնդրո առարկա ռազմագործողության մասին հիշատակել են Արցախի ազատագրական պատերազմի և, հատկապես մինչեւ 1992 թվականի կեսերը տեղի ունեցած իրադարձությունների մասին գրած հեղինակները[1]: Տողերիս հեղինակը եւս նախկինում թեմային անդրադառնալու առիթներ ունեցել է[2]:

Լաչինի միջանցքի ազատագրումից հետո ադրբեջանական կողմը, սովորության համաձայն, մեծ աղմուկ բարձրացրեց, թե իբր հայերը ոտնձգություն են անում Լաչինի նկատմամբ, որն իբր երբեք հայերին չի պատկանել: Մինչդեռ այդ բնակավայրը, ինչպես վկայում են հայկական մշակույթի նմուշների առկայությունը, գոյացել է հայաթափված հին գյուղի տարածքում: Մինչեւ 1923 թ. Լաչինը մի աննշան գյուղակ էր՝ Աբդալյար անվամբ: 1923 թ. օգոստոսի 6-ից մինչեւ 1930 թ. Լաչինը նորաստեղծ «Քրդական ուեզդի» կենտրոնն էր, որի վերացումից հետո այն դարձավ համանուն շրջանի կենտրոնը, որն, ի դեպ, ուներ նաեւ հայ բնակչություն…

Ինչքան էլ անդադրում գործեն ադրբեջանցի կեղծարարները, պատմական փաստերն առարկություն չեն հանդուրժում: Ակնհայտ փաստ է, որ ԼՂՀ Քաշաթաղի (նախկին՝ Լաչինի) շրջանը, որի տարածքը մոտավորապես 1800 քառ. կմ է, հիմնականում համընկնում է Մեծ Հայքի Սյունիք նահանգի 12 գավառներից մեկի՝ Աղահեճքի տարածքին: Այն առաջին անգամ հիշատակվում է VII դարում, «Աշխարհացույցի» մեջ: XIII դարից սկսած Աղահեճք գավառը կոչվում է Քաշաթաղ եւ Խոժոռաբերդ բերդերի անունով: Քաշաթաղը, ընդգրկելով նախկին Աղահեճք գավառի հարավային եւ հարավ-արեւմտյան հատվածը, հետագա դարերում նշանակալի դեր է խաղացել հայոց պատմության մեջ, ինչը փաստում են ժամանակակիցների բազմաթիվ հիշատակությունները: XVI դ. գավառն ավելի հաճախ հիշատակվում է Քշտաղ՝ հապավված անվանաձեւով, որպես հայկական իշխանություն՝ Խանածախ կենտրոնով:

XVIII դ. 2-րդ կեսին գավառի մի շարք բնակավայրեր հայաթափվեցին: Նույն դարի վերջերին եւ, հատկապես XIX դարի ընթացքում գյուղերի մեծ մասը զբաղեցրին քրդական ու թյուրքական խաշնարած ցեղերը:

Աղահեճքի տրոհումից հետո նրա հյուսիսային եւ հյուսիս-արեւելյան մասում տեղորոշվող Խոժոռաբերդ գավառի վերաբերյալ պատմական աղբյուրները խիստ ժլատ են: XVI-XVIII դդ. գավառամասն առավելապես հայտնի էր Մաղավուզ անվամբ, իսկ XIX դ. սկզբներին հաճախակի հիշատակվում էր Զառիստ անվամբ[3]:

1918-20 թվականներին Լաչինի շրջանը, որպես Լեռնային Ղարաբաղի հետ կապող տարածք, մասամբ վերահսկողության տակ առնվեց Անդրանիկ Օզանյանի ստորաբաժանումների, իսկ երկու տարի անց գրեթե լրիվությամբ ազատագրվեց Գարեգին Նժդեհի եւ Դրաստամատ Կանայանի զորամասերի կողմից: Ուստի պատահական չէ, որ 1920-ական թվականներին Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը ընդհանուր սահման ունեին Լաչին-Զաբուղ նեղ շերտով: Այդ մասին են վկայում 1920-ականներին տպագրված խորհրդային քարտեզները: Սակայն պատկերը լրիվությամբ փոխվեց 1930-ականներին: Սահմանների այդ վերաձեւումն անմիջականորեն կապված էր Քրդական մշակութային ինքնավարության, այսպես կոչված՝ Կարմիր Քրդստանի հետ: «Քրդական ուեզդը» գոյություն է ունեցել 1923-29 թթ., սակայն առանց ընդգծված որոշակի սահմաններով տարածքի, իրավաբանորեն ձեւակերպված կարգավիճակի: Հայաստանի եւ Արցախի արանքում Կարմիր Քրդստանի ստեղծման նպատակը այդ տարածքում քրդեր բնակեցնելն էր ու երկու հայկական կազմավորումների արանքը սեպ խրելը, ինչն էլ տեղ գտավ քրդերի «ինքնավարությունը» առեղծվածային պայմաններում վերացնելուց հետո: Երբեմնի հայկական տարածքների յուրացումը կատարվեց քաղաքական, գաղափարախոսական խարդավանքների միջոցով: Ասպարեզ հանված «Կարմիր Քրդստանի» պատրանքը լայնորեն գովազդվում էր, ներկայացվում որպես Ադրբեջանի ինտերնացիոնալ քաղաքականության հերթական հաղթանակ: Անդրֆեդերացիայի ԿԳԿ նախագահության 1929 թ. փետրվարի 18-ի նիստը օրինականության երանգներ հաղորդեց Հայաստանի ու Արցախի միջեւ քրդական սեպի խրման գործընթացին: Հայ բոլշեւիկների «խորը ըմբռնման» պայմաններում հասնելով իրենց նպատակին, Ադրբեջանի ղեկավարներն անմիջապես վերացրին «Քրդական ուեզդը», հալածանքներ սկսեցին քրդերի նկատմամբ: Դրանով նախ կասեցվեց քրդերի «ազգային զարթոնքը», եւ, ապա, Լաչինից ու նրա շրջակայքից դուրս մղված քրդերը բնակվեցին շրջանի խորքերում՝ տեղահանված հայերի բնակավայրերում, լուծելով Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջեւ սեպը ընդլայնելու ստրատեգիական խնդիրը: Իսկ քրդերից դատարկված գյուղերն արտոնյալ պայմաններով բնակեցրին ավելի բարեհույս տարրերով՝ ադրբեջանցիներով… [4]

Հայաբնակ Արցախը Սյունիքից բաժանող Լաչինը 1950-ական թվականներին սկսեց արագ թափով կառուցապատվել: Ընդամենը 1-2 տասնամյակի ընթացքում այն իր զբաղեցրած նախնական սահմանների համեմատ ընդարձակվեց ավելի քան 10 անգամ, իսկ բնակչության արհեստական աճը կազմակերպվեց Ադրբեջանի այլ շրջաններից փոխադրված ադրբեջանական տարրի հաշվին:

1988-ից սկսած Լաչինը վերածվել էր մաքառող Արցախը Հայաստանից մեկուսացնող գլխավոր ռազմական հենակետի: Միաժամանակ, այն հայաբնակ Բերդաձորի ենթաշրջանը ու Գորիսի շրջանի սահմանամերձ գյուղերն ասպատակող ավազակաորջ էր դարձել: Մինչեւ 1992 թ. մայիսը Լաչինով էր տեղափոխվում Շուշիի, Նաբիլարի, Ջանհասանի, Քյոսալարի, Կարագյավի եւ ադրբեջանական այլ կրակակետերի սպառազինությունը: Հետեւաբար, Լաչինի ռազմական հենակետի վնասազերծումը թելադրված էր շուրջ չորս տարի շարունակվող շրջափակումը վերացնելու եւ Հայաստանի հետ ցամաքային կապը վերականգնելու, Արցախի դեմ նախահարձակման օջախներից մեկը վերացնելու, պատմական արդարությունը վերականգնելու անհրաժեշտությամբ:

Շուշիի ազատագրումից եւ Ջանհասան, Քյոսալար գյուղերի կրակակետերը ճնշելուց հետո նպաստավոր նախադրյալներ ստեղծվեցին ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի (ԻՊՈՒ) ռազմավարական հաջողությունը զարգացնելու համար: Շուշիի ազատագրման մարտական հրամանում, ի շարս այլ խնդիրների, նախատեսված էր նաեւ շարունակել հարձակումը եւ ազատագրել Բերդաձորի ենթաշրջանը[5]:

Այդ խնդրի լուծումը սկսվեց մայիսի 11-ի երեկոյան, Շուշիում դիրքերն ամրապնդելուց եւ ԼՂՀ սահմանների մի քանի հատվածներում հակառակորդի հարձակումները հետ մղելուց, այսինքն՝ համեմատաբար նպաստավոր պայմաններ ապահովելուց հետո: Մայիսի 12-ին վերահսկողության տակ առնվեց Զառիստ գյուղը, քանի որ ԻՊՈՒ շտաբն օպերատիվ տեղեկություններ էր ստացել հակառակորդի հարձակման անցնելու մտադրության վերաբերյալ: Ժ. Սեֆիլյանի, Ա. Առաքելյանի եւ Ա. Ղարամյանի հրամանատարությամբ ԻՊՈՒ ստորաբաժանումները հուսալիորեն փակեցին դեպի Շուշի հակառակորդի հնարավոր սողանցքները: Մայիսի 13-ին, հակառակորդի մարտական տեխնիկան ու հետեւակը հարձակման անցան՝ Զառիստ ներխուժելու եւ դեպի Շուշի շարժվելու նպատակով: Սակայն Լիսագոր-Զառիստ ուղեհատվածում ստեղծված ականադաշտում պայթած տանկը եւ նռնականետով շարքից հանված զրահամեքենան փակեցին ադրբեջանական զրահատնխնիկայի հետագա առաջխաղացման ճանապարհը: Ծայր առած փոխհրաձգության ընթացքում կորցնելով շուրջ 40 զինվոր, հակառակորդը նահանջեց: Պահը հարմար էր հակահարձակման անցնելու համար: Լիսագոր-Բերդաձոր գծով ռազմագործողությունն սկսվեց հիմնականում երկու ուղղություններով՝ խճուղու աջ ու ձախ կողմերով եւ Ջանհասան-Քյոսալար գյուղերից: Ճնշելով միայն 2 գյուղերում դրսեւորված հակառակորդի դիմադրությունը, վերահսկողության տակ առնվեցին Շուշիի շրջանի շուրջ 17 գյուղակներ: Այնուհետեւ, հարվածային զորախմբերը դուրս եկան Լիսագորից աջ եւ ձախ ընկած բարձունքները, որոնցից հատկապես հեռուստաաշտարակի բարձունքի գրավումը կանխորոշեց հենակետի վերածված այդ բնակավայրի ճակատագիրը: Լիսագոր — Մեծ շեն — Հին շեն գծով հարձակումը շարունակեցին Ակնաղբյուրի, Ավետարանոցի, Շոշի, Սղնախի, ՀՅԴ-ի վաշտերը ու այլ ստորաբաժանումներ եւ առանց մեծ դիմադրության ազատագրեցին Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը: Մայիսի 18-ի առավոտյան, հրետանային նախապատրաստությունից հետո, ԻՊՈՒ կազմավորումները հարձակման անցան Լաչինի ուղղությամբ եւ վերահսկողության տակ առան այն: Հակառակորդն այլեւս ի վիճակի չէր լուրջ դիմադրություն ցույց տալ: Նրա համընդհանուր բարոյալքմանը նպաստել են ինչպես Շուշիի փայլուն ռազմագործողության հետեւանքով կրած պարտությունը, այնպես էլ Գորիսի շրջանում ստեղծված հրետանային միավորման՝ «Դնեպրի» ակտիվ գործողությունները[6]:

Լաչինից ԻՊ ուժերը դուրս եկան Հայաստանի Հանրապետության սահմանը, միաժամանակ բացազատվելով դեպի Քելբաջարի ու Կուբաթլուի շրջանները: Տեղին եմ համարում անդրադառնալ որոշ հեղինակների այն պնդմանը, որ Շուշիի ազատագրումից հետո, իբր, կարելի էր հընթացս բացել նաեւ Լաչինի միջանցքը: Ըստ իս, այդ տեսակետը զուրկ է լուրջ փաստարկներից ու հիմքից: Եվ ահա թե ինչու…

Շուշիից ու Ջանհասան-Քյոսալարի ռազմական հենակետից նահանջած հակառակորդի ուժերը, թեեւ ջախջախված ու բարոյալքված, բայց Շուշի-Լաչին խճուղու երկայնքով, որոշակի բնագծում կարող էին շրջվել ու համառ դիմադրություն ցույց տալ՝ համագործակցելով տեղի պահեստային ուժերի հետ: Այդ հնարավորությունը բացառողներն, ակներեւաբար, թերագնահատում են հակառակորդին ու անտեսում նրա հրամկազմի՝ զորքի խուճապը կանխելուն եւ մարտակարգերը վերականգնելուն ուղղված ջանքերի հավանականությունը (նման դեպքերում, որպես կանոն, անպայման հրամկազմը խիստ միջոցներ է ձեռնարկում խուճապը կանխելու եւ կարգուկանոնը վերականգնելու, զորքը կառավարելի դարձնելու ուղղությամբ):

Վերոհիշյալ կարծիքի հեղինակներն անտեսում են ԼՂՀ սահմանների ողջ երկայնքով հակառակորդի մեծաթիվ ուժերի ու միջոցների կուտակման փաստը եւ մի քանի ուղղություններով ԼՂՀ ներխուժելու սպառնալիքը: Անշուշտ, անմտություն կլիներ տարվել Լաչինի ուղղությամբ հակառակորդին հետապնդելով եւ միջոցներ չձեռնարկել ԼՂՀ սահմանների պաշտպանությունը ուժեղացնելու, հակառակորդի անխուսափելի հարձակմանը դիմագրավելու ուղղությամբ: Սա ավելի հասկանալի է դառնում, երբ հաշվի ենք առնում, որ Շուշիի վրա գրոհել են հիմնականում ընտրյալ կամավորականները, ասել թե՝ մարտունակ ու փորձառու ուժերը, առանց որոնց ներգրավման, թերեւս, դժվար կլիներ հետ շպրտել հակառակորդի՝ Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու շրջաններ ներխուժած խմբավորումներին:

Հայտնի է, որ առանց հետախուզության, հակառակորդի ուժերի ու միջոցների, մի խոսքով՝ հնարավորությունների իմացության արկածախնդրություն է համեմատաբար մեծ խորությամբ մխրճվել հակառակորդի մարտակարգերը, մեր պարագայում՝ Լաչինի միջանցքը բացելու փորձ ձեռնարկել, մանավանդ, ՀՀ-ից անմիջական օգնության չնչին հավանականության պայմաններում (քաղաքական նկատառումներով):

Իրավիճակը միանգամայն այլ էր արդեն մեկ շաբաթ անց, ինչն էլ անհապաղ օգտագործվեց Լաչինի ուղղությունում կուտակված հակառակորդի խմբավորումը ջախջախելու նպատակով:

Լաչինի ազատագրմամբ, մաքառող Արցախն անմիջական ցամաքային կապ հաստատեց Հայաստանի հետ, զենքի ուժով լուծելով դաժան շրջափակման վերացման հրատապ խնդիրը: Իսկ դա նշանակում էր կյանքի ճանապարհի բացում, արհեստականորեն մասնատված ժողովրդի երկու հատվածների գործնական վերամիավորում: Լաչինում կրած պարտությունը ավելի սրեց Ադրբեջանի ներհակությունները, միջազգային հանրությանը կանգնեցրեց փաստի առաջ, ստիպելով վերանայել առկա մոտեցումները Արցախյան հիմնախնդրին:

Ներկայումս քաղաքը ԼՂՀ Քաշաթաղի շրջանի վարչական կենտրոնն է, հայտնի է Բերձոր անվամբ, բնակչությունը երկու հազարից ավել է: Քաղաքում կան երկու միջնակարգ, երաժշտական, գիշերօթիկ եւ մարզարվեստի դպրոցներ, երկրագիտական թանգարարան-պատկերասրահ, շրջանային հիվանդանոց: Գործում են մի շարք ձեռնարկություններ, փայտամշակման եւ մետաղամշակման արտադրամասեր, ալրաղաց: Բերձորի հոյակերտ Ս. Համբարձման եկեղեցին օծվել է 1998 թ. մայիսի 31-ին: Տարբեր նախաձեռնությունների               (օրինակ՝ գործարար խորհրդաժողովի) և համազգային հոգածությունը Քաշաթաղի շրջանի զարգացման հեռանկարներ է բացում: Հիրավի, միայն ծաղկուն ու ամրակուռ Քաշաթաղ-հայրենիքի կերտումը կարող է լինել ազատագրական պայքարում զոհված բոլոր հայորդիների հիշատակի խնկարկման լավագույն արտահայտությունը:

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

[1] Այվազյան Հ. Մ., Հաղթանակած բանակի գեներալը, Երեւան, 2001, Բալայան Զ., Դժոխք եւ դրախտ, Երեւան, 1995, Նույնի` Բժիշկ Մարությանը եւ նրա «Պատերազմի հետքը երկար է մնում» գիրքը, Երեւան, 1999, Բաղդասարյան Դ., Դիմակայություն (հուշագրություններ), Երեւան, 1998, Հասրաթյան Ս., Ղարաբաղյան պատերազմ, Երեւան, 2001, Նույնի` ՊԲ պաշտպանական շրջանները Ղարաբաղյան պատերազմի գլխավոր ռազմաճակատներում, Ստեփանակերտ, 2008, Խաչատրյան Հ., Ղազարյան Գ., Մարգարյան Ս., Հաղթանակներն ինչպես եղել են. ազդականչը 44, Երեւան, ՀՀՀ, 2008, Ղարաբաղյան ազատագրական պատերազմ. 1988-1994: Հանրագիտարան 1 հատ., Զ. Հ. Բալայան (նախագահ), Հ. Մ. Խաչատրյան (գլխ. խմբ. եւ նախագահի տեղակալ, հատորի պատասխանատու) եւ ուրիշներ), Երեւան, ՀՀՀ, 2004, Սարգսյան Ս., Հայկական բանակ, Երեւան, 2002, Ուլուբաբյան Բ., Արցախյան գոյապայքարի տարեգրությունը, Երեւան, 1997, Арутюнян В., События в Нагорном Карабахе. Хроника, часть IV, V, Ереван, 1997, Ступишин Вл., Карабахский конфликт (1992-1994), Москва, 1998,Thomas de Waal, Black Garden: Armenia and Azerbaijan: Through Pease and War. New York University Prees. NY, 2003 եւ այլն:

[2] Արցախյան պատերազմի սկիզբը և Շուշիի ազատագրումը, Երեւան, 2000, էջ 121-123, Ոգու եւ զենքի փառավոր հաղթանակը, Հայկական բանակ, Երեւան, 2002, N 1-2, էջ 73-86, Քառամյա շրջափակման ճեղքումը// Մարտիկ, թիվ 21, 20-24 մայիս, 2002թ., էջ 3, Հայաստան-Արցախ. պատմության և արդիականության զուգահեռներում, (հոդվածների ժողովածու), գիրք առաջին, Ստեփանակերտ, Դիզակ պլյուս, 2009, էջ

[3] Ավելի մանրամասը տես Կարապետյան Սամվել, Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, Եր., ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատ, 1999, էջ 125-185:

[4] Տե´ս Շահեն Մկրտչյան, «Կարմիր Քրդստանի» եւ Հայաստանից գողացված Լաչինի միջանցքի առեղծվածը. «Արցախում ես ուրիշ պատերազմ տեսա» գրքում, Եր., 1996, էջ 5-10:

[5] Տես Հարությունյան Մ. Ա., Արցախյան պատերազմի սկիզբը եւ Շուշիի ազատագրումը, Եր., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2000, էջ 92:

[6] Բաղդասարյան Դ. Ս., Դիմակայություն (հուշագրություններ), Եր., 1998, էջ 113-120, Արցախյան ազատամարտ. Շուշիի ազատագրումը եւ Լաչինի միջանցքի բացումը. 1992թ. մայիսի 8-18/ քարտեզի եւ ուրվագծային ակնարկի հեղինակ Ռաֆիկ Թադեւոսյան, Եր., 1999:

Մհեր Հարությունյան

 պ.գ.թ., դոցենտ, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի Հումանիտար ամբիոնի վարիչ