ԺԱՍՄԵՆ ՀՐԱՅՐԻ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. ՄԱՅԻՍ՝ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԱՄԻՍ 07.05.2020 Հայերս դարեր շարունակ մաքառել ենք մեր ազատության, անկախության և հայրենի հողի համար: Մեր պատմության յուրաքանչյուր դարաշրջան նշանավորվել է մարտունակ զինվորներով և հայրենյաց պաշտպաններով: Դարեր շարունակ սերունդները դաստիարակվել են Վարդան Մամիկոնյանի, Անդրանիկ Օզանյանի, Գարեգին Նժդեհի, Դրաստամատ Կանայանի, և այլոց հերոսական կերպարներով: Բռնակալ Բելին գետին տապալած Հայկ նահապետի օրինակը ոգեշնչման անսպառ աղբյուր է եղել հայրենյաց պաշտպանների համար: Բազմադարյան պայքարի շնորհիվ մեր ժողովուրդը 1918թ. մայիսի 28-ին վերականգնեց իր անկախությունը, որի փորձաքարը դարձան մայիսյան հերոսամարտերը: Հայրենական մեծ պատերազմում նվաճված հաղթանակը նաև մեր հայրենակիցների մեծ ավանդի շնորհիվ ունեցանք: Սերունդների հաջորդականության անխախտ կապն իր արտահայտությունը գտավ հինավուրց Շուշիի քաղաքի ազատագրմամբ, որը հայտնի է նաև «Հարսանիք լեռներում» կոդային անվանմամբ: Ինչպես 75 տարի առաջ մեր պապերն էին ազատագրում Բեռլինը, այնպես էլ մեր հայրերը Շուշին հետ բերեցին երկարամյա գերությունից: Մայիսի 9-ը յուրաքանչյուր հայի համար լոկ ամսաթիվ չէ, այլ նաև միասնության և մարտական փառքի խորհրդանիշ է, լուսավոր ապագայի կերտման փարոս: Այս տոնը խաղաղ ապրելու և արարելու, ինքնության և հարատևության համար պայքարող հայ ժողովրդի հաղթանակների խորհրդանիշն է: Հայ ժողովուրդը մեծ շուքով է նշում Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների, այդ թվում` հայերի հաղթանակի տոնը, Շուշիի ազատագրման հերթական տարեդարձը և Արցախի պաշտպանության բանակի օրը: Հայրենական պատերազմի տարբեր ռազմաճակատներում արիաբար մարտնչել և այդպիսով հաղթանակի գործում իրենց ավանդն են ունեցել հայազգի բազում կտրիճներ, որոնցից շատերը պարգևատրվել են մարտական շքանշաններով ու մեդալներով, դարձել են «Փառքի շքանշանի» ասպետներ, արժանացել բարձրագույն՝ Խորհրդային Միության հերոսի կոչման: Նրանց անմար սխրանքը և հայրենավեր գործը պատվով են շարունակել 1990-ական թվականների Հայոց հայրենական պատերազմի հերոսները: Նրանց շարքում է նաև հայրս` Հրայր Սուրենի Աբրահամյանը: Նա անվարան մարտնչել է թուրք հրոսակաների դեմ և աչքի ընկել մարտական գործողություններում: Թվում էր, թե նրա կենսագրությունն էլ խորհրդային միլիոնավոր քաղաքացիների կանխատեսելի կենսագրությունների նման է լինելու, սակայն այն լիովին փոխվեց, երբ հակառակորդը պատերազմով սպառնաց ոչ միայն մեր հայրենիքի անվտանգությանը, այլև հենց իսկ արցախցիների ֆիզիկական գոյությանը: Եվ մեր մյուս հայրենակիցների նման նա նույնպես դիմեց զենքի, կամավորագրվեց զինված ինքնապաշտպանության սուրբ գործին: Հայրենիքի նվիրյալը` հայրս, անցել է կյանքի կարճ, սակայն դժվարին ու պատվարժան ճանապարհ: Նրա մարտական ուղին հիշվելու է դարեդար, իսկ նրա փառապանծ անունը մեր սրտերում է մշտապես: Հայրս պարգևատրվել է «Մարտական Խաչ», առաջին աստիճանի շքանշանով, «Շուշիի ազատագրման համար» և «Մարշալ Բաղրամյան» մեդալներով: Մայիսյան հաղթանակները շարունակական են, դրանք հավիտյանս ուղեկցելու են իր բնօրրանում, հայրենի հողում ապրող ու արարող հայ ժողովրդին: Ժասմեն Հրայրի Աբրահամյան ՇՏՀ, Ագրոբիզնես, IV կուրսի ուսանողուհի P.s. ՓԱՌՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ. Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողներ և դասախոսներ