Ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանն ուղերձով դիմել է համալսարանի ուսանողներին, դասախոսներին, վարչական և սպասարկող անձնակազմին

Հարգելի գործընկերներ, սիրելի ուսանողներ.

Կորոնավիրուսի տարածման հետ կապված, համաշխարհային ճգնաժամի արդի պայմաններում, հարկ եմ համարում խնդրանքով դիմել Ձեզ և հորդորել ուժ գտնել իրականացնելու այս իրավիճակից բխող անհրաժեշտ գործողություններ՝ հասարակության և պետության կողմից  մեր առջև դրված խնդիրները լուծելու համար:

Մեր ժողովուրդը պատերազմների միջով արժանապատվորեն է անցել և իրավունք է ձեռք բերել իր ՀԱՅՐԵՆԻՔՈւՄ ապահով և բարեկեցիկ կյանքով ապրելու համար:

Սակայն, ճակատագիրը հերթական փորձությունն է պատրաստել ինչպես մեր, այնպես էլ աշխարհի բոլոր ժողովուրդների համար:

Պահպանելով հանդերձ անմիջական շփումների սահմանափակման արգելքը, այն արդարացում չպետք է դարձնենք գործ չանելու համար… ուսումնական գործընթացը ձախողելու համար…

Ստեղծված իրավիճակում, պարապմունքները ստիպված ենք իրականացնել հեռավար եղանակով:

Հիմա, առավել քան երբևէ, պիտի հասկանանք, որ աշխարհն այլևս չի լինելու նույնը՝ ինչ առաջ էր: Հետևաբար, այսօր, իրական գործի փոխարեն, մենք ձևական քայլեր անելու իրավունք չունենք:

Առաջարկում եմ բոլորին, համալսարանի գործունեության ապահովման հետ կապված, յուրաքանչյուր քայլ կատարելիս, առաջնորդվել պատասխանատվության պատշաճ զգացումով: Այլապես դժվար կլինի մեզ համատեղ շարունակելու այն ճանապարհը, որը միասին ենք սկսել: Սա վերաբերում է ինչպես ուսանողներին, այնպես էլ՝ դասախոսներին ու համալսարնի բոլոր աշխատակիցներին: 

Տնտեսական մասը պետք է ապահովի համալսարանի մասնաշենքերի և ուսումնագիտական բազաների անխափան սպասարկումը, այդ թվում ՝գարնանային աշխատանքների լիարժեք իրականացումը:

Արձանագրելով, որ կարևորագույնը մեր ժողովրդի անվտանգությունն ու առողջության ապահովումն է, առաջին հերթին անհրաժեշտ է անվերապահորեն կատարել այս ուղղությամբ պետական իրավասու մարմինների հրահանգները և պահպանել անձնական հիգենայի կանոնները:

Ստեղծված իրավիճակում, համալսարանի բնականոն գործունեությունն ապահովելուն ուղղված, մեր առաջիկա խնդիրները քննարկելու համար, առաջարկում եմ 10.04.2020թ., ուրբաթ օրը, ժ. 1700 –ին, առցանց գումարել գիտխորհրդի ընդլայնված նիստ, որին գիտխորհրդի անդամներից բացի, պարտադիր կերպով, պետք է մասնակցեն համալսարանի պրոռեկտորները, դեկանները, ամբիոնի վարիչները, ՄՄԿ խմբերի կուրսղեկները, ովքեր պետք է ունենան իրենց ուսանողների հետ կապ հատատելու բավարար տեղեկատվություն: Գիտխորհրդի առցանց նիստը կիրականացվի է zoom.us համակարգում ՝ բաց էկրաններով:

Համալսարանի պրոռեկտորներին, դեկաններին, բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվում է ամբողջ ծավալով կազմակերպել իրենց պարտականությունների իրականացումը՝ ելնելով ստեղծված իրավիճակի առանձնահատկություններից:

Առցանց դասախոսություններն՝ ըստ հայտարարարված դասացուցակի, պետք է շարունակվեն իրականացվել zoom.us համակարգում՝՝ բաց էկրաններով (բացառությամբ դասախոսությունների ընթացքը վերահսկողների):

Դասախոսությունների ձայնագրությունները և տնային հանձնարարությունները, պարտադիր կարգով, պետք է տեղադրվեն համալսարանի պաշտոնական կայքում (shushitech.am) և ֆեյսբուքյան էջում: Դասախոս – ուսանող անմիջական կապը կարող է իրականացվել նաև Skayp, Viber, Fb և այլ կապի միջոցների կիրառմամբ: 

Յուրաքանչյուր դասախոսի աշխատանք կգնահատվի՝  հեռավար դասավանդման արդյունավետության ցուցանիշներից ու դասախոս — ուսանող հետադարձ կապի մակարդակից ելնելով:

Կարծում եմ, որ համալսարանը պատվով, առանց կորուստների, դուրս կգա այս ճգնաժամային իրավիճակից՝ ճանապարհին ձեռք բերելով հեռավար ուսուցման որոշակի հմտություններ:

Հարգանքով՝

Հովհաննես Թոքմաջյան

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր