ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ

գլխավոր

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ճարտարապետաշինարարական ֆակուլտետի «Ճարտարապետություն» մասնագիտության բակալավրի ուսանողներ Միքայել Թավադյանը, Արմավիր Գալստյանը, քաղաքաշինության, ճարտարապետության և ջրային համակարգերի ամբիոնի վարիչ Նվեր Միքայելյանն ու նույն ամբիոնի դասախոս Վաչե Թոքմաջյանը՝ բուհի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի գլխավորությամբ, մասնակցել են Լեհաստանի Չեստոխովա քաղաքի տեխնոլոգիական համալսարանում կազմակերպված «Օպտիմալացված էներգոպոտենցիալ նյութերի և էներգիա խնայող տեխնոլոգիաների շինարարություն» խորագրով 16-րդ միջազգային գիտատեխնիկական ժողովին:

Կարևորելով գիտաժողովի անցկացումը՝ ճարտարապետության և ջրային համակարգերի ամբիոնի վարիչ Նվեր Միքայելյանը նշել է․ «Գիտական կոնֆերանսները ոլորտի մասնագետների և ուսանողների համար կարևոր հարթակ են, որպեսզի վեր հանվեն մասնագիտական խնդիրներ, ծավալվեն քննարկումներ և անհրաժեշտության դեպքում նաև առաջարկվեն լուծումներ: Գիտական կոնֆերանսը նվիրված էր ինժեներական և շինարարական նյութերի օպտիմալացմանը: Շուշիի տեխնոլոգիական համալսարանն արդեն 4-րդ տարին է՝ մասնակցում է Լեհաստանում կազմակերպվող գիտաժողովին: Ընդգծեմ, որ այդ կոնֆերանսում ստեղծված է գիտական աշխատանքները համակարգող հանձնաժողով, որին անդամակցում է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը»։

Միջազգային գիտաժողովում բուհի 2-րդ կուրսի ուսանող Արմավիր Գալստյանը հանդես է եկել «Հակաֆիլտրացիոն պոլիմերային զանգվածի օգտագործումը բարձր լեռնային գոտիներում՝ ջրի ամբարման խնդիրը լուծելու համար» թեմայով գիտական զեկույցով, իսկ 4-րդ կուրսի ուսանող Միքայել Թավադյանը մասնագետների դատին է հանձնել «Ջերմաէֆեկտիվ տների և շենքերի նախագծումը Հայաստանի լեռնային շրջաններում» թեմայով գիտական զեկույցը:

Գիտաժողովի ավարտին Շուշիի տեխնոլոգիական համալսարանի պատվիրակները ստացել են հավաստագրեր:     

 

previous arrow
next arrow
Slider