ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

previous arrow
next arrow
Slider

 

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, տեխնիկական գիտությունների թեկնածու Արայիկ Հարությունյանը բուհում ընթերցել է դասախոսություն՝ «Գլոբալ տաքացման հիմնախնդիրները և կանաչ հեղափոխությունն Արցախում» թեմայով:

Բանախոսը ներկայացրել է այն խնդիրները, որոնք հանգեցնում են երկրագնդի գլոբալ տաքացմանը և խոսել դրանց վնասների մասին. «Կլիմայական փոփոխությունների շուրջ համաշխարհային հանրության մտահոգությունները տարեցտարի աճում են: Առաջատար գրեթե բոլոր գիտական կենտրոնների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեր մոլորակի գլոբալ տաքացման առկա դինամիկայի հետևանքով մարդկությունը ոչ հեռու ապագայում կանգնելու է մեծագույն աղետների առջև: Այս խնդիրը հանգեցնում է նաև մի շարք հիվանդությունների և մարդկանց մահվան պատճառ է դառնում»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

Որպես էկոհամակարգն աղտոտող երևույթ, Արցախի Հանրապետության նախկին վարչապետն առանձնացրել է նավթամթերքի կիրառումը, մատնանշել քայլերը, որոնց շնորհիվ կարող ենք պահպանել Արցախի էկոհամակարգը. «Արցախում ևս պետք է անցնենք մաքուր էներգիային՝ խոսքը փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման արդյունքում վերականգնվող և արդյունավետ էներգառեսուրսով ինքնաբավ երկիր դառնալու մասին է: Այսպես նաև կնպաստենք երկրում միկրոկլիմայի սանիտարահիգիենիկ պայմանների բարելավմանը: Արցախը պատրաստ է դիմակայել այս մարտահրավերները և դառնալ առաջիններից, որ կխթանի կանաչ էներգէտիկայի զարգացմանը: Դրա համար պետք չէ լինել գերհզոր տերություն»,- եզրափակել է բանախոսը:  

Պատասխանելով ուսանողների հարցերին՝ Արայիկ Հարությունյանը հիշեցրել է, որ Արցախում նույնպես լայն թափ է ստանում արևային էներգիայի կիրառումը: Համակարգը հնարավորություն է տալիս կրճատել արտանետումների մեծ քանակը և մաքուր պահել էկոհամակարգը: 

Դասախոսության ունկնդիրների շարքում էին նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պատվիրակները՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանի գլխավորությամբ: