«ՀՈՂԱՊԱՀՊԱՆ ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ»

IMG_5670

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի գյուղատնտեսական մասնագիտությամբ դասախոսների և ուսանողների համար «Հողապահպան երկրագործություն» թեմայով դասախոսություն է ընթերցել բուհի ագրոնոմիայի ամբիոնի գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Սարիբեկ Գալստյանը:

Բանախոսն անդրադարձել է երկրագործության դերի և այդ ոլորտում առկա մի շարք խնդիրների ու դրանց լուծման ուղիներին, խոսել հողի ճիշտ մշակման տեխնոլոգիայի, բերքատվության, սերմնաբուծության, ցանքաշրջանառության, հողատարման կասեցման, հողի մոլախոտվածության, հիվանդությունների, ինչպես նաև վնասատուների տարածվածության դեմ պայքարի միջոցառումների մասին:

Համեմատություններ անցկացնելով այլ երկրների և Արցախի գյուղատնտեսությունների միջև՝ Ս. Գալստյանը ներկայացրել է անվանի գիտնականների և երկրագործների արդյունավետ փորձերը և հիշեցրել, որ դրանք խթանում են հողապահպանությունն ու բերքի աճը. «Ժամանակակից  գյուղտեխնիկայով այսօր կարելի է լուծել ոլորտում առկա բազմաթիվ խնդիրներ, ինչպես նաև կիրառել նորարարական մեթոդներ՝ հողի մշակման գործողությունների կրճատման նպատակով: Փորձը ցույց է տվել, որ նոր համակարգերը երկրագործությունում արագ կիրառվում են, եթե գյուղատնտեսական արտադրությունը հայտնվում է արտակարգ  իրավիճակներում: Բոլոր հետազոտությունները բերում են այն եզրահանգման, որ հողի մշակման նվազեցումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ հողը փխրեցվում է առանց վարելաշերտի շրջման և հողի մակերսին կուտակվում է բուսական մնացորդներից կազմված մուլչի պաշտպանիչ շերտ»,-նշել է Սարիբեկ Գալստյանը: