ԲՈՒՀՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԱՐՑԱԽԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ

IMG_5629
previous arrow
next arrow
Slider

 

Շուշիի տեխնոլոգիական համալսարանում տեղի է ունեցել «Արցախի էլեկտրոնային գրադարան» կայքի շնորհանդեսը: Կայքի հնարավորություններն ու ստեղծման նպատակները համալսարանականներին է ներկայացրել «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» կազմակերպության նախագահ Ավետիք Հարությունյանը: 

«Էլեկտրոնային գրադարանն ամբողջացնում է Արցախի վերաբերյալ ամբողջ գիտական և գեղարվեստական գրականությունը»,- բուհում կայացած շնորհանդեսին ասել է Ա. Հարությունյանն ու հավելել. «Էլեկտրոնային գրադարանն Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման հաջողված նախագծերից է: Այն հնարավորություն է տալիս ուսանողներին, ուսուցիչներին և դասախոսներին փնտրել իրենց հետաքրքրող նյութերը, ստանալ պատշաճ տեղեկություն այս կամ այն թեմայի վերաբերյալ: Կայքում տեղ են գտնում ինչպես կազմակերպության կողմից կյանքի կոչված և նախատեսված, այնպես էլ Արցախում տեղի ունեցող գիտակրթական իրադարձությունների լուսաբանումը»:

Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորումն էլեկտրոնային գրադարանով փորձում է մեր մասին օտարերկրացիներին տրամադրել օբյեկտիվ տեղեկություններ, խթանել Արցախի վերաբերյալ հետազոտությունները՝ հակազդելով արցախյան հիմնախնդրի, պետականության կերտման ու տարբեր իրողությունների վերաբերյալ խեղաթյուրողներին:

Բանախոսը տեղեկացրել է, որ Արցախի էլեկտրոնային գրադարանում կարող են տեղ գտնել նաև Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողների և դասախոսների գիտական աշխատանքները, եթե դրանք ուղարկեն artsakhlib@gmail.com էլեկտրոնային հասցեին: