«ՃԱՆԱՉԻՐ ՔՈ ՀԱՅՐԵՆՒՔԸ» ՀԱՅՐԵՆԱՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑ

գլխավոր
previous arrow
next arrow
ArrowArrow
Slider

 

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի մի խումբ ուսանողներ և դասախոսներ մասնակցել են «Արարիչ» բարեգործական հիմնադրամի «Ճանաչիր քո հայրենիքը» ծրագրին: Եռօրյա այցի շրջանակում համալսարանականները եղել են Դադիվանքում, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում և Ծիծեռնակաբերդում:

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ներկայացուցիչները հանդիպել են «Արարիչ» բարեգործական հիմնադրամի հովանավոր, «Կապավոր» ՍՊԸ-ի տնօրեն Արման Հակոբջանյանի հետ և քննարկել ուսանողների մասնագիտական ոլորտներին առնչվող հարցեր: Բարեգործական հիմնադրամի Երևանի գրասենյակի ղեկավար Ազատուհի Սիմոնյանը հանդիպմանը կարևորել է ակտիվ քաղաքացու դերը հանրային կյանքում, ով ոչ միայն գիտի իր իրավունքներն ու պարտականությունները, այլ նաև նախաձեռնող է. «Այլևս երկխոսության ժամանակն է, երկխոսություն պետության և քաղաքացու, հանրային մարմնի և քաղաքացու միջև: Այստեղ չափազանց կարևոր է բանիմաց և գրագետ երիտասարդության դերը, որը պատրաստ է ստեղծել հանրային բարիք, ապրել հասարակական կյանքով ու լինել ակտիվ»,-նշել է Ա. Սիմոնյանը:

Համալսարանականները Գոյ թատրոնում դիտել են ֆրանսիացի գրող, փիլիսոփա Ալբեր Քամյուի «Օտարը» դրամայի բեմադրությունը։ Բուհի «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Թերեզա Դավթյանը համալսարանականների անունից երախտագիտությունն է հայտնել «Արարիչ» բարեգործական հիմնադրամին. «Շատ կարևոր է ճանաչել մեր Հայաստան աշխարհը, իմանալ պատմությունն ու լինել նրա պատմամշակութային վայրերում: Ունեցել ենք շատ հետաքրքիր օրեր՝ հագեցած դրական զգացումներով: Վստահ եմ, որ դրանք հաճելի հիշողություն կմնան ուսանողական տարիներից»:

«Ճանաչիր քո հայրենիքը» ծրագրի շրջանակում համալսարանականները եղել են Դիլիջանում, այցելել Գոշավանք և Հաղարծին վանական համալիր: