ՊԱՐԳԵՎՆԵՐ՝ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

1

2

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն գնահատել է մի խումբ անձանց, այդ թվում՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ներկայացուցիչների ներդրումը համահայկական 7-րդ ամառային խաղերի կազմակերպման գործում: 

Բուհի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը, ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Էլեոնորա Ավանեսյանը և արտաքին կապերի ու միջազգային համագործակցության բաժնի պետ Արևիկ Հարությունյանը համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանից ստացել են հավաստագիր և գավաթ: Որպես կամավորներ՝ Է. Ավանեսյանն ու Ա. Հարությունյանը նաև պարգևատրվել են արժեքավոր նվերներով:

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր Հ. Թոքմաջյանը երախտագիտություն է հայտնել բուհի բոլոր այն  աշխատակիցներին և ուսանողներին, ովքեր աջակցել են համահայկական ամառային խաղերի կազմակերպչական աշխատանքներին, նշել, որ ուսանողների ակտիվ մասնակցությամբ կամավորության մշակույթը զարգանում է Արցախում:

Հիշեցնենք, որ համահայկական 7-րդ ամառային խաղերն ընթացիկ տարվա օոգոստոսի 5-ին առաջին անգամ բացվել են Արցախում: Ստեփանակերտի կենտրոնական մարզադաշտում տեղի ունեցած բացման պաշտոնական արարողությանն ու մրցումների անցկացմանն աջակցել են նաև Շուշիի տեխնոլոգիական համալսարանի կամավորները: