ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԵՆ ԼԵՎՈՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ՈՒ ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ

FB_IMG_1570793749763
previous arrow
next arrow
Slider

 

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի նիստերի դահլիճում դասախոսություններով հանդես են եկել ազգագրագետ, պատմաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պատմական գիտությունների թեկնածու Լևոն Աբրահամյանն ու գրող, կինոգետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Դավիթ Մուրադյանը: 

Լ. Աբրահամյանը ներկայացրել է «Թամանյանի Երևանը» թեմայով դասախոսություն և խոսել ճարտարապետության ակադեմիկոս, ՀԽՍՀ ժողովրդական ճարտարտապետ, հայ նոր ճարտարապետության հիմնադիր Ալեքսանդր Թամանյանի անցած ուղու և կատարած բազմավաստակ գործի մասին: Բանախոսն ընդգծել Թամանյանի նախագծերի կարևորությունը. «Այսօր էլ մենք կարիք ունենք Թամանյանի պես ճարտարապետների, նրանք ազգի հարատև պարծանքն են»,-ասել է Լ. Աբրահամյանը: 

Շուշիի տեխնոլոգիական համալսարանում «Մշակույթը՝ որպես պետության շինարար» թեմայով դասախոսություն է ընթերցել Դավիթ Մուրադյանը՝ անդրադառնալով մշակույթ հասկացությանն ու հայկական մշակույթին, կինոյին, երաժշտությանը, լուսանկարչությանը և այլ արվեստների գյուտերին, նշել, որ դրանք շղթայվել և դարձել են տեխնոլոգիական արվեստներ: 

Դ. Մուրադյանն առանձնացրել է այն գործիչներին, ովքեր մեծ դեր են ունեցել հայկական մշակույթի պահպանման ու տարածման գործում: Նրա խոսքով՝ մշակույթը չանհետացող հիշողություն է և ազգապահպան ոլորտ. «Մշակույթը միավորում է նույնիսկ քաղաքական հակադիր ուժերին, այն միասնական արժեքների կրողն է, առանց որի չի կարող գոյատևել առողջ պետությունը»,-նշել է Դ. Մուրադյանը:

Դասախոսության ավարտին Լևոն Աբրահամյանն ու Դավիթ Մուրադյանը համալսարանի գիտական գրադարանին են նվիրաբերել «Չլսվող ձայներ, հիշողությունն ու հետհիշողությունը» խորագրով գիրքը: Ժողովածուն ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի բանավոր պատմության կենտրոնի կրթական ծրագրի հետազոտությունների ամփոփումն է: