ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ԴԻՊԼՈՄՆԵՐԸ՝ ՆԱԽԱԳԱՀԻ ՁԵՌՔԻՑ

68

70

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի բակալավրիատի գերազանցիկ 17 շրջանավարտները կարմիր դիպլոմը ստացել են Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանից:  

Բուհը գերազանցությամբ ավարտած ուսանողներին երկրի ղեկավարը նվիրել է դյուրակիր համակարգիչներ, շնորհավորել նրանց, մաղթել հաջողություններ և ամենայն բարիք. «Եղեք ուժեղ և խիզախ ձեր հայրերի և պապերի պես: Նրանք կերտել ու պաշտպանել են մեր անկախությունը, դուք պետք է այն զորացնեք ու ամրապնդեք: Թող այս հաջողությունները լինեն շարունակական և ուղեկցեն ձեզ ձեր ամբողջ կյանքի ընթացքում»,-ընդգծել է նախագահ Սահակյանը: 

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի շրջանավարտներից Արտյոմ Ավագյանն իր ելույթի խոսքում նշել է, որ պատրաստ են ստացած գիտելիքներն օգտագործել ի շահ Արցախի Հանրապետության. «Հավաստիացնում եմ Ձեզ, որ մենք պատրաստ ենք այս տարիների ընթացքում ձեռք բերած գիտելիքներն օգտագործել մեր հայրենիքի շենացման, բարգավաճման ազգանվեր գործում»: 

69

Իսկ Մարիամ Գևորգյանը հայտարարել է, որ շարունակելու են զարգացնել կարողությունները՝ դառնալով որակյալ մասնագետներ. «Մենք պետք է շարունակենք զարգացնել մեր գիտելիքները, քանի որ ուժեղ հոսանքներն այնտեղ են, որտեղ կան կայուն գիտելիքներ»: 

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի կարգադրությամբ գերազանցիկ շրջանավարտները նաև կխրախուսվեն դրամական պարգևներով: