ՍՈՑԻՈԼՈԳ ՍԱՄՎԵԼ ՎԵՐՄԻՇՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ Է ՇՏՀ-ՈՒՄ

20190702_103030

Շուշիի տեխնոլոգիական համալսարանում հանդիպում է ունեցել Երևանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնի վարիչ Սամվել Վերմիշյանը: 

Կլոր սեղանի շուրջ սոցիոլոգ Ս. Վերմիշյանը ուսանողների հետ ծավալել է քննարկում՝ Արցախի երիտասարդների զբաղվածության, նրանց հետաքրքրությունների շրջանակի, հասարակության մեջ երիտասարդների տեղի ու դերի, երիտասարդների կարիքների վերհանման և այս ուղղությամբ պետական քաղաքականության թեմաների շուրջ:

Հնչեցված հարցերի վերաբերյալ ուսանողները ներկայացրել են իրենց տեսակետները՝ առաջարկելով խնդրի լուծումներ: Ըստ սոցիոլոգ Սամվել Վերմիշյանի՝ այս պահին Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության հետ համատեղ իրականացնում են ուսումնասիրություններ և փորձում երիտասարդության շրջանում (ուսանողներ, երիտասարդ ձեռներեցներ, զինծառայողներ և այլք) վեր հանել երիտասարդությանը մտահոգող խնդիրները. «Մենք ձեռնարկում ենք գործնական քայլեր, նաև երիտասարդներին սովորեցնում կատարել հետազոտություններ: Նպատակ ունենք այդկերպ բարեփոխումներ իրականացնել երիտասարդության շրջանում: Արցախցի բոլոր  երիտասարդները պետք է ունենան հավասար հնարավորություններ պետական և ոչ պետական ծրագրերում ընդգրկվելու համար, իրազեկված լինեն իրենց իրավունքներին, կարողանան իրենց խնդիրները բարձրաձայնել տարբեր հարթկաներում»,- մասնավորապես նշել է Ս. Վերմիշյանը՝ խոստանալով կրկին հյուրընկալվել Շուշիի տեխնոլոգիական համալսարանում: