ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՍՈՒՑՈՒՄ ԵՆ ԱՆՑՆՈՒՄ ՄԱՐՏՈՒՆԻՈՒՄ 19.06.2019 Շուշիի տեխնոլոգիական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի «Ագրոնոմիա» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողներն արտադրական փորձուսուցում են անցնում Մարտունու «Նելսոն Մուսայելյան» գյուղացիական տնտեսությունում և նույն ընկերությանը պատկանող, համալսարանի կողմից վարձակալած 1 հեկտար բանջարանոցում: Պրոռեկտոր Սարիբեկ Գալստյանի ու «Բնագիտական և հետազոտական» լաբորատորիայի ղեկավար Գագիկ Ներսիսյանի ուղեկցությամբ ուսանողները ճանաչողական այց են կատարել գյուղացիական տնտեսության խաղողի այգի և ջերմատուն: Այնուհետև ապագա գյուղատնտեսները ծանոթացել են խաղողի «Խնդողնի» սորտի վազի ձևավորման երկհարկանի կորդոն կոչվող համակարգին, պոմիդորի մեկ ցողունով թփի ձևավորմանը, ջերմատնային բանջարաբուծության առանձնահատկություններին, կաթիլային ոռոգման կիրառման ագրոնոմիական և տնտեսական առավելություններին: Համալսարանին պատկանող բանջարանոցում հիմնականում մշակվում են նախորդ տարիներին Ակնա թաղամասում և Մարտակերտի շրջանում փորձարկված պոմիդորի լավագույն՝ «Հայաստանի հրաշք» և «Մուսա լեռ» սորտերը, սմբուկի «Հոկտեմբերյան» սորտը, պղպեղի «Լոշտակ», վարունգի «Մանե» և «Հայարփի» սորտերը, ինչպես նաև հայկական սելեկցիայի՝ ձմերուկի, սեխի և դդմի մեկական սորտեր: Փորձարարական ցանքսերում օգտագործել են սեփական արտադրության սածիլները: Պրոռեկտոր Սարիբեկ Գալստյանի համոզմամբ՝ սերմերի և սածիլների տեղական արտադրությունը կխթանի փորձուսուցումների արդյունավետությունը՝ նվազեցնելով տեղական բանջարեղենի ինքնարժեքը: Share this:Click to share on Twitter (Opens in new window)Click to share on Facebook (Opens in new window)Click to print (Opens in new window) Related