ՇՈՒՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՍՏԱՑՎԱԾ ՄԱՇԿԻ ԽՆԱՄՔԻ ՄԻՋՈՑԸ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՑԵԼ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅՈՒՄ

209_19_foodlab_EN_zmena_firmy_20190531 (1)-11_Страница_1

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի «Բնագիտական» լաբորատորիան բնական ծագման հումքի հիման վրա պարբերաբար իրականցնում է պրեպարատների արտադրություն: Վերոնշյալ լաբորատորիայում ստացված «Քուին Էսթեր» (Էսթեր թագուհի) մաշկի խնամքի միջոցը փորձաքննություն է անցել Եվրամիության «Eurofins Bel/Novamann» լաբորատորիայում, որի ղեկավարը բժշկագիտության դոկտոր Լուիսա Կալինովսկան է (Սլովակիա)։

ՇՏՀ «Բնագիտական» լաբորատորիայի ղեկավար, պատվավոր պրոֆեսոր Գագիկ Ներսիսյանն իր խոսքում նշել է, որ «Քուին Էսթեր» մաշկի խնամքի միջոցը նախատեսված է տարիքային փոփոխություններ կրած մաշկի խնամքի համար, մասնավորապես կնճիռները վերացնող, հարթեցնող, սնուցող, հակաբակտերիալ միջոց է:

Նախապես «Քուին Էսթեր» մաշկի խնամքի միջոցը Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության գործակալության կողմից հավատարմագրվել է, որից հետո ուղարկվել է «Eurofins Bel/Novamann» լաբորատորիա՝ փորձաքննության: Փորձաքննության արդյունքները գնահատվել են դրական և ճանաչվել անվտանգ բնական միջոց մաշկի համար:

Համալսարանում ստացված ևս մեկ մաշկի խնամքի քսուք օրերս ուղարկվելու է Սլովակիա՝ փորձաքննության: Լաբորատորիայի ղեկավար Գագիկ Ներսիսյանը լիահույս է, որ դրա արդյունքները նույնպես կլինեն բավարար, քանի որ պատրաստվում են Արցախի բուսական աշխարհի բնական բաղադրիչներից և մարդկանց համար անվտանգ են:

ՇՏՀ լրատվական կենտրոն