ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼՈՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՌԱՏՈՆԸ

3 (2)

Շուշիի տեխնոլոգիական համալսարանում բարի ավանդույթ է դարձել տոնական օրերի առթիվ առաջինը շնորհավորել հայ զինվորին: Մայիսյան եռատոնի կապակցությամբ բուհի ներկայացուցիչները՝ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի գլխավորությամբ, այցելել են պաշտպանության բանակի հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղության զորամասեր, շնորհավորել զինծառայողների  եռատոնը՝ նրանց նվիրելով համալսարանի ուսումնափորձարարական լաբորատորիայում պատրաստվող հյութեր, մուրաբաներ և ջեմեր:

«Մենք միշտ զինվորի կողքին ենք, և մեր ամենօրյա աշխատանքով պետք է նպաստենք երկրի զարգացմանը, որին անհրաժեշտ են բանիմաց մասնագետներ ու խելացի պաշտպաններ»,-շնորհավորական խոսքում նշել է ռեկտոր Հ. Թոքմաջյանը:

Իրենց հերթին համալսարանականներին երախտիքի խոսքեր են հղել Արցախի հյուսիսային սահմանը հսկող զինվորականները՝ գոհունակություն հայտնելով, որ մշտապես գտնվում են Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուշադրության կենտրոնում: