ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐ ԵՎ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ 08.04.2019 ՀՀ պաշտպանության նախարարության ֆիդայինների միության ներկայացուցիչները և «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահի տեղակալ, ԱՀ բանակի հասարակական գործիչ Ռոման Բալայանն այսօր այցելել են Շուշիի տեխնոլոգիական համալսարան և ռազմահայրենասիրական միջոցառումներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար բուհի մի շարք ուսանողների ու դասախոսների հանձնել շնորհակալագրեր: Ողջունելով համալսարանի ուսանողներին և դասախոսներին՝ Ռ. Բալայանը համոզմունք հայտնեց, որ հայրենիքի ու պետության շենացման գործում ավանդ ունենալու համար կարևոր է հայ ազգի միասնականությունը: Ըստ նրա՝ մեր պետության հիմքը հանդիսանում է Հայաստանի և Արցախի ուսանողներն ու երիտասարդները: Շուշիի տեխնոլոգիական համալսարան կատարած այցի և նպատակի մասին խոսելով, Ռոման Բալայանը մասնավորապես ընդգծեց. «Այսօր մեզ համար խորհրդանշական օր է, քանի որ այսօր ՀՀ և ԱՀ ազգային հերոս Յուրի Պողոսյանի ծննդյան տարելիցն է: Հերոսի ծննդյան կապակցությամբ հայաստանյան մեր գործընկերների հետ միասին որոշել ենք այցելել Շուշիի տեխնոլոգիական համալսարան ու հայրենասիրական միջոցառումներին ակտիվ մասնակցության համար բուհի մի խումբ ուսանողների և դասախոսների հանձնել շնորհակալագրեր»: «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահի տեղակալ Ռ. Բալայանը շնորհակալագրեր է հանձնել բուհի մի խումբ ուսանողների և դասախոսների, ինչպես նաև՝ հայապահպանության և մատաղ սերնդի կրթության ու դաստիրակության գործում ներդրած ավանդի համար ոսկե մեդալ է շնորհել համալսարանի դասախոս Կարինե Փաթյանին: ՇՏՀ-ի «Հումանիտար և լեզուների» ամբիոնի ավագ դասախոս, բ.գ.թ. Կարինե Փաթյանն իր երախտիքի խոսքն է հայտնել Ռոման Բալայանին և կազմակերպության ներկայացուցիչներին, մասնավորապես նշելով. «Շնորհակալ եմ ՀՀ պաշտպանության նախարարության ֆիդայինների միությանը և «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությանը՝ իմ մանկավարժական աշխատանքը գնահատելու համար: Մատաղ սերնդի կրթության և դաստիրակության գործը դժվարին է, պարտավորեցնող, միաժամանակ այն տալիս է իր դրական արդյունքները: Իմ աշխատանքն իմ նվիրումն է ու այդ աշխատանքի արդյունքը իմ լավ սովորող և իրենց արդարացրած աշակերտներն ու ուսանողներն են: Եվ նրանց ունեցած հաջողությունները մեր՝ մանկավարժներիս, լավագույն պարգևն է»: Հիշեցնենք, որ ՅուրիՊողոսյանն ապրիլի 8-ին կդառնար 58 տարեկան: Share this:Click to share on Twitter (Opens in new window)Click to share on Facebook (Opens in new window)Click to print (Opens in new window) Related