ԼԻԱՐԺԵՔ ՍԿՍԵՑ ԳՈՐԾԵԼ ՇՈՒՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԷԼԵԿՏՐՈՆԻԿԱՅԻ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆ

20190219_100101

Էլեկտրոնիկայի (սխեմոտեխնիկայի) լաբորատորիան լիարժեք դասավանդման համար արդեն ունի անհրաժեշտ նվազագույն պայմանները:

Խոսելով լաբորատորիայի պայմանների մասին՝ Էլեկտրոնիկայի լաբորատորիայի ղեկավար Սամվել Բեկթաշյանը նշեց, որ ուսանողները սովորում են ռադիոէլեկտրոնիկայի տարրերի բազմազանությունը, դրանց գրառման պայմանանշանային համակարգը, մեծությունների չափման գիտությունը, այնուհետև ուսանողը համակարգչի միջոցով, էլեկտրոնային կուլմանով (գծագրային տախտակ) տրված հանձնարարությունը վեր է ածվում գծագրային տեսքի, հաշվարկներ է կատարվում սկզբունքային շղթաների բաղադրիչների ընտրության համար, որից հետո ուսանողն իր գծած գծագրի հիման վրա փաստացի հավաքում է տվյալ շղթան (սարքավորումը), այնուհետ միացնելով հոսանքի աղբյուրին չափումներ է կատարում փաստացի և վիրտուալ էլեկտրոնաչափիչ գործիքներով (մասնագետների համար տեղեկացնենք, որ այդ սարքերն են՝ մուլտիմետր, տեստեր, օսիոլոգրաֆ, հաճախաչափ, ազդանշանների գեներատոր, հաճախությունների անալիզատոր և այլն):

Դասավանդման ընթացքին անդրադառնալով՝ լաբորատորիայի ղեկավարն ընդգծեց, որ նախևառաջ ուսանողներին տրվում է տեսական նյութը, որը փորձարարական ճանապարհով ներկայացվում է փաստացի գործողության մեջ:

Ուսանողների աշխատանքային սեղանը ապահոված է օդամաքրիչ սարքով, տարբեր հոսանքի աղբյուրով, էլեկտրական զոդիչով, լուսավորությամբ, որը բավարար պայման է ստեղծում իրականացնելու բարդ կարգի ինժեներական աշխատանքներ:

-Լաբորատորիայի ներկայիս հագեցվածությունը հնարավորություն է ընձեռում, որպիսի ուսանողը կյանքի կոչի իր ձեռք բերած տեսական գիտելիքները: Լաբորատորիան բազային է, որտեղ կարող են դասախոսել էլեկտրոնիկա, էլեկտրոտեխնիկա, ՏՏ առարկաներ դասավանդող դասախոսները,-ասաց Ս. Բեկթաշյանը:

Վերջինս կարևորեց այն փաստը, որ համանման լաբորատորիա չկա ոչ միայն Արցախի համալսարաններում, այլ նաև՝ Հայաստանի մասնագիտացված համալսարաններում՝ հատկանշելով, որ Էլեկտրոնիկայի լաբորատորիան կարող է նմուշ-օրինակ ծառայել համապատասխան ուսումնական հաստատությունների լաբորատորիաներ ստեղծելու և կահավորելու համար: