Կարծում եմ՝ գաղափարը կենսական և շահեկան է. Հայկ Սարգսյանը` Արայիկ Հարությունյանի հոդվածի մասին

102620

Շուշիի տեխնոլոգիական համալսարանում հանդես ենք եկել դասախոսություններով և որոշակի կոնսուլտացիաներ ենք անցկացնում պրոֆեսորադասախոսական կազմի, ասպիրանտների ու մագիստրանտների հետ տնտեսագիտության և տեխնոլոգիաների համակցության հարցերի շուրջ, քանի որ այսօր տնտեսագիտությունը փոխել է իր ամբողջ բովանդակությունը այն առումով, որ դասական, ավանդական մեթոդները մղվում են երկրորդ պլան այն խնդիրների համեմատ, որոնք արդիական են:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ հարցազրույցում ասել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, ՀՀ հանրային խորհրդի անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը և ավելացրել, որ բուհի հետ ձևավորված է համագործակցության բավարար մակարդակ:
 
— Պարո՛ն Սարգսյան, ի՞նչ հարցեր են շոշափվել աշխատանքային այցի ընթացքում:
 
— Եթե նախկինում մենք քիչ գաղափար ունեինք տնտեսագիտության այն բնագավառների մասին, որոնք վերաբերում են ինստիտուցիոնալիզմին՝ որպես կառավարման շատ կարևոր օղակի, ապա այսօր այն դարձել է այնքան առաջնային, որ կարողանում ենք մեր հրապարակումներով դուրս գալ միջազգային ասպարեզ: Կարծում եմ՝ սա շատ շահեկան է լինելու տնտեսությունում կառավարման արդյունավետ մեթոդներ գործադրելու առումով: Այդ աշխատանքների շնորհիվ կարողացանք ունենալ մեթոդիկա, որը հնարավոր է դարձնում ախտորոշել ու կառավարել սահմանադրական դեֆիցիտը և երկրում ապահովել սահմանադրականության հնարավորինս բարձր մակարդակ: Պետք է կարողանանք, իսկապես, լուրջ ձեռքբերումներ ունենալ ժողովրդավարական ինստիտուտների գործադրման, քաղաքական համակարգերի կայացման և, ընդհանրապես, մեր կյանքը պայմանավորող բոլոր ասպեկտների ներառման ոլորտներում: Խնդիրների այս շրջանակը գիտական հետազոտությունների առարկա է, որը փորձում ենք ներդնել նաև կրթական համակարգում:
 
Ինչ վերաբերում է Արցախին, ապա նշեմ, որ այս խնդիրների հետ ծանոթացնում ենք մեր գործընկերներին: Այցի ընթացքում կարողանում ենք ունենալ նաև գիտագործնական հանդիպումներ:
 
— Պարո՛ն Սարգսյան, ի՞նչ կարծիք ունեք Արցախի կառավարության գործունեության, հատկապես վերջին տասնամյակում ունեցած ձեռքբերումների ու բացթողումների վերաբերյալ:
 
— Նկատենք, որ շատ տպավորիչ է այդ ժամանակահատվածում Արցախի կառավարության կողմից արձանագրած տնտեսական աճը, քանի որ, նախ և առաջ, այն գործադրվել է տնտեսության կառուցվածքային փոփոխությունների առկայության պայմաններում: Եվ եթե փորձում ենք համեմատել հայաստանյան մի ժամանակահատվածի հետ, երբ ունեցել ենք 10 և ավելի տոկոս տնտեսական աճ, կարելի է նկատել, որ այդ աճերը էապես տարբերվել են իրարից:
 
Արցախի դեպքում մենք ունեցանք դիվերսիֆիկացիոն աճ ներդրումների մուլտիպլիկատիվ էֆեկտով, ենթակառուցվածքների զարգացման զուգորդմամբ, մինչդեռ հայաստանյան տնտեսական աճը բնութագրվում էր շինարարության բումով:
 
Ձեռքբերումներին զուգահեռ կցանկանայի բարձրաձայնել նաև այն խնդիրների մասին, որոնք առաջացել են, և որոնք տիպիկ չեն միայն Արցախին: Այդ խնդիրները կարելի է դասել երեք խմբի: Առաջինը, թերևս, հարստության պոտենցյալի չգործադրումն է: Այն, ինչ այսօր կա Հայաստանում և Արցախում՝ հողը, ջուրը, մարդկային կապիտալը, դեռևս անթույլատրելի վատնում է: Մենք այսօր հետ ենք մնացել նաև մարդկային կապիտալի գործադրման առումով: Երբ փորձում ենք գտնել կապիտալի գործադրման սինդրոմը, հարկ է ուսումնասիրել այլ երկրներինը: Կարծում եմ՝ կրթությունը՝ որպես գերակա ռազմավարական մարտահրավեր, պետք է մղվի առաջին պլան, քանի որ սերտորեն առնչվում է տնտեսության օպտիմալ կառուցվածք ունենալու հիմնախնդրին: Սա գերխնդիր է, որի լուծման համար անհրաժեշտ է գործադրվեն լավագույն կառավարման ջանքեր այն իմաստով, որ պետք է գիտակրթական համակարգի նկատմամբ վերաբերմունքը էապես փոխվի:
 
— Անդրադառնանք Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի՝ վերջերս հրապարակածհոդվածին, որով առաջարկ է արվում ՀՀ նոր կառավարությանը մոտեցումները փոխել տնտեսության զարգացման առումով: Ձեր կարծիքով այն ինչքանո՞վ է իրատեսական և հիմնավորված:
 
— Գաղափարը շատ լավն է, այն կրեատիվ հենք ունի: Այսօր Հայաստանում տարեկան 2.5-3 միլիարդ դոլարի ներդրումներ պետք է ունենանք, որպեսզի ապահովենք ընդլայնված վերարտադրություն և կարողանանք լուծել ենթակառուցվածքների խնդիրները, ինչը տնտեսության համար շարժիչ ազդակ է: Պետք է կարողանանք կառուցվածքային տեղաշարժերի նախադրյալներ ստեղծել: Նույն հարթության մեջ պետք է դիտարկել զբոսաշրջության և գյուղատնտեսության խնդիրները:
 
Այս առումով, կարծում եմ՝ գաղափարը կենսական և շահեկան է: Միաժամանակ կարևոր է, որ խնամքով վերաբերվենք այն մեխանիզմների մշակմանն ու գործադրմանը, որոնք հնարավորություն կտան այդ գաղափարը կյանքի կոչելու: Այդ ամենի հետ մեկտեղ կարևորում եմ մեր կառավարման համակարգի կատերալագործումը: Շատ դեպքերում մենք լավագույն կառավարման իմիտացիա ենք ստեղծում: Տնտեսագիտության առանցքային հիմնախնդիրներից է օպտիմալ կուտակման նորմայի հիմնախնդիրը:
 
«Սպառել, թե կուտակել» դիլեմայի օրինակով տնտեսագիտության և՛ միկրոմակարդակում, և՛ մակրոմակարդակում պետք է կարողանանք կայացնել ճշգրիտ որոշումներ: Կարծում եմ՝ պետք է նպաստավոր պայմաններ ստեղծել մասնակցային գործընթացների և, ընդհանրապես, երկրում բաժնետիրացման առումով: Շատ կարևոր հիմնախնդիր է նաև բաշխման արդար հարաբերությունների արմատավորումը: Պետական կառավարման համակարգի էֆեկտիվ ներդրումների ապահովման գերխնդիրը ռազմավարական ծրագրերի մշակումն ու իրագործումն է լինելու:
 
Հարցազրույցը՝ Անի Ավանեսյանի
Աղբյուրն՝ այստեղ