Արայիկ Հարությունյան. Լեզվի իմացությունը դառնում է գերխնդիր

49203257_269656650398382_7917620516226072576_n

Հերթական անգամ ձեզ հետ կիսվելով իմ մտորումներով` այսօր կանդրադառնամ կրթությանը կամ, ավելի կոնկրետ, օտար լեզուների իմացությանը:

Բայց նախ մի դիտարկում կատարեմ: Վերջին շրջանում հաճախ է խոսվում Հայաստան և Արցախ այցելող ռուս զբոսաշրջիկների թվի ավելացման մասին: Դրա պատճառները, համոզված եմ, պայմանավորված են բազմաթիվ գործոններով, ինչպիսիք են, օրինակ, ներքին օգտագործման անձնագրերով Հայաստան այցելելու հնարավորությունը, մեր երկրի ավելի մատչելի պայմանները, տեսարժան վայրերը և այլն: Բայց, ըստ իս, ռուս զբոսաշրջիկների՝ Հայաստան այցելելու ամենամեծ մոտիվացիան առաջին հերթին տեղի բնակչության մեծ մասի՝ ռուսաց լեզվին տիրապետելն է, որը նրանց համար լրացուցիչ հարմարավետություն է ստեղծում: Իսկ թե ինչպիսի մուլտիպլիկատիվ կարևոր ազդեցություն է ունենում զբոսաշրջության աճը տնտեսության բազմաթիվ ոլորտների զարգացման վրա, կարծում եմ, շատերիդ է հայտնի: Սակայն զբոսաշրջությունը այս պարագայում, թերևս, ամենապարզ օրինակն էր, որի մասին ցանկանում եմ խոսել:

Սինգապուրի առաջին վարչապետ Լի Կուան Յուն, ով այդ երկիրը կառավարեց երեք տասնամյակ և աղքատ ու ոչ մեծ հնարավորություններ ունեցող պետությունը վերածեց աշխարհի ամենազարգացած երկրներից մեկի, իր առանցքային բարեփոխումներից համարեց կրթությունը՝ հատկապես անգլերեն լեզվին տիրապետելն ու գործածությունը դարձնելով պարտադիր։ Ի դեպ, իր Հայաստան կատարած այցի ժամանակ ևս նա երկրի զարգացման նախապայման համարեց անգլերենը աշխատանքային լեզու դարձնելը:

Ես, իհարկե, դեմ եմ այդ ծայրահեղությանը, բայց որպեսզի ավելի ընկալելի դառնանք աշխարհին, որպեսզի ներդրողի ու զբոսաշրջիկի համար մեր երկիրը ավելի հետաքրքիր դարձնենք, հավատացնում եմ, որ միայն ենթակառուցվածքներն ու բիզնես միջավայրի բարելավումը բավարար չեն: Այսինքն, մենք պետք է հրաժարվենք հանրակրթության և բուհական համակարգում գոյություն ունեցող օտար լեզուների ուսուցման գործող մեթոդներից և պարտադիր կերպով նոր եղանակներ կիրառենք, որպեսզի մեր քաղաքացին բավարար մակարդակով տիրապետի գոնե երկու օտար լեզվի՝ ռուսերենին և անգլերենին:

Տարիներ շարունակ Արցախի կառավարությունը անգլերեն լեզվի ուսուցման անվճար դասընթացներ է կազմակերպել պետական համակարգի աշխատողների համար, ինչը, սակայն, բավարար չի եղել գոնե այդ հատվածի՝ լեզվի իմացության անհրաժեշտ մակարդակն ապահովելու համար:

Ասածս այն է, որ օտար լեզուների պարտադիր ուսուցումը պետք է դառնա մեր երկրի ապագա զարգացման կարևոր նախապայմաններից մեկը, և այդ ուղղությամբ անելիքներ ունենք միասին: Ի վերջո, արդի տեխնոլոգիաների ժամանակներում, երբ աշխարհը բաց է յուրաքանչյուրիս համար, լեզվի՝ որպես հաղորդակցության կորևորագույն միջոցի իմացությունը դառնում է գերխնդիր: