ԿԼՈՐ ՍԵՂԱՆ — ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ՇՈՒՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

DSC_0063

Այսօր համալսարանի նիստերի դահլիճում ուսանողների նախաձեռնությամբ տեղի է ունեցել կլոր սեղան ձևաչափով քննարկում` ՇՏՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանի, բուհի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմի մասնակցությամբ:

Ողջունելով նման ձևաչափով հանդիպումն ու քննարկումը՝ Ա. Հարությունյանը պատրաստակամություն է հայտնել սատարել ու աջակցել ուսանողներին, և նշել, որ նրանց համար կստեղծվեն բոլոր պայմանները, որոնք կխթանեն լիարժեք և բարձրորակ կրթություն ստանալուն:

— Անհրաժեշտ է բուհում էապես փոխել ուսուցման մեթոդիկան՝ կիրառելով նոր, ոչ ստանդարտ կրթական արդյունավետ մոտեցումներ: Ցանկալի է համալսարանում պարբերաբար անցկացնել արտաժամյա անհատական պարապմունքներ, այդ կերպ ուսանողն ավելի շատ գիտելիքներ կարող է ստանալ: Մեզ նորանոր մարտահրավերներ են սպասվում, քանի որ ամեն ինչ դեպի թվայնացման ու ավտոմատացման է գնում և մոտ ապագայում մարդկային ներուժի կարիքը պետական ու մասնավոր ապարատներում զգալի կնվազի: Հաշվի առնելով այս հանգամանքը, ցանկացած ոլորտի մասնագետ պիտի կարողանա քայլել ժամանակի պահանջներին համահունչ, զբաղվի ինքնակրթությամբ և հետևի աշխարհի զարգացումներին: Բուհի դասախոսների համար պետք է շարունակաբար անցկացնել վերապատրաստումներ: Դասախոսը պետք է մասնագիտական կարողությունների հետ զուգահեռ տիրապետի նաև հոգեբանի հմտություններին և լինի հոգեբան ուսանողի համար- ասաց Ա. Հարությունյանը:

Քննարկումների շուրջ ելույթներ ունեցան համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամներ, դոցենտներ Կարեն Ներսիսյանը և Գագիկ Բաղունցը, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ:

Բանախոսները համակարծիք եղան, որ ուսանողների կողմից բարձրացված հարցերի լուծումները կախված են ինչպես դասախոսից, այնպես էլ՝ ուսանողից, համատեղ համագործակցությունից և միասնական թիմի ընկալում ունենալուց:

Կլոր սեղանի մասնակիցները նշեցին, որ նման ձևաչափով հանդիպումներն օգտակար են և պետք է ունենան շարունակական բնույթ:

Ալիսա Սարգսյան

DSC_0052DSC_0033