ՇՈՒՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՍԵՄԻՆԱՐ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Շուշիի տեխնոլոգիական համալսարանում տեղի է ունեցել սեմինար-խորհրդակցություն՝ “ԱՀ Խանապատի տոհմակայանի արդի վիճակը և զարգացման հիմնախնդիրները” թեմայով, որին մանակցել են ԱՀ գյուղնախարարության փոխնախարար Տիգրան Առստամյանը, անասնաբուժության և անասնաբուծության վարչության պետ Նորայր Մուսայելյանը, «Հանրապետական անասնաբուժական և սննդամթերքի լաբորատորիա» ՊՈԱԿ-ի տնօրեն, անասնաբուժական գիտությունների թեկնածու Ֆլորա Իսկանդարյանը, «Խանապատի տոհմային կայան» ՓԲԸ-ի  տնօրեն Գեորգի Լալայանը, կայանի ներկայացուցիչներ, համալսարանի դասախոսներ, ուսանողներ:

Սեմինար-խորհրդակցությանը վարել է համալսարանի պրոռեկտոր Սարիբեկ Գալստյանը։

Հիշեցնենք, որ ԱՀ Կառավարության որոշմամբ, «Խանապատի տոհմային կայան» ՓԲԸ-ի  հավաստագրային կառավարումը հանձնարարվել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանին։ Դա նպատակ է հետապնդում համալսարանում առկա գյուղատնտեսական գիտության ներուժն օգտագործել հանրապետության  էկոնոմիկայի գերակա ճյուղ հանդիսացող՝ անասնաբուծության զարգացման գործում, միաժամանակ, հաշվի առնելով ներկայումս թողարկվող շրջանավարտների գիտագորձնական ոչ լիարժեք մակարդակը, գործնական կապ ստեղծել ուսանողի տեսական գիտելիքների և պրակտիկ հմտությունների միջև:

“Այդ կապի ստեղծումը կնպաստի ոչ միայն ուսանողների գործնական հմտությունների զարգացմանը, այլ նաև խթան կհանդիսանա երիտասարդ դասախոսների գիտական մտահղացման համար”,- ասել է Ս. Գալստյանը:

«Խանապատի տոհմակայան փակ բաժնետիրական ընկերության ստեղծման նպատակները և  արդի վիճակը», «Խոշոր եղջերավոր անասունների կաթնային մթերատվության ձևավորման և մատղաշի նպատակադիր աճեցման գիտական հիմունքները», «Կերի կայուն բազայի ուղիները Արցախի հանրապետությունում», «Խանապատի տոհմակայան փակ բաժնետիրական ընկերությունում հորթերի աճեցման կաթնային շրջանում գրանցված հիվանդությունները և անհրաժեշտ բուժպրոֆիլակտիկ միջոցառումների կիրառումը» թեմաների շուրջ զեկույցներով հանդես են եկել Թ. Ալավերդյանը,  գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Ս. Շահնազարյանը, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ա. Գուլյանը, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Ֆլորա Իսկանդարյանը:

Բանախոսներն անդրադարձել են նաև անասնապահության ոլորտում արձանագրաված թերացումներին ու խնդիրներին:

Ալիսա Սարգսյան

20181031_14171620181031_14095720181031_133507(0) (1)