ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀԵՐԹԱԿԱՆ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑ ԵՆ ԿԱՏԱՐԵԼ ՇՈՒՇԻԻ ՊԱՏՄԱԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Շուշիի տեխնոլոգիական համալսարանն ուսանողների մշակութային զարգացման շրջանակներում կազմակերպում է այցելություններ Շուշիի պատմաերկրագիտական, կերպարվեստի, երկրաբանական և դրամների թանգարաններ՝ նպատակ ունենալով նոր սերնդին ծանոթացնելու  ինչպես քաղաքի պատմամշակութային կյանքին ու Արցախի  պատմությանը, այնպես էլ հայկական մշակութային արժեքներին, նրանց մեջ դաստիարակելու ռազմահայրենասիրական ոգի: Նշենք, որ այցելությունները բաժանված են ըստ մասնագիտական ոլորտների:

Ուսանողների հերթական այցը եղել է Շուշիի պատմաերկրագիտական թանգարան, որը նախաձեռնել են համալսարանի հումանիտար ամբիոնի վարիչ, պատմաբան Մհեր Հարությունյանը և ֆիզիկայի դասախոս Էլեոնորա Ավանեսյանը՝ բուհի Միջին մասնագիտական կրթական ծրագրերի «Փոխադրումների կազմակերպում և կառավարում», «Գյուղատնտեսագիտություն», «Անասնաբուժություն»  մասնագիտությունների 1-ին կուրսեցիների մասնակցությամբ, որտեղ նրանք ծանոթացել են թանգարանի ստեղծման պատմությանը, բերդաքաղաքի բազմադարյա անցյալը լուսաբանող հնություններին, թվով շուրջ 5000 հավաքածուներին՝ հարուստ ազգագրական բնույթի տեղեկություններով, արվեստի գլուխգործոցներ ներկայացնող տեղական արհեստագործների արտադրանքներին, քաղաքի ազատագրական տարբեր ժամանակաշրջանների հերոսական դրվագներին:

Համալսարանը, կարևորելով և խրախուսելով նման այցելությունների դերն ուսանողության շրջանում, շարունակաբար կկազմակերպի ուսանողների համար այցելություններ թանգարաններ…