ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԵԿՏՈՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՔՄԱՋՅԱՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների հորհուրդը, Արցախի Հանրապետության պետնախարար Ա.Վ. Հարությունյանի նախագահությամբ գումարել է 2018 թ. իր առաջին նիստը:

Խորհուրդը դրական է գնահատել ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի աշխատանքը և ընդունել է նրա հաշվետվությունը  2017թ. համալսարանի իրականացրած գործունեության վերաբերյալ:

Ի գիտություն է ընդունվել, որ համալսարանի ֆինանսական մուտքերը, նախորդ տարվա համեմատ, աճել են 4 անգամ, ոչ բյուջետային մուտքերը` 7,7 անգամ: Համալսարանը ստացել է գյուտերի հեղինակային իրավունքի 8 վկայական: Համալսարանում սինթեզվել է շուրջ երկու տասնյակ նոր եթերայուղ, յոթ տասնյակ անվանում այլ արտադրատեսակ:

Համալսարանի ուսանողները հաջողությամբ մասնակցել են միջազգային առարկայական օլիմպադաների ու գիտաժողովների աշխատանքներին: Թբիլիսիում համալսարանի մագիստրանտ Աշոտ Բալայանը հիդրոտեխնիկայից նվաճել է միջազգային օլիմպիադայի ոսկե մեդալ:

Համալսարանում, երկու տարվա ընթացքում, կահավորվել է 8 ուսումնագիտական լաբորատորիա, որոնցից երկուսը` հետազոտական:

Համալսարանի ուսանողները 4500 ուսանող ժամ ծավալով դասընթացներ ու փորձուսուցում են անցել Երևանում: 

Խորհուրդը հաստատել է համալսարանի 2018թ. նախահաշիվն ու հաստիքացուցակը: Մեկ այլ որոշմամբ, խորհուրդն ընդունել է համալսարանի ֆինանսատնտեսական գործունեության աուդիտորական ստուգում անցկացնելու մասին որոշում:

Քննարկվել են ուսումնական, հետազոտական և արտադրական ուղղություններով համալսարանի առաջիկա խնդիրները: