Ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի ուղերձը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ

Սիրելի ուսանողներ, հարգելի դասախոսներ, համալսարանի հարգարժան աշխատակիցներ.

Ավարտվում է 2017 թվականը և անհրաժեշտություն է առաջացել գնահատելու արածը և մտածելու առաջիկա քայլերի մասին:

Ընդամենը երկու տարի առաջ, այս օրը` 2015 թվականի դեկտեմբերի 28-ին ԱՀ կառավարության որոշմամբ “ծնվեց” Շուշիի տեխնոլոգիական համալսարանը: Քչերն էին հավատում համալսարանի կայացման հնարավորությանը, ցավոք կային նաև խանգարողներ ու չարախոսողներ: Սակայն մենք, միասին արդյունավետ ճանապարհ անցանք այս երկու տարիների ընթացքում և Շուշիի տեխնոլոգիական համալսարանին արդեն ճանաչում են մի շարք երկրներում:

Համալսարանում կահավորվել և գործում են և թվով  7 լաբորատորիաներ, որոնցից 2-ը` հետազոտական: Բազմաթիվ են այն մշակումները, որոնք պատրաստ են կյանք մտնելու. գյուտերի 8 արտոնագիր, տասնյակ տեսակի արժեքավոր եթերայուղեր, նոր մշակաբույսերի աճեցման փորձարկումներ, շուրջ 70 գյուղատնտեսական վերամշակված արտադրատեսակներ:

2017 թվականին hամալսարանի մագիստրանտ Աշոտ Բալայանը Թբիլիսիում հիդրոտեխնիկայից նվաճեց Հարավային Կովկասի ուսանողական միջազգային օլիպիադայի ոսկե մեդալը:

Մեր ուսանողներն ու դասախոսները հանդես եկան միջազգային գիտաժողովներում: Տպավորիչ էին ասպիրանտ Վրեժ Հայրապետյանի, մագիստրանտներ Հայկ Մնացականյանի և Գևորգ Զաքարյանի ելույթները ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքում և Լեհաստանի Չեստոխովա քաղաքում  գումարված միջազգային գիտաժողովներում: 

2017 թվականին ավարտվեց ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի հետ ինտեգրման կարևորագույն գործընթացը: Այն նոր հեռանկարներ է բացում համալսարանի զարգացման ճանապարհին: Եվ այժմ, քան երբևէ կարևոր է, որպեսզի ագրարային համալսարանից տեխնոլոգիականի շարքերը համալրած յուրաքանչյուր ուսանող, դասախոս, աշխատակից շրջապատված լինի անհրաժեշտ հոգածությամբ, հարգանքով ու սիրով: Մենք այլևս ու առհավետ մի ճանապարհով պիտի գնանք և այդ ճանապարհը տանելու է դեպի Արցախի հզորացում…

Համալսարանի դասախոսների և ուսանողների կողմից 2017 թվականին մշակվել են մի շարք նախագծեր` կապված հանրապետությունում ջրամատակարարման և ոռոգման խնդիրների լուծման հետ: Ավարտին է մոտենում Շուշիի ջրամատակարարման նախագծի իրականացումը: Համալսարանը սկսել է սահմանամերձ Մեխակավանի գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները, որը կավարտի ամենասեղմ ժամկետներում:

2018 թվականին համալսարանը կիրականացնի նաև 2 կարևորագույն փորձարարական բազաների կազմավորում` Սարուշենում և Իշխանաձորում:

…Հարգելի գործընկերներ. այս բոլորը մեկ տարի առաջ ԴՈՒՔ հավակնոտ, դժվար իրագործելի ծրագրեր էիք համարում, իսկ երկու տարի առաջ անիրականանալի: Սակայն մենք միասին սերտեցինք առաջին կարևոր դասը. երբ կա հետևողական աշխատանք ու հավատ` հաղթահարելի են բոլոր արգելքները: Իսկ հաջորդ տարի, առաջնայինը մեզ համար լինելու է կրթության որակի բարձրացման արգելքի հաղթահարումը… թող որ մի քիչ, մի փոքր, սակայն կանոնակարգված ու կառավարելի… ԱՀԱ ԱՅՍՊԻՍԻՆ Է 2018 ԹՎԱԿԱՆԻ ԽՆԴԻՐԸ …

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ: