ՄՐՑԱՇԱՐԵՐ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ ՔՐԻՍՏԱՓՈՐ ԻՎԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 97-ԱՄՅԱԿԻՆ

Շուշիի տեխնոլոգիական համալսարանում դեկտեմբերի 18-20-ը տեղի ունեցավ շախմատի և սեղանի թենիսի մրցույթներ՝ նվիրված Արցախի հերոս Քրիստափոր Իվանյանի ծննդյան 97-ամյակին, որը կազմակերպել էր Շուշիի տեխնոլոգիական համալսարանի «Հումանիտար և լեզուների» ամբիոնը:

Դեկտեմբերի 20-ին Արցախի հերոս՝ «Ոսկե արծիվ» շքանշանակիր Քրիստափոր Իվանյանի ծննդյան օրն է, նա կդառնար 97 տարեկան:

Գեներալ Իվանյանն ամենաանմիջական մասնակցությունն է ունեցել Արցախում կանոնավոր բանակի կազմավորմանը, դրա համար զինվորական մասնագետ կադրերի ձևավորմանը: Նրա ղեկավարությամբ պլանավորվել ու հաջողությամբ իրականացվել են մի շարք մարտական գործողություններ:

Մարտադաշտերում ցուցաբերած արիության, հերոսության ու հայրենիքին մատուցած ծառայությունների համար նրան շնորհվեց գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում: Նա արժանացավ ՀՀ և ԼՂՀ 1-ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանների, «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» մեդալի: Նրա անունով են անվանվել Արցախի քաղաքներից մեկը, Ստեփանակերտի զինվորական ուսումնարանը, ԼՂՀ ՊՆ կից զինվորական-սպորտային քոլեջը:

Շուշիի տեխնոլոգիական համալսարանում կազմակերպած մրցույթին մասնակցում էին ուսանողները: Մրցույթը, մասնավորապես գլխավորում էին Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ֆիզկուլտուրայի դասախոս, մարզիչ Գագիկ Օսիպյանը, շախմատի մասնագետ Կարեն Ավագիմյանը, դասախոս Առնոլդ Արզանգուլյանը: Ուսանողները մեծ ոգևորությամբ էին մասնակցում խաղին:

Բավականին հետաքրքիր ու անզիջում պայքարի արդյունքում շախմատի մրցույթում առաջին տեղը զբաղեցրեց Գևորգ Շաբոյանը, երկրորդը՝ Սասուն Դավթյանը, իսկ երրորդ տեղը զբաղեցրեց Հայկ Հարությունյանը:

Սեղանի թենիսի մրցույթում տղաների թիմից առաջին տեղը զբաղեցրեց Սերգեյ Ավանեսյանը, երկրորդը՝ Վահե Գևորգյանը, երրորդը տեղը զբաղեցրեց Պավել Պողոսյանը, իսկ աղջիկների թիմից առաջին տեղը զբաղեցրեց Հերմինե Առուշանյանը, երկրորդը՝ Իրինա Բաղդասարյանը, իսկ երրորդ տեղը զբաղեցրեց Զոյա Սահակյանը:

Մրցանակային տեղեր զբաղեցրած ուսանողները պարգևատրվեցին պատվոգրերով: