ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ ԷԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Նոյեմբերի 2-ին Շուշիի տեխնոլոգիական համալսարանը հյուրընկալեց ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կարգավորման վարչության ապահովագրական համակարգի կարգավորման բաժնի աշխատակից Էլլա Հակոբյանին:

 Էլլա Հակոբյանը ներկայացրեց «ՀՀ ապահովագրական համակարգի ընդհանուր նկարագիրը: Ապահովագրության հիմնական սկզբունքները, տեսակները, ապահովագրական համակարգի հիմնական մասնակիցները: Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» թեմայով դասախոսություն:

Դասախոսության ընթացքում է. Հակոբյանը ներկայացրեց Հայաստանի ապահովագրական համակարգի կառուցվածքը, ակտիվությունը բնութագրող հիմնական ցուցանիշները, ինչպես նաև ապահովագրական շուկայի հիմնական մասնակիցներին: Խոսելով ապահովագրության և ապահովագրական համակարգի մասին՝ Է. Հակոբյանը նշեց. «2011թ. ԱՊՊԱ համակարգի ներդրումը հանգեցրել է ապահովագրական համակարգի ակտիվությունը բնութագրող հիմնական ցուցանիշների կտրուկ աճի: Միևնույն ժամանակ դեռևս առկա է համակարգի զարգացման մեծ պոտենցիալ, որի ուղղությամբ պետք է ձեռնարկվեն հետևողական քայլեր»:

Դասախոսության ընթացքում բանախոսը ներկայացրեց նաև ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների տեսակները, դրանց հաշվարկման մեթոդաբանությունը և տնտեսագիտական իմաստը` կարևորելով դրանց նշանակությունը ապահովագրական ընկերությունների ֆինանսական կայունության ապահովման գործընթացում: