«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՍԱՆԵՐԻ ԱՅՑԸ ՇՈԻՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասավանդողների և սաների խումբը` տնօրեն Աշոտ Բլեյանի գլխավորությամբ, կենսամշակութային արշավի շրջանակներում հուլիսի 6-ին հյուրընկալվեցին Շուշիի տեխնոլոգիական համալսարանում, որտեղ ծանոթացան բուհում գործող լաբորատորիաների աշխատանքներին, եղան գրադարանում:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Ա. Բլեյանը ներկայացրեց «Գեղարվեստը կրթահամալիրում» և «Տեխնոլոգիական հանրակրթություն: Արտադրությամբ ուսուցում» թեմաներով զեկույց, որտեղ մասնավորապես ծանոթացրեց կրթահամալիրի ուսումնական պլաններին, ուսումնական ջերմոց-լաբորատորիայի, «Գարդենիա» ակումբի և «Սեբաստացի» ագարակ` գյուղացիական ուսումնական տնտեսության աշխատանքներին:

Կրթահամալիրում գործում են բազմաթիվ ակումբներ, որոնցից են «Գիտակների», «Անգլախոսների», «Հայրենագիտական», «Տիեզերք» «Էկոլոգների», «Բուսաբանների», «Երիտասարդ քիմիկոսների», «TV» ակումբները և այլն։

«Հարազատ և ջերմ մթնոլորտ էր: Առաջին այցով մենք հաստատեցինք մեր վճռականությունը համագործակցելու Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հետ: Կաջակցենք, որ համալսարանն իր անվանը համապատասխան գործի՝ տեխնոլոգիաների վրա ուսուցումը կառուցվի: Ուսուցումը պետք է մարդուն տա արդյունավետ աշխատելու կարողություն: Այն ինչ որ տեսանք բնական տեխնոլոգիաների լաբորատորիաներում լուրջ հետազոտական աշխատանքներ են, որը հուսադրող է: ՇՏՀ-ին մեծ ապագա է սպասվում»,- նշեց Ա. Բլեյանը: