«էԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ III ԿՈՒՐՍԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ ԵՆ ԱՆՑՆՈՒՄ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Հուլիսի 2-8-ը Շուշիի տեխնոլոգիական համալսարանի «Էլեկտրաէներգետիկա» մասնագիտության III կուրսի ուսանողները արտադրական պրակտիկա են անցնում Երևանում։

Ուսանողներն այցելում են Երևանի քաղաքապետարանի «ԵՐՔԱՂԼՈՒՅՍ» փակ բաժնետիրական ընկերություն և ծանոթանում Երևան քաղաքի արտաքին լուսավորությունն ապահովող ու սպասարկող ընկերության կառուցվածքին, իրականացվող աշխատանքներին։ Նրանք մասնակցում են նախագծային բաժնի աշխատանքներին, որտեղ հնարավորություն է ընձեռվում ծանոթանալ արտաքին լուսավորության համակարգերի նախագծման հիմնական դրույթներին և շահագործման ռեժիմներին, Երևան քաղաքի արտաքին լուսավորության կառավարման վահանակի շահագործման և կիրառման սկզբունքներին։

Ուսանողների անմիջական մասնակցությամբ կազմակերպվում են հսկիչ շրջայց Երևանում, որի ընթացքում հետևում են արտաքին լուսավորման համակարգերի վթարների բացահայտման, ախտորոշման և դրանց վերացման աշխատանքներին։

Փորձուսուցման շրջանակներում նրանք այցելում են «ԵՐՔԱՂԼՈՒՅՍ» ընկերության պահեստներ, որտեղ մասնակցում են հենասյունների արտադրման ընթացքին։ Այցելում են նաև ընկերության վերահսկիչ բաժանմունք, որտեղ նրանց ներկայացվում է վերահսկիչ գործիքամիջոցներն ու մեթոդները, որոնցով կատարվում է համակարգի ծախսած էլեկտրաէներգիայի վերահսկումը: Ուսանողները եղան արտաքին լուսավորման համակարգերում օգտագործվող լամպերի լուսատվությունը և այլ պարամետրեր չափող լաբորատորիայում` աշխատանքի սկզբունքին ծանոթանալու նպատակով։

Փորձուսուցման ընթացքում ուսանողները լինում են «ԵՐՔԱՂԼՈՒՅՍ» ընկերության շրջանային տեղամասերում և մանրամասն ուսումնասիրում տեղամասի աշխատանքները, մասնակցում վթարված սարքավորումների վերանորոգման և ախտորոշման աշխատանքներին։

«ԵՐՔԱՂԼՈՒՅՍ» ընկերության փոխտնօրեն Վլադիմիր Սարգսյանը նշեց, որ բավականին դրական է վերաբերվում նմանատիպ փորձուսուցումների կազմակերպմանն ու իրականացմանը, ընդգծելով, որ դրանք խթանում են համալսարանում ստացած գիտելիքների ամրապնդմանը: Վ. Սարգսյանը հավելեց, որ նրանց հիմնական նպատակներից մեկն է` երիտասարդ սերնդին փոխանցել կուտակած փորձն ու գիտելիքները: