Ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի ուղերձը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ

iran-1-12

Սիրելի ուսանողներ, հարգելի դասախոսներ, համալսարանի հարգարժան աշխատակիցներ.

Մենք միասին ծանր, բայց արդյունավետ ճանապարհ անցանք 2016 թվականին: Մենք այդ ճանապարհն անցանք արժանապատվորեն ու խոստումնալից նախապայմաններ ստեղծեցինք 2017 թվականին ձեռք բերված հաջողություններն ամրապնդելու և առաջ գնալու համար:

Սիրելի ուսանողներ. ես խորապես զգացված եմ համալսարանի հանդեպ Ձեր անմնացորդ նվիրումի ու ապագայի նկատմամբ հավատի համար: 2016 թվականին ձեզանից շատերը դրսևորեցին բավարար աշխատասիրություն և կամք ինժեներական և գյուղատնտեսական մասնագիտությունների խրթին, բայց հետաքրքիր գաղտնիքներին տիրապետելու ուղղությամբ: Մեր ուսանողները հանդես եկան միջազգային գիտաժողովներում: Մասնավորապես տպավորիչ էր մագիստրանտ Աշոտ Բալայանի մասնակցությունը Լեհաստանի Չեստոխովո քաղաքում բնապահպանական խնդիրներին վերաբերող ծանրակշիռ գիտնականների մասնակցությամբ գիտաժողովում: Կարևոր ձեռքբերումներ ունեն միջին մասնագիտական կրթության քոլեջի մեր սովորողները: Իսկ այն ուսանողները, ովքեր դեռևս դժվարություններ ունեն ուսման գործընթացում, թող չսրտնեղեն. աշխատասիրության և համառության շնորհիվ և մեր դասախոսների օժանդակությամբ նրանք կկարողանան հաղթահարել ժամանակավոր դժվարությունները:   

Հարգելի պրոֆեսորներ, դոցենտներ, ասիստենտներ, դասախոսներ, լաբորանտներ, համալսարանի վարչակազմի այլ աշխատակիցներ. դուք ձեր բարեխիղճ ու նվիրված աշխատանքով կարողացաք լուծել բազմաթիվ խնդիրներ, անտրտունջ ու հետևողականորեն կառուցելով ձեր համալսարանը… կանցնի մի քանի տարի և դուք տասնապատիկ ետ կստանաք ձեր անխոնջ աշխատանքի արդյունքները, և դրանցից ամենաարժեքավորը կլինի ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ… այն հպարտությունը, որը կարող են ճաշակել միայն նորն արարողները. չէ որ այնքան դժվար է լինել առաջինը… Շուշիի տեխնոլոգիական համալսարանը ձեր անմնացորդ նվիրումով և ձեր պրոֆեսիոնալիզմով անպայմանորեն դառնալու է տարածաշրջանի լավագույն բուհերից մեկը… և դուք արդեն հավատում եք դրան:

Հարգարժան հավաքարարներ, արհեստավորներ,  բանվորներ. ամեն անգամ, երբ ես ոտք եմ դնում համալսարանի տարածք, մեծ բավարարվածություն եմ ապրում մաքրության, թարմության, անվերապահորեն ապահովված կարգ ու կանոնի համար… ձեր աշխատանքը ամենակարևորներից է… և դուք արժանի եք ամենաբարձր գնահատականի:

Ուզում եմ նաև երախտիքի խոսքեր ասել բոլոր նրանց, ովքեր հեռու լինելով Շուշիից, միշտ մեր կողքին էին ու մեզ հետ:

Գործընկերներ, դուք միասին 2016 թվականին կարողացաք ապահովել նաև այն կառուցողական մթնոլորտը, որը մեզ բոլորիս անհրաժեշտ էր առաջ գնալու համար: Դա ամենակարևորն էր…

… և ինչպես կասեր Պարույր Սևակը. թող գալիք տարին արագացնի այդ քայլքը, ու բարին հասնի բոլորիդ ու բոլորիս: Թող հայ մանուկներ շատ ծնվեն Նոր տարում և ծնվեն ճակատի այլ գրով. կնունքը՝ որտեղ կուզի, բայց նրանց հարսանյաց հանդեսը կատարվի մեր Մայր Հայրենիքում, ստորոտներում այն լեռների, ափունքներում այն լճերի ու գետերի, որոնց անունն արտասանելիս դողում են մեր շուրթերը և փշաքաղվում է մեր մաշկը…

 

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ: