ԳԻՏԵԼԻՔԱՀԵՆՔ ԱՊԱԳԱ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԸ` ՈՐԱԿՅԱԼ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ Է

Օրերս Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ընդհանուր աշխատանքների գծով ռեկտորի տեղակալ Ռ. Հարությունյանը և պրոռեկտոր Ս. Գալստյանը մի շարք հանդիպումներ ունեցան ԼՂՀ տարբեր բնակավայրերի (Ասկերանի շրջանի գյուղ Ավետարանոց, Ակնաղբյուր, Մարտունու շրջկենտրոնի, Ստեփանակերտի թիվ 1 կրթօջախներ) ավագ և հիմնական դպրոցների շրջանավարտների հետ:

Հանդիպմանը ներկա էին դպրոցի տնօրեններ, ուսուցիչներ:

Շրջանավարտներին ողջույնի խոսք ասաց Ռ. Հարությունյանը, ով մասնավորապես նշեց. «Բուհի հիմնական խնդիրն է շրջանավարտին ժամանակի պահանջներին համապատասխանող, գիտելիքներով զինված, հասարակության կողմից պահանջարկված շրջանավարտի թողարկումը: Ավելին, յուրաքանչյուր անհատ ինքնահաստատման խնդիր ունի, որը հնարավոր է միայն որակյալ կրթություն ստանալու պարագայում: Շուշիի տեխնոլոգիական համալսարանի առաջնահերթությունն է որակյալ կադրեր պատրաստելը:»

Ս. Գալստյանն իր խոսքում անչափ կարևորեց ագրարային մասնագետների պատրաստումը, որին կոչված է  Շուշիի տեխնոլոգիական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետը: «Լիարժեք մասնագետներ պատրաստելու նպատակով տեխնոլոգիական համալսարանը ձեռնամուխ է եղել գյուղատնտեսական ֆակուլտետը համալրելու բանիմաց մասնագետներով: Մասնագետների եղած բացը լրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունից և արտերկրից մասնագետներ հրավիրելու համար ձեռք են բերվել համապատասխան պայմանավորվածություններ, սակայն ագրարային ոլորտը չի կարող լիարժեք զարգանալ առանց արդի տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև ինտենսիվ երկրագործության  վարման կարևոր պայման հանդիսացող ոռոգման համակարգերի ստեղծման: Հաշվի առնելով այդ հանգամանքը, համալսարանում բացվել են նաև ջրաշինարարության  և տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագիտություններ, որոնց դերն անփոխարինելի է գյուղատնտեսության զարգացման գործում: Գյուղատնտեսական արտադրության  արդյունավետությունը բարձրացնելու նպատակով նոր ուսումնական տարում համալսարանում բացվելու է նաև պարենամթերքի տեխնոլոգիա մասնագիտությունը, որը հանրապետությունում արտադրվող գյուղմթերքների վերամշակման համար կպատրաստի համապատասխան մասնագետներ: Ուսանողների ուսուցումը դյուրին ու արդյունավետ դարձնելու նպատակով ստեղծվել են նաև հարմարավետ լսարանային և հանրակացարանային պայմաններ»- ասաց Ս. Գալստյանը:

 Հանդիպման վերջում Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ներկայացուցիչները շրջանավարտներին բարեմաղթեցին ուսման բնագավառում հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ և հրավիրեցին մասնագիտական ուսումնառությունը ձեռք բերել Շուշիի տեխնոլոգիական համալսարանում:

 

                                                                                                                           Ալիսա Սարգսյան