Պրոֆեսոր Բալջյան. Արցախում ինժեներական կրթության որակը կարող է լինել շատ բարձր 02.12.2016 Shushitech.am -ի զրուցակիցն է տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պարգև Բալջյանը. — Դուք շուրջ կես տարի է համատեղությամբ դասավանդում եք Շուշիի տեխնոլոգիական համալսարանում: Ի՞նչ հեռանկարներ եք տեսնում Արցախում ինժեներական կրթության կայացման համար. Պ.Բալջյան. Մինչ հարցին անցնելը նշեմ այն հաճելի փոփոխությունները, որոնց` ընդամենը 3 ամսում ականատես եղա Շուշի քաղաքում: Եվ դրանց մեջ հատկապես դեպի տեխնոլոգիական համալսարան եկող բարեկարգված լայն պողոտան խորհրդանշում ու նաև պարտավորեցնում է նոր հաստատության զարգացման ապագան: Հիմա դառնանք բուն հարցին. տասնամյակների իմ տպավորությամբ ինժեներական մասնագիտությունը հատկապես է հարազատ ղարաբաղցու հոգուն` վկա խորհրդային և հետագա ժամանակների բազմաթիվ մեծանուն գիտնական ինժեներները, ինձ հետ սովորած և իմ դասավանդման տարիներին ուսանած ղարաբաղցի ուսանողները: Այս ամենը վկայում է, որ տեխնոլոգիական համալսարանի ստեղծումն ու հետագա գործունեությունը իրականանալի է և շատ կարևոր ինչպես ԼՂՀ տնտեսության զարգացմանը, այնպես էլ ղարաբաղցուն իր պապենական հողի տերն ու մշակը պահելուն ուղղված ջանքերին: — Ի՞նչ ծրագրեր և դրանց լուծման ի՞նչպիսի ճանապարհներ եք տեսնում Շուշիի տեխնոլոգիական համալսարանում: Պ.Բալջյան. Յուրաքանչյուր ծրագիր արդյունավետ կարող է դառնալ, եթե սինթեզում է անցյալի իմաստություններն ու ձեռքբերումները նոր տեխնիկատեխնոլոգիական մշակումների հետ: Շուշիի տեխնոլոգիական համալսարանում` այդ ճանապարհով զարգանալու հաստատուն և խոստումնալից առաջին քայլերի ականատեսն ենք. արդեն ստեղծվել է բնագիտական տեխնոլոգիաների ուսումնագիտական լաբորատորիան, ինչը կարծում եմ, ունիկալ է ոչ միայն Հայաստանի բուհական կրթական ոլորտում: Այստեղ տեխնոլոգիական մշակումների հետ մեկտեղ արդեն ստացվել են պարենամթերքի նոր արտադրատեսակներ: Ուսանողների կարողությունների զարգացման մեջ շատ կարևոր դեր է կատարում նաև համալսարանի և Եզնիկ Մոզյանի անվան արհեստագործական ուսումնարանի համագործակցությունը: Վերջինիս լաբորատոր բազան, որը կահավորված է արտասահմանյան ժամանակակից տեխնիկական միջոցներով, հնարավորություն է տալիս սովորողներին ձեռք բերել կատարողական հմտություններ շինարարական, մետաղագործական, շենք-շինությունների ներքին հարդարման, ջերմա-ջրամատակարարման աշխատանքներն իրականացնելու ասպարեզում: Այս ամենը հետագայում տեսական գիտելիքների ձեռք բերման հետ ամրապնդվում և որակական նոր մակարդակ է ապահովում: Հարցազրույցը վարեց Ալիսա Սարգսյանը Share this:Click to share on Twitter (Opens in new window)Click to share on Facebook (Opens in new window)Click to print (Opens in new window) Related