Ս. ԱՍՐՅԱՆ — ԿԱՊԱՀՈՎՎԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԼԻԱՐԺԵՔ ՈՒՍՈՒՑՈՒՄ

250316

ԼՂՀ կառավարության 2015թ.  դեկտեմբերի 28-ի N911-Ն որոշմամբ ստեղծվել է «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամը: Ի՞նչ ընթացքում են աշխատանքները. պարզաբանում է ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա ԱՍՐՅԱՆԸ:

 

Պարոն Ասրյան, ներկայացրեք, խնդրեմ, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի Ձեր տեսլականը առաջիկա 2-3 տարիների համար:

 

-Շուշիի տեխնոլոգիական համալսարանը, որպես նոր ստեղծվող բուհ, անկասկած, կունենա առանձնակի խնդիրներ ու դժվարություններ, որոնք ժամանակի ընթացքում կստանան իրենց լուծումները: Ամենակարևորը` ուսումնական բազան, շենքային պայմանները, ստեղծված են, սեպտեմբերի 1-ից շահագործման կհանձնվի հանրակացարանը և կից մարզական որոշ կառույցներ: Իսկ ահա մարզադահլիճի, ինչպես նաև հանրակացարանային պայմանների ընդլայնման խնդիրները կլուծվեն առաջիկա տարիների ընթացքում: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է ունենալ երեք ֆակուլտետ` գյուղատնտեսական, շինարարական և ճարտարագիտական: Այդ  երեք  ուղություններով  մասնակիցներ ապահովելու նպատակով կընդգրկվեն ՀՀ ազգային ագրարային համալսարանի մասնաճյուղի մասնագիտությունները, միաժամանակ, Արցախի պետական համալսարանից ճարտարագիտական և տեխնոլոգիական որոշ մասնագիտություններ կտեղափոխվեն այդ համալսարան, և արդեն նոր մասնագիտությունների ցանկի համաձայն` կկատարվի նոր ուսումնական տարվա ընդունելություն: Սկզբում, իհարկե, որոշ դժվարություններ կլինեն ուսանողներով համալրման և գործող մասնագիտություններով ընդունելության կազմակերպման ուղղությամբ, բայց կարծում եմ`  առաջիկա տարիների ընթացքում այս  հարցերը կկարգավորվեն:

 

-Ինչպիսի՞ն եք տեսնում շրջանավարտների թվակազմի դինամիկան առաջիկա տարիների կտրվածքով:

 

-Այս  և հաջորդ ուսումնական տարիներին մենք կունենանք միջին թվակազմով` 1100-1200 շրջանավարտ, բայց երրորդ տարում դիմորդների թիվը կնվազի` կապված տասներկուամյա ուսուցման շրջանակում 6 տարեկանից դպրոց ընդունելության հետ: Այդ տարեթվից ամենաքիչ շրջանավարտներն են լինելու, ընդ որում` բոլոր բուհերը կունենան նման խնդիր:  Իսկ հետագա տարիներին շրջանավարտների  թվաճ կունենանք, որովհետև սովորողների թիվը կավելանա:  Մինչև այս տարվա 5-րդ դասարանում սովորողների հաշվով տարեկան կունենանք 2200-2728 շրջանավարտ ու այդ միտումը կպահպանվի: Այսինքն` ժողովրդագրական աճը թույլ կտա, որպեսզի համալսարանները կայուն ուսանողական համակազմ ունենան:

 

-Ձեր կանխատեսումը Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ակադեմիական խմբերի կազմավորման քանակական և որակական ցուցանիշների վերաբերյալ:

-Անկասկած, ոչ բոլոր մասնագիտություններով կկարողանանք լիարժեք խմբեր ձևավորել: Կունենանք նաև փոեքրաթիվ խմբերով մասնագիտություններ: Այստեղ նախատեսվում է կազմել ճկուն ուսումնական պլաններ, որպեսզի հնարավոր լինի որոշ մասնագիտություններ խմբավորել և խմբային ձևով պարապմունքներ կազմակերպել: Իսկ ընդհանրապես, հարցն այն է, որ առաջին հերթին, անկախ սովորողների թվակազմից, կարողանանք իրականացնել որակական ցուցանիշների բարելավման խնդիրը: Դա պայմանավորված կլինի մի շարք գործոններով, մասնավորապես, բուհի ուսանողների գիտելիքների մակարդակով, պայմաններով և դասախոսական կազմի կարողություններով:

 

-Տարաբնույթ մասնագիտությունների համար ինչպե՞ս և որտե՞ղ պետք է անցկացվեն ուսումնական և արտադրական փորձուսուցումները:

 

-Պայմանավորվածության համաձայն` նախատեսվում է ագրարային մասնագիտությունների գծով համապատասխան գյուղատնետեսական բազաներ հատկացնել համալսարանին, որտեղ  կիրականացվեն   ուսանողների փորձուսուցման աշխատանքերը, իսկ շինարարական մասնագիտությունների համար` հանրապետությունում առկա շինհարթակների հնարավորությունները: Յուրաքանչյուր մասնագիտության համար աստիճանաբար կապահովվեն նաև փորձուսուցման պայմանները: Որոշ մասնագիտությունների գծով փորձուսուցում կկազմակերպվեն Հայաստանի Հանրապետության բուհերի համապատասխան բազաներում:

 

-Իսկ ինչպե՞ս եք տեսնում դասախոսական որակյալ կադրերի ապահովումը:

 

-Կօգտագործենք ինչպես տեղական, այնպես էլ ՀՀ կամ այլ երկրների մասնագետների գիտական ներուժը: Դրսի մասնագետներին կներգրավենք որոշակի ժամկետներով դասախոսություններ կարդալու կամ օն-լայն  կարգով` օգտագործելով ժամանակակից կապի միջոցներն ու կապ ստեղծելով հայաստանյան և արտերկրի բուհերի հետ: Այդ  ձևով կապահովենք այն դասախոսական ներուժը, որով հնարավոր կլինի իրականացնել ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաների լիարժեք ուսուցումը: