ՇՈՒՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԸ ՇՈՒՏՈՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿՀԱՆՁՆՎԻ 18.02.2016 Shushitech. am-ի զրուցակիցն է “Շին-Վեր-Պլյուս” ընկերության ինժեներ-շինարար Կամո Հակոբյանը: Ավարտել է Երևանի Ճարտարապետաշինարարական ինստիտուտը, Արցախյան գոյամարտի մասնակից է: Շուշիում տարեցտարի ավելանում է նորակառույցների թիվը: Պետության հոգածության և բարերարների օգնությամբ բերդաքաղաքում մի շարք շինարարարական աշխատանքներ են ընթանում: Բեյրութաբնակ բարերար Լևոն Նազարյանն էլ անմասն չմնաց իր ներդրումն ունենալու քաղաքի վերակառուցման գործում: 2014թ.-ից, նրա հովանավորությամբ Շուշիում վերակառուցվում է ուսանողական հանրակացարանը, որը նախատեսված է ոչ միայն Շուշիի տեխնոլոգիական համալսարանի, այլ նաև տարբեր կրթօջախների ուսանողների ու դրսից հրավիրված դասախոսների համար: Համապատասխան նախագծային փոփոխություններից հետո հանրակացարանի շենքը համապատասխանում է ժամանակակից չափորոշիչներին: Այն նախագծվել է Արցախի ճարտարագիտական կենտրոնի կողմից: Շինարարությունն իրականացնում է “Շին-Վեր-Պլյուս” «ՍՊԸ» ընկերությունը` այն կազմակերպությունը, որը կառուցել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ներկայիս մասնաշենքերը: Կ. Հակոբյան. Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել նոր ուսումնական տարվա մեկնարկին: Շինհարթակն ապահովված է ժամանակակից տեխնիկայով, հիմնականում շինարարության համար տեղական հումք է օգտագործվում: Նկուղից մինչև վերջին հարկ, իրականացված է օդափոխանակություն: Նկուղի պատերը հարդարվել են, հատակները՝ բետոնացվել, և դրանք կարող են օգտագործվել որպես օգտակար մակերես, մասնավորապես մարզումների համար: Շենքում իրականացվել են նաև հակասեյսմիկ աշխատանքներ: Նախագծով նախատեսված էր 69 սենյակ, սակայն փոփոխություններից հետո 11 սենյակներ վերակազմավորվել են 2 սենյականոցների: Յուրաքանչյուր սենյակի համար նախատեսված է սանհանգույց: Սենյակներն ապահովված են տաք ջրով, առանձին ջրաչափերով ու էլեկտրական հաշվիչներովով: Յուրաքանչյուր հարկում նախատեսված է հանգստի սենյակ, լվացքի մեքենանաներով կահավորված լվացքատուն, հարդուկարան, չորանոց: Առաջին հարկում տեղակայված է ճաշարանը, էլեկտրոնային գրադարանը, սերվերային սենյակը, բուժկետը և սպասարկող անձնակազմի համար սենյակները: Հանրակացարանի ջեռուցումն իրականացվելու է նոր կառուցված կաթսայատնից: Ջրամատակարարումը նախատեսված է Շուշիի քաղաքային ջրագծից: Բացի այդ նախատեսված է 18 մ3 ջրի լրացուցիչ պաշար: Հանրակացարանի յուրաքանչյուր հարկում առկա են տեսախցիկներ: Հեռուստացույցների համար նախատեսված են արբանյակային ալեհավաքներ: Հանրակացարանը կունենա նաև իր այգին, որտեղ նախատեսված է ջրավազան, նստարաններ, ճեմուղիներ, լուսամփոփներ: Նախատեսվում է կառուցել նաև վոլեյբոլի խաղահրապարակ: Հանրակացարանի տարածքը ամբողջովին կասֆալտապատվի, իսկ մայթերն ու ծառուղիները` կսալապատվեն: Կանաչապատումը կիրականացվի ըստ համապատասխան նախատեսված ծրագրի: Հավելենք նաև, որ հանրակացարանի նախամուտքում, նախատեսվում է տեղադրել բարերար Լ. Նազարյանի ծնողների կիսանդրիները: Այս ամենին ականատես կլինենք աշնանը: Համոզված ենք` շինարարները ժամանակին և որակով կավարտեն այս կարևորագույն կառույցի շինարարությունը: Նյութը պատրաստեց` Ալիսա Սարգսյանը Share this:Click to share on Twitter (Opens in new window)Click to share on Facebook (Opens in new window)Click to print (Opens in new window) Related