ՀՈՒՇԱԳԻՐ «ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ» ամսագրի հրատարակում կազմակերպելու մասին

ՀՈՒՇԱԳԻՐ

«ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ»

ամսագրի հրատարակում կազմակերպելու մասին

 

12  փետրվարի 2016թ.                                                                                                

ք.Երևան

 

Շուշիի տեխնոլոգիական համալսարանը (այսուհետ` Համալսարան), ի դեմս ռեկտորի պաշտոնակատար, տ.գ.դ., պրոֆեսոր Հովհաննես Վաչեի Թոքմաջյանի, որը գործում է Համալսարանի կանոնադրության հիման վրա,

Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտը (այսուհետ` ԵրԿՄԳՀԻ), ի դեմս տնօրեն, տ.գ.դ., պրոֆեսոր Մհեր Վարդգեսի Մարկոսյանի, որը գործում է ԵրԿՄԳՀԻ-ի կանոնադրության հիման վրա,

Ակադեմիկոս Ի.Վ.Եղիազարովի ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտը (այսուհետ` ՋՀՀԻ), ի դեմս երկր.գ.դ., պրոֆեսոր Ռոբերտ Սարիբեկի Մինասյանի, որը գործում է ՋՀՀԻ-ի տնօրենի կողմից տրված լիազորագրի հիման վրա,

“Հիդրավլիկական հետազոտությունների հայկական ազգային ասոցիացիա” հասարակական կազմակերպությունը (այսուհետ` Հասարակական կազմակերպություն), ի դեմս տնտ.դ., պրոֆեսոր Աշոտ Խաչատուրի Մարկոսյանի, որը գործում է Հասարակական կազմակերպության կողմից տրված լիազորագրի հիման վրա (այսուհետ, բոլորը միասին՝ Կողմեր),

բարձր տեխնոլոգիաների ուղղությամբ գիտական հետազոտությունների արդյունքները միջազգային հանրությանը իրազեկելու և գիտական համագործակցությունը խթանելու նպատակով՝

1) Ընդունում են ի գիտություն, որ՝

ա) Հասարակական կազմակերպությունը իրականացնում է «Բարձր տեխնոլոգիաների տեղեկագիր» ամսագրի հիմնադրումը (այսուհետ` Տեղեկագիր), ռուսերեն անվանումը` “Известия высоких технологий”, անգլերեն անվանումը` “Bulletin of High Тechnology”.

բ) Հասարակական կազմակերպությունը կրում է “Զանգվածային լրատվության մասին” Հայաստանի Հանրապետության օրենքով զանգվածային լրատվության միջոցի հիմնադրի համար սահմանված պարտականությունները.

գ) Հասարակական կազմակերպությունն իրականացնում է “Զանգվածային լրատվության մասին” Հայաստանի Հանրապետության օրենքով զանգվածային լրատվության միջոցի հիմնադրի բոլոր իրավունքները՝ սույն հուշագրով սահմանված վերապահումների հաշվառմամբ:

2) Կողմերը համաձայնում են, որ՝

ա) Տեղեկագրի հրատարակման հարցերը համակարգելու նպատակով ստեղծվում է համակարգող խորհուրդ (այսուհետ` Համակարգող խորհուրդ).

բ) Համակարգող խորհրդի կազմը ձևավորվում է կողմերի կողմից լիազորված երկուական ներկայացուցիչներից.

գ) Կողմերն իրենց ներկայացուցիչների անհատական տվյալները հայտնում են Հասարակական կազմակերպությանը սույն Հուշագիրը վավերացվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում.

դ) Կողմն իրավասու է ցանկացած ժամանակ դադարեցնել իր ներկայացուցչի լիազորությունը՝ նոր ներկայացուցչի անհատական տվյալները հայտնելով Հասարակական կազմակերպությանը.

ե) Համակարգող Խորհուրդն իր կազմից ձայների պարզ մեծամասնությամբ ընտրում է Համակարգող Խորհրդի նախագահ և, ըստ անհրաժեշտության, դադարեցնում է նրա լիազորությունները.

զ) Հասարակական կազմակերպությունը “Զանգվածային լրատվության մասին” Հայաստանի Հանրապետության օրենքով զանգվածային լրատվության միջոցի հիմնադրի իր իրավունքներն իրականացնում է Համակարգող խորհրդի որոշումներին համահունչ:

է) Համակարգող խորհուրդը՝

  • մշակում և հաստատում է իր աշխատակարգը, Տեղեկագրի հրատարակման կարգը և Տեղեկագրի ինտերնետային կայքի վարման կարգը.
  • հաստատում է Տեղեկագրի թողարկման պատասխանատու կազմակերպությունը, որի տարածքում գործում է Տեղեկագրի խմբագրական խորհուրդը.
  • առաջարկություններ է ներկայացնում Կողմերին Տեղեկագրի հրատարակման նյութատեխնիկական ապահովման մասին.
  • նշանակում է Տեղեկագրի գլխավոր խմբագիր և, ըստ անհրաժեշտության, դադարեցնում է նրա լիազորությունները.
  • հաստատում է Տեղեկագրի գլխավոր խմբագրի կողմից առաջադրված խմբագրական խորհրդի անդամների թեկնածությունները.

ը) մինչև Համակարգող խորհրդի գործունեության սկզբնավորումը՝

  • Տեղեկագրի Համակարգող խորհրդի նախագահ է նշանակվում տ.գ.դ., պրոֆեսոր Մհեր Վարդգեսի Մարկոսյանը.
  • Տեղեկագրի գլխավոր խմբագիր է նշանակվում տ.գ.դ., պրոֆեսոր Հովհաննես Վաչեի Թոքմաջյանը.
  • Տեղեկագրի թողարկման պատասխանատու կազմակերպություն է հաստատվում Շուշիի տեխնոլոգիական համալսարանը.

թ) սույն Հուշագիրը ենթակա է վավերացման յուրաքանչյուր Կողմի կառավարման համապատասխան մարմնի կողմից.

ժ) սույն Հուշագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից վավերացման մասին բոլոր տեղեկությունները պաշտոնական գրությամբ Հասարակական կազմակերպությունում ստացվելու պահից.

ժա) Հասարակական կազմակերպությունը վավերացված Հուշագիրն անհապաղ առաքում է Կողմերին.

ժբ) Հուշագիրն իրականացման է ենթակա կողմերի իրավահավասարության հիման վրա, իսկ ծագող խնդիրները լուծման են ենթակա փոխհամաձայնեցմամբ:

 

Ստորագրություններ՝

 

 

Հ.Թոքմաջյան

Մ.Մարկոսյան

Ռ.Մինասյան

Ա.Մարկոսյան

 

Երևան. 12 փետրվարի 2016թ.