ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՀՀ Փորձաքննությունների ազգային բյուրոյի և «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամի միջև

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ՀՀ Փորձաքննությունների ազգային բյուրոյի և
«Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամի միջև

ք. Շուշի

02 մարտի 2016 թ.

Հայաստանի Հանրապետության Փորձաքննությունների ազգային բյուրոյի, (այսուհետ՝ Բյուրո), ի դեմս տնօրեն Ա. Ջավադյանի, որը գործում է Բյուրոյի կանոնադրության հիման վրա, մի կողմից և «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամը (այսուհետ՝ Համալսարան), ի դեմս ռեկտորի պաշտոնակատար Հ. Թոքմաջյանի, որը գործում է Համալսարանի կանոնադրության հիման վրա, մյուս կողմից, միասին (այսուհետ՝ Կողմեր), կարևորելով գործընկերությունը և ցանկանալով կիրառել գիտատեխնիկական նվաճումների արդյունքները փորձաքննությունների ոլորտում կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

Պայմանագրի նպատակը
Սույն պայմանագրի հիմնական նպատակն է Կողմերի միջև հաստատել գործընկերային հարաբերություններ:
1. Պայմանագրի առարկան

Կողմերը ընդունում են, որ իրենց գիտական, մանկավարժական և նյութատեխնիկական կարողությունները թույլ են տալիս միասնական ջանքերով համատեղ գործունեություն իրականացնելու նպատակով հաստատել երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցություն՝ հետևյալ առանցքային ոլորտներում.
ուսումնական և ուսումնամեթոդական գործունեության բարելավում,
գիտական, գիտակրթական և գիտաարտադրական գործունեություն,
պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման կազմակերպում,
Կողմերի լաբորատորիաների համատեղ օգտագործում ուսումնական և գիտական նպատակներով:

2. Համագործակցության սկզբունքները

Կողմերի միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրություններին համապատասխան:
Կողմերի միջև փոխհարաբերությունները ձևավորվում են համատեղ ծրագրերի և նպատակների իրագործման համար անհրաժեշտ խորհրդատվական, տեղեկատվական, իրավական օգնության և աջակցության ցուցաբերման, իրավահավասարության և փոխշահավետ համագործակցության սկզբունքների հիման վրա:
Կողմերը իրականացնում են մասնագիտական գործունեության ընթացքում կուտակված աշխատանքային փորձի փոխանակում, կոնկրետ ծրագրերի և նախագծերի շրջանակներում իրականացվող գործունեության դրական արդյունքների համատեղ ընդհանրացում:
Կողմերից յուրաքանչյուրը նախապես տեղեկացնում է մյուս կողմի շահերին առնչվող ցանկացած որոշման մասին, ինչպես նաև ձեռնպահ է մնում այնպիսի գործողություն կատարելուց, որն կարող է տնտեսական կամ այլ վնաս պատճառել Կողմերից մեկին:

 

3. Համագործակցության նպատակները

Կողմերը իրենց համագործակցությունն իրականացնում են նպատակ ունենալով.
ուսումնաարտադրական և ուսումնագիտական բազաների օգտագործում, արտադրական և ուսումնական պրակտիկաների կազմակերպում.
փորձագիտական ոլորտի համար անհրաժեշտ որակավորում ունեցող մասնագետների պատրաստում և վերապատրաստում, մասնագիտական կրթության շարունակականության ապահովում.
փորձագիտական ոլորտի մասնագետների պատրաստման գործում նպատակային հեռանկարային ծրագրերի մշակում.
գիտահետազոտական և ինովացիոն ծրագրերի առաջադրում և դրանց իրականացման աջակցություն,
գիտական, գիտահանրամատչելի, ուսումնական, տեղեկատվական և գիտամեթոդական գրականության փոխանակում:

4. Այլ պայմաններ
Սույն պայմանագրում Կողմերի համաձայնությամբ կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ: Փոփոխությունները ձևակերպվում են առանձին արձանագրություններով, որոնք հանդիսանում են սույն պայմանագրի անբաժանելի մասը և ուժի մեջ են մտնում Կողմերի կողմից վավերացվելուց հետո:
Կողմերը փոխհատուցում են միմյանց լաբորատորիաներում իրականացված ուսումնագիտական փորձերի իրականացման ծախսերը` ըստ փոխադարձ համաձայնագրերի:

5. Պայմանագրի գործողության ժամկետը
Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է հինգ տարի ժամկետով: Պայմանագրի գործողությունը երկարաձգվում է նույն ժամկետով և նույն պայմաններով, եթե դրա ժամկետի ավարտից 3 ամիս առաջ Կողմերից մեկը գրավոր չծանուցի մյուս կողմին դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ պայմանագիրը կարող է դադարել նախքան դրա գործողության ժամկետի ավարտը: Պայմանագիրը դադարեցված է համարվում Կողմերից մեկի դրա գործողությունը դադարեցնելու մտադրության մասին գրավոր ծանուցում ստանալուց 1 ամիս հետո:
Սույն պայմանագիրը կազմված է հայերեն լեզվով, 2 օրինակից, որոնք ունեն հավասար իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:

6. Կողմերի վավերապայմանները

ՀՀ Փորձաքննությունների ազգային բյուրո
ՀՀ, ք. Երևան, Իսակովի պող. 24
Հեռ. 010 77 77 10
Էլ. փոստ` javadyan@nbe.am
Կայք` www.nbe.am
Տնօրեն`

ստորագրություն Ա. Ջավադյան

«Շուշիի տեխնոլոգիական համալսարան»

ԼՂՀ, ք. Շուշի, Աշոտ Բեկորի 4
Հեռ. 047 73 10 21
Էլ. փոստ` info@shushitech.am
Կայք` www.shushitech.am
Ռեկտոր`

ստորագրություն Հ. Թոքմաջյան