Կանոնադրություն

Հաստատվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 28-ի

N 911 — Ն որոշմամբ

« ՇՈՒՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ » ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.«Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամը (այսուհետ՝ համալսարան) հիմնադրի որոշմամբ հիմնադրված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է։

2.Համալսարանի հիմնադիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է՝ ի դեմս Լեռնային Ղարաբաղի Հանրա­պետության կառավարության։ Լեռնային Ղարաբաղի Հանրա­պետության անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարությունն է։

3.Համալսարանն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրա­պետության Սահմանադրությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրա­պետության քաղաքացիական օրենսգրքին, «Հիմնադրամների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրա­պետության օրենքին, «Կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրա­պետության օրենքին, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրա­պետության օրենքին, «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրա­պետության օրենքին, «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրա­պետության օրենքին, իրավական այլ ակտերին և սույն կանոնադրությանը համապատասխան:

4.Համալսարանի անվանումն է՝

1) հայերեն լրիվ՝ «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամ.

2) հայերեն կրճատ՝ «ՇՏՀ» հիմնադրամ.

3) ռուսերեն լրիվ՝ Фонд «Шушинский технологический университет»

4) ռուսերեն կրճատ՝ Фонд «ШТУ».

5) անգլերեն լրիվ՝ « Shushi University of Technology » Fondation

6) անգլերեն կրճատ՝ «SHUT» Fondation

5.Համալսարանի գտնվելու վայրն Է՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, քաղաք Շուշի,Աշոտ Բեկորի 4։

II. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

6.Համալսարանն իրավաբանական անձ Է, ստեղծված Է համարվում պետական գրանցման պահից և գործում Է անժամկետ։

7.Համալսարանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և դրանից դուրս կարող Է ստեղծել մասնաճյուղեր և ներկայացուցչություններ, ինչպես նաև հիմնարկներ, որոնք գործում են համալսարանի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված կանոնա­դրություններին համապատասխան։

7.1 Սույն կանոնադրությամբ համալսարանի կառավարմանը և ուսումնական գործընթացի կազմակերպմանը մասնակցում են «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ներկայացուցիչներ: (փոփ. ԼՂՀ Կառ. 06.04.2017թ. N 233-Ն):

8.Համալսարանն ունի առանձնացված գույք, որը հաշվառվում է ինքնուրույն հաշվեկշռում, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող։

9.Համալսարանն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բանկային հաշիվ­ներ բացելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բանկերում՝ Հայաստանի Հանրապետության դրամով և (կամ) արտարժույթով։

10.Համալսարանի գործունեության ընթացքում ստացված ամբողջ եկամուտը, ինչպես նաև ամբողջ գույքը պետք է օգտագործվի նրա կանոնադրական խնդիրների լուծման համար։

11.Համալսարանն իր կանոնադրությանը համապատասխան՝

1) օգտագործում է հիմնադրի կողմից համալսարանին հանձնված գույքը.

2)տնօրինում, օգտագործում և տիրապետում է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը։

12.Համալսարանը կարող է ունենալ իր անվանումը պարունակող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով կնիք, դրոշմներ, ձևաթղթեր, ինչպես նաև անհատականացման այլ միջոցներ։

13.Համալսարանի իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում։

14.Հիմնադիրը պատասխանատվություն չի կրում համալսարանի պարտավորություն­ների համար, իսկ համալսարանը պատասխանատվություն չի կրում իր հիմնադրի պարտավորությունների համար։

III. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

15.Համալսարանի, որպես բարձրագույն ուսումնական հաստատության, հիմնական գործունեությունը նպատակաուղղված է տեխնոլոգիական, ճարտարագիտական, գյուղատնտեսական, բնագի­տական, ճարտարապետական, դիզայնի, տնտեսագիտական և այլ ուղղություններով կրթության, հիմնարար ու կիրառական գիտական հետազոտությունների և ուսումնառության կազմակերպմանը՝ հանրակրթական, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական, հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերով և ուսուցման տարբեր ձևերով (առկա, հեռակա, հեռավար, դրսեկություն)՝ օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով։ (փոփ. ԼՂՀ Կառ. 06.04.2017թ. N 233-Ն):

16.Համալսարանի գործունեության նպատակը բարձրագույն կրթության, հանրակրթության, միջին մասնագիտական կրթության, հետբուհական կրթության կազմա­կերպումն է առկա, հեռակա, հեռավար և դրսեկության ձևերով, ինչպես նաև՝ գիտական, գիտաարտադրական, փորձագիտական, հետազոտական, խորհրդատվական, հրատարակ­չական գործունեության իրականացումը։

17.Համալսարանի գործունեության հիմնական ուղղություններն են՝

1)տեխնոլոգիական, ճարտարագիտական, գյուղատնտեսական, բնագիտական, ճարտարապետական, դիզայնի, տնտեսագիտական և այլ ոլորտների համար բարձր որակավորում ունեցող՝ տարբեր աստիճանների՝ բակալավրի, մագիստրոսի և ասպիրանտների, ինչպես նաև գիտամանկավարժական կադրերի պատրաստումը, բարձրագույն կրթություն ունեցող մասնագետների վերապատրաստումը, որակավորման բարձրացումը, վերաորակավորումը, խորհրդատվությունը, հետբուհական և լրացուցիչ կրթության իրականացումը.

2)տեխնոլոգիական, ճարտարագիտական, գյուղատնտեսական, բնագիտական, ճարտարապետական, դիզայնի, տնտեսագիտական, հասարակագիտական և հումանիտար գիտությունների բնագավառներում գիտական, հետազոտական, ինովացիոն, նախագծային, փորձագիտական, խորհրդատվական, շինարարական, արտադրական, տեխնիկական հսկողության, ուսումնամեթոդական և գիտամանկավարժական աշխատանք­ների իրականացումը, գիտաժողովների, ցուցահանդեսների, ցուցահանդես-վաճառքների կազմակեր-պումը.

3)կրթության, գիտության և խորհրդատվության ինտեգրացման հիման վրա ուսուցման բովանդակության կատարելագործումը, նոր և հեռանկարային մասնագիտությունների համակարգերի մշակումն ու արմատավորումը.

4)գիտական մշակումների արդյունքների ներդրումն արտադրության մեջ։

18.Համալսարանն իր կանոնադրական նպատակներն իրականացնելու համար օրենքով սահմանված կարգով իրավունք ունի՝

1)անարգել տարածելու տեղեկություններ իր գործունեության մասին, ստանալու անհրաժեշտ տեղեկություններ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, հասարակական կազմակերպություններից.

2)ստեղծելու մասնաճյուղեր, ինստիտուտներ, կենտրոններ, ներկայացուցչություններ, հիմնարկներ.

3)ստեղծելու տնտեսական ընկերություններ կամ լինելու դրանց մասնակիցը.

4)իրականացնելու օրենքով չարգելված ցանկացած այլ գործունեություն.

5)առանց հիմնադրի որոշման պայմանագրային կարգով ներգրավելու ներդնողների՝ համալսարանի հիմնական և ձեռնարկատիրական գործունեության ընդլայնման նպատակով․

6)իրեն հանձնված գույքը հանձնելու վարձակալության, եթե դա արգելված չէ հիմնադրի որոշմամբ։ Հանձնված գույքի վարձակալության ժամկետը չի կարող սահմանվել մեկ տարուց ավելի՝ բացառությամբ հիմնադրի կողմից սահմանված դեպքի։ Հանձնված գույքի վարձակալության հանձնման արդյունքում ստացված եկամուտ­ներն ուղղվում են համալսարանի կանոնադրությամբ նախատեսված նպատակներին․

7)մշակելու և հաստատելու բարձրագույն, միջին մասնագիտական և հետբուհական մասնագիտական կրթության մասնագիտությունների, մասնագիտացումների ուսումնական պլաններն ու առարկայական ծրագրերը, հրատարակելու ուսումնամեթոդական, գիտական գրականություն.

8)սահմանելու և շնորհելու համալսարանի պատվավոր կոչումներ, մրցանակներ, անվանական կրթաթոշակներ, մեդալներ.

9)կազմակերպելու ուսանողների, ասպիրանտների, հայցորդների ու սովորող­ների ընդունելություն և համապատասխան ուսուցում.

10)անձամբ իրականացնելու ձեռնարկատիրական գործունեության այն տեսակները, որոնք սահմանվում են համալսարանի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, այդ թվում՝

ա.բարձրագույն, հանրակրթական, նախապատրաստական, հեռավար, միջին և հետբուհական մասնագիտական, լրացուցիչ կրթության կազմակերպում,

բ.օտարերկրացի դիմորդների նախապատրաստական և բոլոր աստիճանների կրթության կազմակերպում,

գ.գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում, մասնա­գիտական որակավորման բարձրացում,

դ.գիտահետազոտական, նախագծային, գյուղատնտեսական, ինովացիոն, տեխնիկական հսկողության, արտադրական, շինարարական աշխատանքների իրականացում և իրացում,

ե.փորձագիտական գործունեության կազմակերպում,

զ.խորհրդատվական ծառայության կազմակերպում,

է.ուսումնագիտաարտադրական գործունեության ծավալում,

ը.հրատարակչական, տպագրական գործունեության ծավալում և արտադրանքի իրացում,

թ.սովորողների և աշխատողների սննդի կազմակերպում,

ժ.համակարգչային տեղեկատվական ծառայությունների մատուցում և համակարգչային ծրագրերի ու լեզուների ուսուցման կազմակերպում,

ժա.հանրակացարանաբնակ դասախոսների, սովորողների կենցաղի կազմա­կերպում և սպասարկում,

ժբ.սովորողների և աշխատողների հանգստի կազմակերպում։

lV. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ

19.Համալսարանի շահառուները կրթական, գիտական, արտադրական բնագավառներին առնչվող ֆիզիկական և իրավաբանական անձինք են։

V. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

20.Համալսարանը պարտավոր է՝

1)գործել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը, միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, ինչպես նաև իր կանոնադրությանը համապատասխան.

2)հրապարակել ամենամյա հաշվետվություն իր գործունեության մասին, օրենքով նախա­տեսված դեպքում՝ նաև ֆինանսական հաշվետվությունների աուդիտի մասին եզրակացությունը.

3)օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում.

4)Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններ.

5)ապահովել սույն կետում նշված հաշվետվություններին ծանոթանալու մատչելիությունը․

6)իրականացնել օրենքով սահմանված այլ պարտականություններ։

VI. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

21.Համալսարանն իր գործունեությունն իրականացնում է իր մարմինների միջոցով։

22.Համալսարանի կառավարման մարմիններն են՝

1)համալսարանի հոգաբարձուների խորհուրդը (այսուհետ՝ հոգաբարձուների խորհուրդ).

2)համալսարանի տնօրենը (այսուհետ՝ ռեկտոր)։

23.Համալսարանի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը հոգաբարձուների խորհուրդն է, որը ստեղծվում է 5 տարի ժամկետով և բաղկացած է 25 անդամից։ Հոգա­բարձուների խորհուրդը ձևավորվում է համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության, հիմնադրի և պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացուցիչներից։ (փոփ. ԼՂՀ Կառ. 06.04.2017թ. N 233-Ն):

24.Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմից հոգաբարձուների խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումները: Կառուցվածքային ստորաբաժանումների կողմից հոգաբարձուների խորհրդի անդամության թեկնածու կարող է առաջադրվել ցանկացած աշխատող: Համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից առաջադրված անձանց թեկնածություններն ընտրվում են համալսարանի գիտական խորհրդում և ներկայացվում պետական կառավարման լիազոր մարմին: Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված անդամները կազմում են հոգաբարձուների խորհրդի անդամների 20 տոկոսը: (փոփ. ԼՂՀ Կառ. 06.04.2017թ. N 233-Ն):

25.Համալսարանի ուսանողության ներկայացուցիչներից հոգաբարձուների խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում ֆակուլտետների, մասնաճյուղերի ուսանողական խորհուրդները: ՈՒսանողական խորհուրդների կողմից հոգաբարձուների խորհրդի անդամության թեկնածու կարող է առաջադրվել բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվ դիրքորոշում ունեցող ցանկացած սովորող (ուսանող կամ ասպիրանտ): Համալսարանի ուսանողական խորհուրդն ընտրում է ֆակուլտետներից առաջադրված սովորողների թեկնածությունները և ներկայացնում պետական կառավարման լիազոր մարմին: Ուսանողության կողմից ընտրված անդամները կազմում են հոգաբարձուների խորհրդի անդամների 20 տոկոսը: (փոփ. ԼՂՀ Կառ. 06.04.2017թ. N 233-Ն):

26.Հիմնադրի անունից հոգաբարձուների խորհրդի անդամներ է առաջադրում Լեռնային Ղարաբաղի Հանրապե­տության վարչապետը՝ պետական պաշտոն զբաղեցնող անձանցից (հոգաբարձուների խորհրդի կազմի 20 տոկոսը): (փոփ. ԼՂՀ Կառ. 06.04.2017թ. N 233-Ն):

27.Պետական կառավարման լիազոր մարմնի կողմից հոգաբարձուների խորհրդի անդամներ են առաջադրվում կրթության, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչներ, ինչպես նաև ճանաչված գործատուներ (հոգաբարձուների խորհրդի կազմի 40 տոկոսը, որի 70 տոկոսը` Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ներկայացուցիչներ): (փոփ. ԼՂՀ Կառ. 06.04.2017թ. N 233-Ն):

28.Առաջադրված անձանց թեկնածությունների հիման վրա հոգաբարձուների խորհրդի կազմը, պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացմամբ, հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը:

29.Հոգաբարձուների խորհրդի անդամ կարող են լինել 18 տարին լրացած գործունակ ֆիզիկական անձինք, ովքեր չեն կարող լինել համալսարանի այլ մարմնի անդամներ:

30.Հոգաբարձուների խորհուրդն իր կազմից, բացի ուսանողության ներկայացուցիչներից, ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, ընտրում է հոգաբարձուների խորհրդի նախագահ։

31.Հոգաբարձուների խորհրդի անդամներն իրավունք ունեն՝

1)ներկայացնելու առաջարկություններ հոգաբարձուների խորհրդի նիստերի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ.

2)նախապատրաստելու և հոգաբարձուների խորհրդի քննարկմանը ներկայացնելու հարցեր, առաջարկություններ ու որոշումների նախագծեր.

3)ստանալու տեղեկություններ համալսարանի գործունեությանը վերաբերող ցան­կացած հարցի վերաբերյալ.

4)ստանալու իրենց պարտականությունների կատարմամբ պայմանավորված ծախսերի փոխհատուցում։

32.Հոգաբարձուների խորհրդի անդամները պարտավոր են՝

1)մասնակցել հոգաբարձուների խորհրդի նիստերին.

2)իրենց պարտականությունների կատարման ընթացքում գործել՝ ելնելով համալսա­րանի շահերից։

33.Հոգաբարձուների խորհրդի իրավասություններն են՝

1)համալսարանի գործունեության տարեկան և երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի հաստատումը.

2)համալսարանի կողմից իրականացվող (այդ թվում՝ անձամբ) ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.

3)համալսարանի բյուջեի և դրա փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների ու համալսարանի գործունեության մասին տարեկան հաշվետվու­թյունների և տարեկան հաշվեկշռի հաստատումը.

4)տնտեսական ընկերությունների ստեղծման կամ դրանցում մասնակցության, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների ստեղծման ու դրանց կանոնադրությունների հաստատման մասին որոշման ընդունումը.

5)համալսարանի գործունեության, այդ թվում՝ ֆինանսատնտեսական գործունեու­թյան վերահսկողությունը, ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնող անձի ընտրությունը.

6)համալսարանի կրթական, գիտաթեմատիկ նախագծերի, դրանց իրականացման և խոշոր գիտական ծրագրերում, նախագծերում ու համագործակցության այլ ձևաչափերում մասնակցության և արդյունքների մասին հաշվետվության հաստատումը.

7)հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.

8)հոգաբարձուների խորհրդի նախագահի, ռեկտորի և սույն կանոնադրությամբ սահմանված այլ մարմինների ընտրության ու դրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.

9)սույն կանոնադրությամբ նախատեսված այլ մարմինների ձևավորումը.

10)ռեկտորի տարեկան հաշվետվության լսումը.

11)ռեկտորի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրաման­ների, հրահանգների և ցուցումների կասեցումը կամ դրանք ուժը կորցրած ճանաչելը.

12)իր որոշումների կատարման ընթացքի վերահսկումը.

13)համալսարանի լուծարման հարցով դատարան դիմելու մասին որոշման ընդունումը.

14)համալսարանի լուծարման հանձնաժողովի (լուծարողի) նշանակումը, լուծարման կարգի ու ժամկետների սահմանումը, լուծարման միջանկյալ հաշվեկշռի և լուծարման հաշվեկշռի հաստատումը.

15)համալսարանի կառուցվածքի հաստատումը.

16)համալսարանի հաստիքացուցակի հաստատումը.

17)համալսարանի կանոնադրության մեջ փոփոխություններ ու լրացումներ կատա­րելու, կանոնադրության փոփոխության, նոր խմբագրությամբ կանոնադրություն հաստա­տելու մասին հիմնադրին առաջարկությունների ներկայացումը.

18)համալսարանի գույքի տնօրինման կարգի հաստատումը.

19)օրենքով, սույն կանոնադրությամբ նախատեսված, ինչպես նաև համալսարանի մյուս մարմիններին օրենքով չվերապահված այլ լիազորությունների իրականացումը։

34.Հոգաբարձուների խորհրդի իրավասությունը հանդիսացող հարցերը չեն կարող փոխանցվել այլ մարմնի։

35.Հոգաբարձուների խորհուրդն իրավունք ունի ծանոթանալու համալսարանի բոլոր փաստաթղթերին։

36.Հոգաբարձուների խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով։ Հոգաբարձուների խորհրդի նիստերը գումարվում են առնվազն տարեկան մեկ անգամ՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից։ Հոգաբարձուների խորհրդի նիստերը կարող են հրավիրվել նաև հոգաբարձուների խորհրդի անդամների 1/3-ի պահանջով՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից՝ համապատասխան պահանջ ներկայացնելուց հետո 30 օրվա ընթացքում։ Հոգաբարձուների խորհրդի նիստերը կարող են անցկացվել էլեկտրոնային փոստի կամ կապի այլ միջոցների կիրառմամբ, ինչպես նաև հարցման կարգով։ Հոգաբարձուների խորհրդի որոշումներն ընդունվում են օրենքով սահմանված կարգով։ Եթե հոգաբարձուների խորհրդի նախագահը նշված ժամկետում նիստ չի հրավիրում, ապա նիստ կարող են հրավիրել նման պահանջ ներկայացրած անձինք։ Հոգաբարձուների խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին։ Քվեարկության ժամանակ հոգաբարձուների խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն։ Եթե հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվում է որևէ անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձի գույքային կամ այլ շահերի վերաբերյալ հարց, ապա հոգաբարձուների խորհրդի տվյալ անդամը քվեարկությանը չի մասնակցում։

37.Հոգաբարձուների խորհրդի նախագահի իրավասություններն են՝

1)հոգաբարձուների խորհրդի աշխատանքների կազմակերպումը (անհրաժեշտության դեպքում կարող է կազմավորել հոգաբարձուների խորհրդի ժամանակավոր հանձնախմբեր), սույն կանոնադրությամբ նախատեսված` համալսարանի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումը (ստուգում, ուսումնասիրում և այլն) և սույն կանոնադրության 33-րդ կետի 3-րդ, 4-րդ, 17-րդ ու 18-րդ ենթակետերով նախատեսված հարցերի նախնական քննարկումը՝ դրանց վերաբերյալ հոգաբարձուների խորհուրդ եզրակացություններ (տեղեկանքներ) ներկայացնելու համար.

2) հոգաբարձուների խորհրդի նիստերի գումարումը և դրանք նախագահելը.

3)հոգաբարձուների խորհրդի նիստերի արձանագրության վարման կազմակերպումը.

4)հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծը հոգաբարձուների խորհրդի քննարկմանը ներկայացնելը՝ օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում.

5)համալսարանի անունից ռեկտորի հետ աշխատանքային պայմանագրի կնքումը։

38.Հոգաբարձուների խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտա­կանությունները հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, կատարում է հոգաբարձուների խորհրդի անդամներից մեկը։

39.Համալսարանի ընթացիկ գործունեությունը ղեկավարում է համալսարանի ռեկտորը։ Ռեկտորը կազմակերպում է հոգաբարձուների խորհրդի որոշումների կատարումը։

40.Ռեկտորի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են օրենքով, սույն կանոնադրությամբ և նրա հետ կնքված պայմանագրով։

41.Ռեկտորի իրավասություններն են՝

1)համալսարանի գույքի տնօրինումը (այդ թվում՝ ֆինանսական միջոցները), համալսա­րանի անունից գործարքների կնքումը.

2)համալսարանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և օտարերկրյա պետություն­ներում ներկայացնելը.

3)համալսարանի անունից հանդես գալը՝ առանց լիազորագրի.

4)լիազորագրեր տալը.

5)ռեկտորի տեղակալների (պրոռեկտորների) նշանակումը և պաշտոնից ազատումը, նրանց հետ աշխատանքային պայմանագրերի կնքումը.

6)ռեկտորին կից խորհրդատվական մարմինների ձևավորումը, դրանց կազմի ու լիազորությունների սահմանումը.

7)մինչև 20000000 (քսան միլիոն) ՀՀ դրամի կամ դրան համարժեք արտարժույթի չափով պայմա­նագրերի կնքումը։ Նշված սահմանաչափը գերազանցող պայմանագրերը ենթակա են հաստատման՝ հոգաբարձուների խորհրդի կողմից.

8)գործադիր-կարգադրիչ գործառույթների իրականացումը.

9)բանկերում համալսարանի հաշվարկային (այդ թվում՝ տարադրամային) և այլ հաշիվների բացումը.

10)հոգաբարձուների խորհրդի որոշումների կատարման համար ամենօրյա աշխա­տանքների իրականացումը.

11)համալսարանի աշխատանքային կանոնակարգը, առանձնացված ստորաբաժա­նումների, հիմնարկների և համալսարանի կողմից հիմնադրվող տնտեսական ընկերություն­ների կանոնադրությունները, համալսարանի վարչակազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը հոգաբարձուների խորհրդի հաստատմանը ներկայացնելը.

12)համալսարանի աշխատողներին, այդ թվում՝ համալսարանի առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ղեկավարներին ու աշխատողներին սահմանված կարգով աշխատանքի ընդունելը, աշխատանքից ազատելը և համապատասխան աշխատանքային պայմա­նագրերի կնքումը.

13)իր իրավասության սահմաններում հրամանների, կարգադրությունների, հրահանգների արձակումը, կատարման համար պարտադիր ցուցումներ տալը և դրանց կատարման վերահսկումը.

14)աշխատողների նկատմամբ խրախուսական և կարգապահական պատասխանա­տվության միջոցների կիրառումը.

15)հոգաբարձուների խորհուրդ համալսարանի գործունեության մասին տարեկան հաշվետվություն ներկայացնելը։

42.Ռեկտորի պաշտոնում կարող է ընտրվել այն գործունակ չափահաս անձը, ով ունի գիտությունների դոկտորի կամ թեկնածուի գիտական աստիճան և պրոֆեսորի կամ դոցենտի գիտական կոչում։

43.Ռեկտորն ընտրվում է հոգաբարձուների խորհրդի նիստում՝ փակ, գաղտնի քվեարկությամբ, հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, 5 տարի ժամկետով։

44.Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում։

45.Ռեկտոր չի կարող ընտրվել այն անձը՝

1)ով դատապարտվել է հանցագործություն կատարելու համար, և նրա դատվածու­թյունը սահմանված կարգով մարված կամ հանված չէ.

2)ում օրենքի համաձայն արգելվում է զբաղեցնել ղեկավար պաշտոններ.

3)ով 3 տարվա ընթացքում եղել է սնանկացման պատճառով լուծարված և պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավարը։

46.Ռեկտոր ընտրված անձի լիազորությունները դադարեցվում են հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, եթե նա`

1)դիմել է դրա մասին.

2)իր գրավոր համաձայնությամբ ընտրվել կամ նշանակվել է այլ պաշտոնում կամ անցել է ռեկտորի պաշտոնի հետ անհամատեղելի այլ աշխատանքի.

3)ժամանակավոր անաշխատունակության հետևանքով ավելի քան չորս ամիս անընդմեջ չի ներկայացել աշխատանքի.

4)դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.

5)առաջ է եկել սույն կանոնադրության 45-րդ կետով նախատեսված հանգա­մանքներից մեկը։

47.Համալսարանի ռեկտորատը ռեկտորին կից խորհրդակցական մարմին է։ Համալսարանի գիտական խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում ռեկտորատն իր կանոնակարգով, իրեն ընձեռված լիազորությունների սահմաններում քննարկում է համալսարանի գործունեության ոլորտներին վերաբերող հարցեր։ Համալսարանի ռեկտորատի կազմում ընդգրկվում են ռեկտորը, պրոռեկտորները, աշխատակազմի ղեկավարը, ուսում­նական մասի պետը, գլխավոր հաշվապահը, մասնաճյուղերի, ինստիտուտների, կենտրոն­ների տնօրենները, ֆակուլտետների դեկանները, ինչպես նաև ռեկտորի նշանակմամբ՝ դասախոսներ, համալսարանի աշխատողներ, ուսանողական խորհրդի ներկայացուցիչներ։

VII. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

48.Համալսարանի գիտական խորհուրդը (այսուհետ՝ գիտական խորհուրդ) ձևավոր­վում է սույն կանոնադրության համաձայն։ Այն համալսարանի ուսումնամեթոդական, գիտական և գիտատեխնիկական գործունեությունը պլանավորող, համակարգող ու կարգավորող կոլեգիալ մարմին է։

49.Գիտական խորհրդի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են ռեկտորը (նախագահ), պրոռեկտորները, գիտական քարտուղարը, ուսում­նամեթոդական վարչության պետը, աշխատակազմի ղեկավարը, գլխավոր հաշվապահը, մասնաճյուղերի, կենտրոնների տնօրենները, ֆակուլտետների դեկանները, արհմիութենական կազմակերպության նախագահը, ուսանողական խորհրդի նախագահը, ինչպես նաև ռեկտորի նշանակմամբ՝ կառուցվածքային այլ ստորաբաժանումների ղեկավարներ և համալսարանի առանձին դասախոսներ ու գիտաշխատողներ, գիտության առաջատար մասնագետներ, համալսարանի ուսանողության ներկայացուցիչներ։ Ի պաշտոնե և ռեկտորի կողմից նշանակվող անդամների թիվը չի կարող գերազանցել գիտական խորհրդի անդամների թվի 50 տոկոսը, գիտական խորհրդի անդամների թվի 10 տոկոսը ներկայացվում է «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի կողմից։ Համալսարանի ուսանողության ներկայացուցիչների թիվը չի կարող պակաս լինել գիտական խորհրդի անդամների թվի 25 տոկոսից։ (փոփ. ԼՂՀ Կառ. 06.04.2017թ. N 233-Ն):

50.Գիտական խորհրդի մյուս անդամներն ընտրվում են համալսարանի համապա­տասխան կառուցվածքային ստորաբաժանումների կողմից՝ համաձայն գիտական խորհրդի կանոնակարգի։

51.Համալսարանի գիտական խորհրդի նիստը համարվում է իրավազոր՝ նրա անդամների 2/3-ի ներկայության դեպքում։ Որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, բաց քվեարկությամբ, եթե չի ընդունվում որոշում փակ, գաղտնի քվեարկության մասին։

52.Գիտական խորհրդի քարտուղարը նշանակվում է ռեկտորի հրամանով։

53.Գիտական խորհրդի նիստերը, որպես կանոն, գումարվում են յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ։ Սահմանված կարգով կարող են գումարվել արտահերթ նիստեր։

54.Համալսարանի գիտական խորհուրդը՝

1)հաստատում է իր կանոնակարգն ու աշխատակարգը.

2)քննարկում և ռեկտորին ու հոգաբարձուների խորհրդին է ներկայացնում առա­ջարկություններ համալսարանի ուսումնական, գիտական հետազոտությունների հիմնական ուղղությունների, գիտահետազոտական աշխատանքների թեմատիկայի ու ծրագրերի, գիտական կադրերի պատրաստման, միջազգային կրթական, գիտական համագործակ­ցության հարցերի և ծրագրերի վերաբերյալ.

3)քննարկում և ներկայացնում է առաջարկություններ նոր ստորաբաժա­նումներ ստեղծելու վերաբերյալ, հաստատում է կառուցվածքային ստորաբաժանում­ների կանոնադրություններն ու կանոնակարգերը՝ բացառությամբ սույն կանոնադրության 33-րդ կետի 4-րդ ենթա­կետում նշված ստորաբաժանումների.

4)քննարկում և հրատարակության է երաշխավորում համալսարանի աշխատողների ու տվյալ մասնագիտությամբ կազմակերպություններում աշխատող այլ հեղինակների մենագրությունները, ժողովածուները և այլն.

5)քննարկում է կրթության և գիտության զարգացման հրատապ հիմնահարցերը, լսում գիտական հաղորդումներ և ընդունում համապատասխան որոշումներ.

6)քննարկում է ուսումնական, գիտական գործունեության գլխավոր և հեռանկարային ուղղությունները, լսում է հաշվետվություններ ու հաղորդումներ կատարվող կարևորագույն գիտահետազոտական և գիտամեթոդական աշխատանքների արդյունքների մասին.

7)ընդունում է որոշումներ նոր մասնագիտություններով կրթական ծրագրեր իրակա­նացնելու մասին և այն ներկայացնում կրթության պետական կառավարման լիազոր մարմին, ըստ մասնագիտութունների հաստատում է ուսումնական պլանները.

8)ընդունում է «Համալսարանի պատվավոր դոկտոր», «Համալսարանի պատվավոր պրոֆեսոր», «Համալսարանի վաստակավոր պրոֆեսոր», «Համալսարանի վաստակավոր գիտաշխատող» կոչումներ շնորհելու, մրցանակներ, անվանական կրթաթոշակներ տալու, մեդալներով պարգևատրելու մասին որոշումներ։ Քննարկում և հաստատում է դեկանների, ամբիոնների վարիչների ու պրոֆեսորադասախոսական կազմի ընտրության կանոնակարգերը։ Իրականացնում է դեկանների, ամբիոնների վարիչների, պրոֆեսորների և դոցենտների ընտրությունը՝ փակ, գաղտնի քվեար­կությամբ.

9)իրականացնում է սույն կանոնադրությունից բխող՝ ուսումնական, մեթոդական, հետազոտական և կազմակերպչական գործունեության հետ կապված այլ լիազորություններ։

VIII. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

55.Համալսարանի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կարող է կատարել համալսարանի հիմնադիրը` իր նախաձեռնությամբ կամ համալսարանի հոգաբարձուների խորհրդի առաջարկությամբ` օրենքով սահմանված կարգով։ Կանոնադրության մեջ կատար­վող այդ փոփոխություններն ու լրացումները չեն կարող վերաբերել համալսարանի նպատակներին կամ շահառուներին։

IX. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

56.Համալսարանն ինքնուրույն է պլանավորում իր գործունեությունը, մշակում զարգացման հեռանկարները և ընդունում իր գործունեության վերաբերյալ որոշումներ։

57.Համալսարանի՝ այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ գործունեության բոլոր հարաբերություններն իրականացվում են պայմանագրային հիմունքներով։

58.Համալսարանն ինքնուրույն է ընտրում իր կողմից կնքվող պայմանագրերի առարկան և պայմանները։

59.Իր կանոնադրական գործունեությունն իրականացնելիս՝ համալսարանն իրա­վունք ունի սեփական նախաձեռնությամբ ընդունելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը չհակասող ցանկացած որոշում։

60.Համալսարանը ձեռնարկատիրական գործունեություն իրականացնում է միայն այն դեպքերում, երբ դա համապատասխանում է իր կանոնադրությանը կամ ծառայում է իր կանոնադրական նպատակների իրականացմանը։ Համալսարանը կարող է ձեռնարկատիրական գործունեու­թյուն իրականացնել ինքնուրույն կամ այդ նպատակով ստեղծել տնտեսական ընկերություններ, կամ լինել դրանց մասնակից։ Համալսարանի կողմից իրականացվող (այդ թվում՝ անձամբ) ձեռնարկատիրական գործունեության տեսակները սահմանվում են համալսարանի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ։

61.Համալսարանը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով։

62.Հիմնադրի կողմից համալսարանին, որպես հիմնադրի ներդրում, հանձնված գույքը համալսարանի սեփականությունն է, համալսարանն այդ գույքն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված կարգով, եթե հիմնադրի որոշմամբ այլ բան նախատեսված չէ։

63.Համալսարանի սեփական միջոցներով ձեռք բերված գույքը և օրենքով սահմանված այլ աղբյուրներից ձևավորված գույքը համալսարանի սեփականությունն են։ Համալսարանն այդ գույքն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված կարգով։

64.Այլ քաղաքացիների, կազմակերպությունների կողմից, որպես կամավոր գույքային ներդրում հանձնված գույքը, ներառյալ դրամական միջոցները, բաժնետոմսերը, այլ արժեթղթեր և մտավոր սեփականության նկատմամբ իրավունքները, համալսարանի սեփականությունն են։

65.Համալսարանի սեփականությունը հանդիսացող և նրան օգտագործման հանձնված ընդհանուր ակտիվների արժեքի 20 տոկոսը գերազանցող գործարք­ները կնքվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության համաձայնությամբ։

66.Համալսարանի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ համալսարանի մարմինների անդամների, ինչպես նաև համալսարանի աշխատողների, բացառությամբ աշխատողների աշխատավարձի և համալսարանի մարմինների անդամների պարտակա­նությունների կատարմամբ պայմանավորված՝ փոխհատուցման ենթակա ծախսերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ համալսարանի հիմնադիրը, համալսարանի մարմինների անդամները, ինչպես նաև համալսարանի աշխատողները կանոնադրությամբ նախատես­ված շահառուներ են։

67.Հանգանակությունից ստացված միջոցները կարող են ծախսվել միայն այն նպատակով, որը հայտարարվել է նախապես։

X. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՈՒ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

68.Համալսարանում իրականացվում է բարձրագույն մասնագիտական կրթություն՝ բակալավրի, մագիստրոսի կրթական ծրագրերով և հետբուհական մասնագիտական կրթություն՝ հետազոտողի ծրագրով (ասպիրանտուրա): Համալսարանն իրականացնում է նաև նախադպրոցական, հանրակրթական (ավագ դպրոց), նախնական մասնագիտական, ինչպես նաև լրացուցիչ կրթական ծրագրեր:

69.Համալսարանում բարձրագույն և հետբուհական կրթության հիմնական կրթական ծրագրերն իրականացվում են առկա, հեռակա, հեռավար (դիստանցիոն) և դրսեկության (էքստեռնատ) ձևերով։ Թույլատրելի է բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու տարբեր ձևերի զուգակցումը:

70.Համալսարանում բարձրագույն կրթության առաջին աստիճանում՝ բակալավրիատում, ընդունելությունն իրականացվում է մրցութային հիմունքներով, առնվազն միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն ունեցող անձանց դիմումների հիման վրա՝ համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի և մասնագիտությունների ցանկի:

71.Դիմորդների համար անհրաժեշտ համալսարանին վերաբերող տեղեկատվությունը, այդ թվում՝ ուսանողի հետ կնքվող համապատասխան պայմանագրերի ձևաթերթերը տեղադրվում են համալսարանի պաշտոնական կայքում:

72.Համալսարանում բարձրագույն կրթության երկրորդ աստիճանի՝ մագիստրատուրայի ընդունելությունն իրականացվում է բարձրագույն կրթության առաջին աստիճանի (բակալավրիատի) գնահատականների հաշվառմամբ՝ գիտական խորհրդի կողմից հաստատված կանոնակարգով:

73.Համալսարանում բարձրագույն կրթության երրորդ աստիճանի՝ ասպիրանտուրայի ընդունելությունն իրականացվում է մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիմորդների մրցութային ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա՝ համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի և մասնագիտությունների ցանկի:

74.Համալսարանում գիտական կադրերի պատրաստումը կարող է իրականացվել նաև հայցորդության եղանակի կիրառմամբ:

75.Հայցորդության եղանակով թեկնածուական ատենախոսությունների պատրաստման դեպքում հայցորդի համար բարձրագույն կրթության երրորդ աստիճանի՝ ասպիրանտուրայի համար նախատեսված հետազոտողի կրթական ծրագրի իրացումը պարտադիր է: Թեկնածուական ատենախոսություն պատրաստող հայցորդներին որակավորման քննություններ հանձնելու և ատենախոսությունն ավարտելու համար հատկացվող առավելագույն ժամկետը 5 տարի է: Հայցորդի կարգավիճակով լրիվ ժամկետ անցած անձինք երկրորդ անգամ չեն կարող օգտվել նույն մասնագիտությամբ հայցորդ ձևակերպվելու իրավունքից:

76.Դոկտորական ատենախոսություն պատրաստող հայցորդների գիտական գործունեությունը որևէ ժամկետով չի սահմանափակվում: Համալսարանում գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման նպատակով ատենախոսություն կարող է պատրաստվել նաև դոկտորանտուրայի միջոցով: Դոկտորանտուրային վերաբերող փաստաթղթերը ձևակերպվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

77.Համալսարանում գիտական աստիճաններ շնորհում են մասնագիտական խորհուրդները՝ հիմք ընդունելով ատենախոսության պաշտպանությունը։ Մասնագիտական խորհուրդները ստեղծվում և գործում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և լիազոր մարմնի կողմից սահմանված կարգին համապատասխան։

78.Համալսարանում հանրակրթական ծրագրերով ուսուցումը կազմակերպվում է համալսարանի կազմում գործող հանրակրթական ծրագրեր իրականացնող ստորաբաժանումների (ավագ դպրոցների) կողմից։

79.Համալսարանում միջին մասնագիտական կրթական ծրագրերով ուսուցումը կազմակերպվում է համալսարանի կազմում գործող միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ստորաբաժանումների (քոլեջների) կողմից։

80.Համալսարանի բարձրագույն և միջին մասնագիտական կրթության ծրագրերով սովորողներին տրվում է ուսանողական (ասպիրանտական) տոմս և ստուգման գրքույկ:

81.Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վճարովի հիմունքներով ուսուցումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն:

82.Համալսարանի ուսումնական գործընթացը կազմակերպվում է 2 կիսամյակից բաղկացած ուսումնական տարով, յուրաքանչյուր կիսամյակ ավարտվում է քննաշրջանով։ Յուրաքանչյուր կրթական ծրագրի համար ուսումնական գործընթացի նորմատիվային տևողությունը, ուսումնական տարվա սկիզբն ու վերջը որոշվում են համապատասխան պետական կրթական չափորոշիչներով:

83.Համալսարանում սահմանվում են ուսուցման հետևյալ հիմնական տեսակները՝ դասախոսություն, գործնական (սեմինար) և լաբորատոր պարապմունքներ, խորհրդատվություն, ուսումնական և արտադրական պրակտիկա, ուսանողի ինքնուրույն աշխատանք, ինչպես նաև գործնական հմտությունների ձեռքբերում՝ ուսումնափորձնական տնտեսություններում։

84.Ուսուցման բովանդակությունը և մասնագիտական ուղղվածությունը տարբերակվում են համաձայն ուսումնական մասնագիտությունների, որոնց ցանկը իրականացվող յուրաքանչյուր հիմնական կրթական ծրագրի համար հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

85.Յուրաքանչյուր մասնագիտության համար ուսումնական գործընթացի կազմակերպումը կարգավորվում է մասնագիտության ուսումնական պլանով, որով սահմանվում է համապատասխան կրթական ծրագրի բովանդակության բաշխումն ըստ ուսուցման տարիների, ուսումնական դասընթացների և առարկաների:

86.Համալսարանի` ըստ մասնագիտությունների, մասնագիտացումների ուսումնական պլանները և դասընթացները երաշխավորում են տարբեր կրթական փուլերում սովորողների ուսումնառության գործընթացը (մուտքը կրթական ծրագիր և ելքը` ծրագրից)՝ ապահովելով ակադեմիական կրեդիտների կուտակումը, փոխանցումը և որակավորման աստիճանների շնորհումը:

87.Համալսարանը պետական կրթական չափորոշիչներին համապատասխան կազմում է ուսումնական պլանները, որոնք հաստատվում են գիտական խորհրդի կողմից և ներկայացվում պետական կառավարման լիազոր մարմին:

88.Ըստ նշանակության` ուսումնական առարկաները (դասընթացները) դասակարգվում են երկու խմբի` պարտադիր ուսուցման առարկաներ և ընտրովի առարկաներ:

89.Ուսումնական առարկաների նպատակը, բովանդակությունը, տրամաբանական հաջորդականությունը, փոխադարձ կապը, երաշխավորվող գրականությունը, ուսումնական պլանով հատկացված ժամաքանակի բաշխումը` ըստ պարապմունքների ձևերի, և քննական (ատեստավորման) պահանջները սահմանվում են առարկայական ծրագրերով, որոնք համապատասխան ամբիոնի ներկայացմամբ` հաստատում է նշված աշխատանքները համակարգող պրոռեկտորը:

90․Ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաները ենթակա են գնահատման` ըստ գիտական խորհրդի կողմից հաստատված կարգի:

  1. Համալսարանի ուսանողներին, ովքեր կատարել են ուսումնական պլանի պահանջները, թույլատրվում է մասնակցելու ամփոփիչ պետական ատեստավորմանը, որն իրականացվում է նաև դիպլոմային (ավարտական) աշխատանքի, այդ թվում` մագիստրոսական թեզի (ատենախոսության) պաշտպանության միջոցով: Դիպլոմային (ավարտական) աշխատանքի կազմակերպումը կարող է իրականացվել նաև ստեղծագործական խմբերի ձևավորման միջոցով: Ստեղծագործական խմբերի ձևավորման, այդ եղանակով դիպլոմային (ավարտական) աշխատանքի կատարման, պաշտպանության և գնահատման կանոնակարգը հաստատում է գիտական խորհուրդը:

92.Դիպլոմային (ավարտական) աշխատանքի, այդ թվում` մագիստրոսական թեզի (ատենախոսության) պաշտպանության իրավունք վերապահվում է համապատասխան կրթական ծրագրով սովորող անձանց, ովքեր լրիվ ծավալով ուսումնասիրել և անցել են ատեստավորում մասնագիտության (մասնագիտացման) ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաներից և անցել պահանջվող բոլոր պրակտիկաները:

  1. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ծրագրերով ուսումնառությունն ավարտած և համալսարանի ամփոփիչ պետական ատեստավորումն անցած անձանց սահմանված կարգով շնորհվում է որակավորման համապատասխան աստիճան և հանձնվում է որակավորման շնորհված աստիճանը հաստատագրող ավարտական փաստաթուղթ (դիպլոմ)` համապատասխան ներդիրով:

94.Ավարտական փաստաթղթում նշվում են որակավորումը, մասնագիտությունը (մասնագիտացումները), կրթական ծրագրերը և ուումնասիրված դասընթացները: Ավարտական փաստաթղթի օրինակելի ձևը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ:

  1. Կրթության ծրագիրը չավարտած անձանց տրվում է սահմանված նմուշի ակադեմիական տեղեկանք:
  2. Լրացուցիչ մասնագիտական կրթական ծրագիրն ավարտած և ամփոփիչ ատեստավորումն անցած անձանց տրվում է համալսարանի կողմից սահմանված նմուշի ավարտական փաստաթուղթ (վկայագիր, հավաստագիր):
  3. Անցումը ուսուցման մեկ աստիճանից մյուսին կատարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
  4. Բարձրագույն մասնագիտական կրթության տարբեր աստիճանների կրթական ծրագրերով առաջին անգամ կրթություն ստանալը չի դիտվում որպես երկրորդ բարձրագույն մասնագիտական կրթության ստացում:
  5. Համալսարանը կազմակերպում է գիտաժողովներ, ցուցահանդեսներ, խորհրդակցություններ, սեմինարներ, ստուգատեսներ, սպարտակիադաներ, մրցաշարեր:
  6. Հանրապետության պետական բյուջեի միջոցներով իրականացվող գիտահետազոտական, նախագծային, կոնստրուկտորական, փորձարարական ու այլ աշխատանքների պլանավորումը, ֆինանսավորումը, հաշվետվությունն իրականացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
  7. Հետազոտական, նախագծային, կոնստրուկտորական, արտադրական, փորձարարական աշխատանքներին կարող են մասնակցել համալսարանի դասախոսները, գիտաշխատողները, ասպիրանտները, հետազոտողները, հայցորդները, ուսանողները, ինչպես նաև հաստիքային այլ աշխատողներ ու պայմանագրային հիմունքներով հրավիրված անձինք:
  8. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության որակի ապահովման նպատակով համալսարանը կազմակերպում է ներքին ու արտաքին գնահատման գործընթաց, հրապարակում է որակի գնահատման և (կամ) հավաստագրման չափանիշները, որակի գնահատում և (կամ) հավաստագրում իրականացնող կազմակերպության տված եզրակացությունները: Արտաքին գնահատման գործընթացը կարող է իրականացվել նաև արտերկրի համապատասխան կազմակերպության կողմից:
  9. Համալսարանի ուսումնական և գիտական գործընթացը կազմակերպվում է՝ ելնելով համալսարանի զարգացման ռազմավարական ծրագրի պահանջներից:

104.Համալսարանի ուսումնական և գիտական գործունեությունը ֆինանսավորվում է հետևյալ աղբյուրներից՝

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից.

2) համալսարանի ձեռնարկատիրական գործունեության եկամուտներից.

3) նվիրատվություններից.

4) բարեգործական նպատակով տրամադրվող միջոցներից.

5) նախաձեռնողական հետազոտությունների համար նախատեսված միջոցներից.

6) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից։

XI. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

  1. Համալսարանի կառուցվածքը սահմանվում է հոգաբարձուների խորհրդի որոշմամբ։

106.Համալսարանի ինքնուրույն ուսումնական կառուցվածքային ստորաբաժանումներն են ինստիտուտները, ֆակուլտետները, ամբիոնները, քոլեջները, դպրոցները, կենտրոնները, հենակետերը, ուսումնափորձնական տնտեսությունները:

107.Տարածքային մասնաճյուղերը հանդիսանում են համալսարանի առանձնացված ստորաբաժանումներ:

  1. Համալսարանի ինստիտուտը համալսարանի ուսումնամեթոդական և (կամ) գիտահետազոտական գործընթացը կազմակերպող խոշոր կառուցվածքային ստորաբաժանում է: Ինստիտուտն իր գործունեությունն իրականացնում է` ղեկավարվելով համալսարանի և իր կանոնադրություններով:
  2. Համալսարանի ֆակուլտետը համալսարանի (մասնաճյուղի, ինստիտուտի) ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործընթացը կազմակերպող հիմնական ստորաբաժանում է, որն իրականացնում է մասնագետների պատրաստումը` մեկ կամ մեկից ավելի հարակից մասնագիտությունների գծով և (կամ) ընդհանուր կրթության առանձին բաղադրամասերի ուսուցումը և գործում է` ղեկավարվելով համալսարանի կանոնադրությամբ ու իր կանոնակարգով:

110.Ֆակուլտետը ստեղծվում, վերակազմակերպվում և լուծարվում է համալսարանի գիտական խորհրդի առաջարկությամբ` հոգաբարձուների խորհրդի որոշմամբ:

111.Ֆակուլտետը կազմված է ամբիոններից, լաբորատորիաներից և ուսումնական, գիտական ու օժանդակ այլ օղակներից: Ֆակուլտետի կառավարման մարմիններն են ֆակուլտետի խորհուրդը և դեկանը:

  1. Ֆակուլտետի կառավարման կոլեգիալ մարմինը ֆակուլտետի խորհուրդն է, որի նախագահը ֆակուլտետի դեկանն է: Ֆակուլտետի խորհրդի կազմում ընդգրկվում են դեկանի տեղակալները, ֆակուլտետի ամբիոնների վարիչները, ֆակուլտետի ուսխորհրդի նախագահը, առաջատար պրոֆեսորներ, դոցենտներ, ոլորտի այլ մասնագետներ, ուսանողներ: Ուսանողական համակազմի ներկայացուցիչների թիվը պետք է լինի ոչ պակաս, քան խորհրդի անդամների 25 տոկոսը:
  2. Ֆակուլտետի խորհրդի, որպես կառավարման մարմնի, կազմը, ձևավորման ու գործունեության կարգը սահմանվում են ֆակուլտետի կանոնադրությամբ:
  3. Ֆակուլտետի խորհուրդը՝

1) քննարկում և համալսարանի գիտական խորհրդի հաստատմանն է ներկայացնում ֆակուլտետի կանոնադրությունը.

2) տալիս է եզրակացություն ֆակուլտետի դեկանի և ամբիոնի վարիչների թափուր տեղերի թեկնածուների վերաբերյալ` գիտական խորհրդում մրցութային ընտրությանը մասնակցելու համար.

3) գիտական խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ ֆակուլտետի կառուցվածքում ամբիոններ (լաբորատորիաներ, բաժիններ) և այլ կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, լուծարելու և վերակազմակերպելու վերաբերյալ.

4) լսում է դեկանի ամենամյա հաշվետվությունները և գնահատում նրա գործունեությունը.

5) ներկայացնում է ֆակուլտետի ուսումնական պլանները՝ համալսարանի գիտական խորհրդում հաստատելու համար.

6) ընտրում է համալսարանի գիտական խորհրդում ընդգրկվող ֆակուլտետի ներկայացուցիչներին.

7) լուծում է սույն կանոնադրությունից բխող՝ ֆակուլտետի ուսումնամեթոդական, գիտահետազոտական և այլ գործունեության հետ կապված հարցեր:

  1. Ֆակուլտետի խորհրդի որոշումները ստորագրում է ֆակուլտետի դեկանը: Ֆակուլտետի խորհրդի նիստերն արձանագրվում են:
  2. Ֆակուլտետի խորհրդի նիստը համարվում է իրավազոր՝ նրա անդամների 2/3-ի ներկայության դեպքում: Որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ֆակուլտետի խորհրդի որոշումները պարտադիր են ֆակուլտետի ղեկավարության, աշխատողների, ուսանողների, ասպիրանտների, դոկտորանտների և հայցորդների համար:
  3. Ֆակուլտետի գործունեության կազմակերպումն ու ղեկավարումը, իր իրավասությունների սահմաններում և սույն կանոնադրությանը համաձայն, իրականացնում է ֆակուլտետի դեկանը:
  4. Ֆակուլտետի դեկանն ընտրվում է համալսարանի գիտական խորհրդում` փակ, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով։ Ընտրությունների արդյունքների հիման վրա ֆակուլտետի դեկանին պաշտոնի է նշանակում ռեկտորը։ Ֆակուլտետի դեկանի ընտրությունը կազմակերպվում և իրականացվում է համալսա­րանի գիտական խորհրդի կողմից հաստատված ֆակուլտետի դեկանի ընտրության կանոնակարգին համապատասխան։
  5. Ֆակուլտետի դեկանը՝

1) ղեկավարում է ֆակուլտետի կրթական, գիտական, արտադրական, միջազգային և այլ գործունեությունը.

2) ապահովում է համալսարանի գիտական խորհրդի, ֆակուլտետի խորհրդի և ռեկտորատի որոշումների կատարումը.

3) ռեկտորի հաստատմանն է ներկայացնում դեկանի տեղակալների և ֆակուլտետի խորհրդի քարտուղարի թեկնածությունները։

  1. Ֆակուլտետի խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում ընթացիկ հարցերը քննարկվում և լուծվում են դեկանատի խորհրդի կողմից, որը դեկանի ղեկավարությամբ գործող մարմին է։
  2. Ամբիոնը համալսարանի կամ ֆակուլտետի ուսումնական և գիտական կառուցվածքային ստորաբաժանում է, որը գործում է սույն կանոնադրության և համալսարանի ամբիոնի` գիտական խորհրդի կողմից ընդունված կանոնակարգին համապատասխան։
  3. Ամբիոնը ղեկավարում է ամբիոնի վարիչը, ով ընտրվում է համալսարանի գիտական խորհրդում` փակ, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով։ Ընտրությունների արդյունքների հիման վրա ամբիոնի վարիչին պաշտոնի է նշանակում ռեկտորը։ Ամբիոնի վարիչի ընտրությունը կազմակերպվում և իրականացվում է համալսա­րանի գիտական խորհրդի կողմից հաստատված ամբիոնի վարիչի ընտրության կանոնակարգին համապատասխան։

XII. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿՈԼԵԿՏԻՎԸ

  1. Համալսարանի աշխատողների իրավունքներն ու պարտա­կանությունները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ: Համալսարանում սահմանվում են գիտամանկավարժական կազմ` պրոֆեսորադասախոսական կազմ (պրոֆեսոր, դոցենտ, ասիստենտ­, ավագ դասախոս, դասախոս) և գիտական աշխատողներ, ինժեներատեխնիկական, վարչատնտեսական, արտադրական (հիմնա­կան, սեզոնային, ժամանակավոր), ուսումնաօժանդակ և այլ կազմի աշխատողներ։
  2. Համալսարանի աշխատողներն իրավունք ունեն՝

1)համալսարանի կանոնադրությամբ և ուսումնական ստորաբաժանումների կանոնակարգերով սահմանված կարգով ընտրելու և ընտրվելու համալսարանի հոգաբարձուների խորհրդում, գիտական խորհրդում, ֆակուլտետների խորհուրդներում և համալսարանի ընտրովի այլ մարմիններում ու պաշտոններում.

2)միավորվելու արհմիություններում և հասարակական այլ կազմակերպություններում.

3)օգտվելու ուսումնական, գիտական, սոցիալ-կենցաղային ստորաբաժանումների, գիտական գրադարանի ծառայություններից։

  1. Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, գիտաշխատողները և ուսանողներն օժտված են ակադեմիական ազատություններով։
  2. Գիտամանկավարժական աշխատողների, ուսանողների, ասպիրանտների և դոկտորանտների ու հայցորդների համար ստեղծվում են գիտական հետազոտությունների, որոնումների, գիտական մտքերի, գաղափարների և արդյունքների ազատ շարադրման ու տարածման համար նպաստավոր պայմաններ՝ այդ նպատակներին հատկացված միջոց­ների սահմաններում։
  3. Համալսարանի աշխատողները պարտավոր են՝

1) պահպանել և կատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահ­մանված, սույն կանոնադրության և համալսարանի աշխատանքային, ներքին կարգա­պահական այլ կանոնների պահանջները.

2) կատարել համալսարանի ղեկավար մարմինների որոշումները.

3) ապահովել ուսումնական գործընթացի, անցկացվող գիտական հետազոտու­թյունների արդյունավետությունը.

4) մշտապես բարձրացնել իրենց մասնագիտական որակավորումը.

5) պահպանել և արդյունավետ ու խնայողաբար օգտագործել գույքը.

6) մասնակցել խորհրդատվական աշխատանքներին։

  1. Համալսարանի գիտամանկավարժական աշխատողներն իրավունք ունեն՝

1) զբաղվելու իրենց մասնագիտական գործունեության կազմակերպման և նյութա­տեխնիկական ապահովման հարցերով.

2) գիտական հետազոտության ակադեմիական ազատության սկզբունքին համա­պատասխան՝ սեփական նախաձեռնությամբ հետազոտական թեմաներ ընտրելու և մշակելու.

3)պետական կրթական չափորոշիչներին համապատասխան՝ ազատ որոշելու ուսումնական դասընթացների բովանդակությունը և ծրագրերը.

4)ազատ ընտրելու իրենց անհատական առանձնահատկություններին համա­պատասխանող և ուսումնական գործընթացի բարձր որակն ապահովող նյութի շարադրման, դասավանդման մեթոդներն ու միջոցները.

5) համատեղելու գիտական, մանկավարժական և այլ բնույթի աշխատանքները։

129.Համալսարանի սովորողներ են համարվում միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն, ինչպես նաև լրացուցիչ կրթություն ստանալու համար համալսարան ընդունված անձինք և ավագ դպրոցի սովորողները:

130.Համալսարանի մագիստրանտ է համարվում քառամյա (բակալավր) կամ հնգամյա (դիպլոմավորված մասնագետ) բարձրագույն կրթություն ունեցող անձը, ով սահմանված մրցութային կարգով ընդունվել է մագիստրատուրա՝ առնվազն մեկ տարի ժամկետով ուսուցման պայմանով։

131.Համալսարանի ասպիրանտ է համարվում բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող և մրցույթով անցած անձը, ով ուսանում է ասպիրանտուրայում և պատրաստում է գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսություն։

132.Համալսարանի դոկտորանտ է համարվում գիտությունների թեկնածուի աստիճան ունեցող և որպես դոկտորանտ հրամանագրված անձը, ով նախապատրաստում է գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման ատենախոսություն։

133.Համալսարանի հայցորդ է համարվում բարձրագույն մասնագիտական կրթու­թյուն ունեցող անձը, ով կցված է ասպիրանտուրային՝ թեկնածուական մինիմումի քննությունը հանձնելու և գիտությունների թեկնածուի գիտական աստիճան հայցելու ատենախոսություն նախապատրաստելու համար, առանց ասպիրանտուրայում ուսանելու, կամ այն անձը, ով ունի գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և նախապատ­րաստում է գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման ատենախոսություն։

134.Համալսարանի ունկնդիրներ են համարվում այն անձինք, ովքեր դրսեկության ձևով սովորում են նախապատրաստական բաժիններում, ինչպես նաև դասախոսները և գիտական աշխատողները, ովքեր մասնակցում են վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներին։

135.Համալսարանի ավագ դպրոցում և միջին մասնագիտական համակարգում (քոլեջում) սովորողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են ավագ դպրոցի և քոլեջի կանոնադրություններով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

  1. Համալսարանի ուսանողներն իրավունք ունեն՝

1) ստանալու գիտության, տեխնիկայի և մշակույթի զարգացման ժամանակակից մակարդակին համապատասխանող գիտելիքներ.

2)հաճախելու համալսարանում կարդացվող ցանկացած դասախոսության.

3)ըստ նախասիրությունների՝ մասնակցելու համալսարանում անցկացվող ուսանո­ղական գիտահետազոտական աշխատանքներին.

4)մասնակցելու ուսուցման որակն ապահովող գործառություններին և գնահատելու պրոֆեսորադասախոսական կազմի գործունեության արդյունավետությունը.

5)օգտվելու գրադարանից, մարզական և առողջարանային հենակետերից, մշակու­թային-լուսավորչական օղակներից.

6)հիմնական մասնագիտական ուսուցումը համատեղելու երկրորդ կամ լրացուցիչ մասնագիտական ուսուցման հետ և ստանալու երկու մասնագիտական որակավորման աստիճան՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված ծրագրին համապատասխան.

7)ստեղծելու ուսանողական հասարակական կազմակերպություններ՝ ուսանողական կյանքին վերաբերող հարցերի լուծման համար.

8)ընդգրկվելու համալսարանի և նրա ստորաբաժանումների ղեկավար մարմինների կազմում.

9)բողոքարկելու բարձրագույն ուսումնական հաստատության ղեկավարության հրամաններն ու կարգադրությունները՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

10) օգտվելու ուսման տարեկան վարձի մասամբ կամ լրիվ փոխհատուցման իրա­վունքից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Սահ­մանված կարգով ստանալու պետական, անվանական, ինչպես նաև իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից նշանակված կրթաթոշակ, դրամաշնորհ, ինչպես նաև ուսանողական վարկ.

11)ծանոթանալու սույն կանոնադրությանը և այլ նորմատիվային փաստաթղթերի, համալսարանի հետ կնքելու պայմանագիր ուսումնառության պայմանների վերաբերյալ.

12)օրենսդրությամբ սահմանված կարգով անհրաժեշտության դեպքում ստանալու մինչև մեկ տարի ժամկետով ակադեմիական արձակուրդ.

13)հանրակացարանի կարիք ունենալու դեպքում՝ սահմանված կարգով ստանալու համապատասխան տեղ հանրակացարանում:

  1. Համալսարանի ուսանողները պարտավոր են՝

1) սահմանված ժամկետներում կատարել ուսումնական առաջադրանքները.

2) տիրապետել ապագա բարձր որակավորմամբ մասնագետի համար անհրաժեշտ գիտելիքներին և հմտություններին.

3) պահպանել ներքին կարգապահական կանոնները.

4) հաճախել ուսումնական պլանով նախատեսված բոլոր պարապմունքներին.

5) վճարովի հիմունքներով կրթություն ստանալու դեպքում ժամանակին վճարել ուսման վարձը։

138․ Ուսումնական պլանները չկատարող և ուսումնական գործընթացի ժամանա­կացույցին համապատասխան չիրականացնող, ակադեմիական անբավարար առաջա­դիմություն ցուցաբերող, համալսարանի ներքին կարգապահական կանոնները խախտող, վճարովի հիմունքներով կրթություն ստանալու դեպքում ուսման վարձը ժամանակին չվճարող ուսանողները կարող են ենթարկվել կարգապահական տույժերի՝ ընդհուպ մինչև համալսա­րանից հեռացվելը։ Արգելվում է ուսանողին հեռացնել հիվանդության, արձակուրդների, ակադեմիական արձակուրդի կամ հղիության և ծննդաբերության արձակուրդի ընթացքում։

139.Բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորողները կարող են միավորվել ուսանողական խորհուրդներում, ուսանողական գիտական ընկերություններում և ուսանողական այլ կազմակերպություններում։

140․Համալսարանի ուսանողության ինքնակառավարման և նրա շահերը ներկայացնող մարմինն ուսանողական խորհուրդն է, որն ապահովում է ուսանողների մասնակցությունը համալսարանի կառավարման համապատասխան մարմիններում, քննարկման ներկայացնում ուսանողությանն առնչվող հարցեր։ Ուսանողական խորհրդի ձևավորման և գործունեության կարգը սահմանվում է ուսանողական խորհրդի կանոնակարգով, որը հաստատում է համալսարանի գիտական խորհուրդը։

141․Համալսարանում կարող է կազմավորվել երիտասարդ գիտնականների և մասնագետների ընկերություն՝ իր կազմում ներառելով ուսանողական գիտական ընկերությունը։ Երիտասարդ գիտնականների և մասնագետների ընկերության ձևավորման և գործունեության կանոնակարգը հաստատում է համալսարանի գիտական խորհուրդը։

XIII. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

  1. Համալսարանի գործունեության նկատմամբ վերահսկողություն են իրականաց­նում իրավասու պետական մարմինները։
  2. Համալսարանի կողմից “Հիմնադրամների մասին” Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարությունը, իսկ օրենքով սահմանված դեպքում՝ նաև այլ իրավասու պետական մարմիններ՝ ըստ իրենց իրավասությունների, ստուգումների և ուսումնասիրությունների՝ օրենքով նախատեսված ընթացակարգերով։ Համալսարանի ֆինանսական գործունեությունը վերստուգվում է անկախ աուդիտորի կողմից՝ առնվազն տարեկան մեկ անգամ։ Համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամների 1/3-ի պահանջով կարող է կատարվել արտահերթ աուդիտ։ Անկախ աուդիտորն ընտրվում է մրցութային կարգով և հաստատվում համալսարանի հոգաբարձուների խորհրդի կողմից։

144.Յուրաքանչյուր տարի հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ համալսարանը պարտավոր է հրապարակել՝

1)հաշվետվություն իր գործունեության մասին։ Հաշվետվությունը պետք է պարու­նակի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, տվյալ ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափի, հոգաբարձուների խորհրդի անդամների, ռեկտորի և համալսարանի աշխատակազմում ընդգրկված անձանց անուններն ու ազգանունները, եթե նրանք հաշվետու տարվա ընթացքում օգտվել են համալսարանի միջոցներից և ծառայություններից.

2)աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի)՝ ֆինանսական հաշվետվությունների մասին եզրակացությունը։

XIV. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

145.Համալսարանը կարող է վերակազմակերպվել միայն հիմնադրամի՝ այլ հիմնա­դրամին միացման կամ այլ հիմնադրամի հետ միաձուլման ձևով։

146.Համալսարանը վերակազմակերպվում է հիմնադրի որոշմամբ՝ օրենքով սահմանված կարգով։

147.Համալսարանի լուծարումը նրա գործունեության դադարումն է՝ առանց նրա իրավունքներն ու պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու։

148.Համալսարանի լուծարման մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը՝ շահագրգիռ անձանց դիմումի հիման վրա։ Համալսարանի անունից, որպես շահագրգիռ անձ, կարող է հանդես գալ հոգաբարձուների խորհուրդը։

149.Համալսարանը կարող է լուծարվել, եթե՝

1)համալսարանի գույքը բավարար չէ նրա գործունեության իրականացման համար, և անհրաժեշտ գույք ստանալու հնարավորությունն իրական չէ.

2)համալսարանն իր գործունեությամբ շեղվել է կանոնադրությամբ նախատեսված նպատակներից.

3)հնարավոր չէ հասնել համալսարանի նպատակներին և կատարել այդ նպատակ­ների փոփոխություններ.

4)համալսարանի գործունեությունը վտանգում է պետական և հասարակական անվտանգությունը, հասարակական կարգը, հանրության առողջությունն ու բարքերը, այլոց իրավունքներն ու ազատությունները.

5)համալսարանը թույլ է տվել օրենքի բազմակի կամ կոպիտ խախտումներ կամ պարբերաբար իրականացրել է իր կանոնադրական նպատակներին հակասող գործու­նեություն.

6)համալսարանն ստեղծելիս հիմնադիրը թույլ է տվել օրենքի էական խախտումներ կամ կեղծիքներ։

150.Համալսարանը կարող է լուծարվել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում։

151.Համալսարանը լուծարվում է օրենքով սահմանված կարգով։

152.Պարտատերերի պահանջների բավարարումից հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին համալսարանը պարտատերերի նկատմամբ չունի պարտավորություններ, գույքն ուղղվում է համալսարանի կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ